Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹ

Ապրիլ 16,2002 00:00

ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹ «Հայկական գրադարանային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Ազգային գրադարանային շաբաթ, որի մասին որոշումն ընդունվել է 2001թ. Հարավկովկասյան երկրների գրադարանային եւ տեղեկատվական մասնագետների՝ Թբիլիսիում կայացած գիտաժողովի ընթացքում։ Ինչպես նշեց «Հայկական գրադարանային միության» վարչության նախագահ, ծրագրի ղեկավար Ներսես Հայրապետյանը, Ազգային գրադարանային շաբաթվա հիմնական նպատակն է բարձրացնել գրադարանների դերը՝ իբրեւ մշակույթի, կրթության եւ գրատեղեկատվական կենտրոններ, քաջալերել երկխոսությունը պետական եւ տեղական իշխանության մարմինների, կրթական, մշակութային կազմակերպությունների, հասարակության լայն խավերի եւ գրադարանների միջեւ եւ, որ ամենակարեւորն է՝ քարոզել գիրքն ու ընթերցանությունը։ «Հայկական գրադարանային միությունն» առաջարկում է ապրիլի 17-ին միանալ «Ընտանեկան ընթերցանության երեկոյի» ծրագրին եւ երեկոյան երեխաների համար ընթերցել որեւէ հեքիաթ, պատմվածք կամ ոտանավոր։ Ընթերցանության երեկոյի նպատակը գրքի շուրջ ընտանիքը համախմբելը եւ սերունդներին շաղկապելն է։ Ծրագրի ղեկավարը պնդում է, որ ընտանիքների համախմբումը նաեւ ազգի համախմբում է։ Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում «Հայկական գրադարանային միությունը» տպագրել է գրադարանային պլակատներ, մշակել եւ ձեւավորել է Ազգային գրադարանային շաբաթվա վերաբերյալ հատուկ ինտերնետային էջ եւ տեղադրել ՀԳՄ սեփական էջի վրա։ Շաբաթվա ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ Երեւանի եւ հանրապետության մարզերի գրադարանների մասնակցությամբ, այդ թվում են՝ Հայաստանի Ազգային, Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական, հանրապետական երաժշտական, գիտա-տեխնիկական եւ գիտա-բժշկական, բուհական, դպրոցական, մարզերից՝ Նոյեմբերյանի, Սեւանի, Ապարանի, Կապանի, Եղվարդի քաղաքային եւ այլ գրադարաններ։ Ազգային գրադարանային շաբաթվա բացումը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 15-ին, Հայաստանի Ազգային գրադարանում։ Շաբաթվա ընթացքում կկայանան գրքային ցուցահանդեսներ, գրքերի քննարկումներ, գրողների, արվեստագետների, պատգամավորների հետ հանդիպումներ, սեմինարներ, թատերականացված հանդիսություններ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ եւ այլ միջոցառումներ։ «Հայկական գրադարանային միությունը» ծրագրում է Ազգային գրադարանային շաբաթ կազմակերպել ամեն տարի։ ԼԻԼԻԹ ԱՍԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել