Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Կանխատեսում է Վարդան Սեդրակյանը

Մայիս 01,2002 00:00

Ի՞ՆՉ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Կանխատեսում է Վարդան Սեդրակյանը -Ըստ Քեզ, ի՞նչ զարգացումներ են սպասվում առաջիկայում, առավել եւս, որ տարին նախընտրական է: Որո՞նք են Քո կանխատեսումները: – Կանխատեսումները կապված շատ մոտ ապագայի հետ որքան հետաքրքիր, նույնքան էլ, մի փոքր, տհաճ են: Առաջին կանխատեսումն այն է, որ շատ մոտ ապագայում Հայաստանը կցնցվի մի նոր սպանությամբ: Պաշտոնապես դա կգրանցվի որպես ինքնասպանություն: – Հերթական «ինքնասպանությո՞ւն»: – «Հոկտեմբերի 27»-ն ինքնասպանություն չէր: Շատ մոտ ապագայում, սեփական աշխատասենյակում կգնդակահարվի ՀՀ պաշտպանության նախարարը: – Դու սիրում ես էպոսից մեջբերումներ անել: Ո՞րն է էպոսի այն հատվածը, որը թույլ է տալիս Քեզ նման կանխատեսում անել: – Խոսքն այնպիսի մարդու է վերաբերում, որի մասին խոսելիս էպոսից զուգահեռներ տանելը բավական մեծ պատիվ կլինի նրա համար: Ես այդ կանխատեսումը կարող եմ բացատրել հետեւյալ կերպ: ՊՆ ներկայիս նախարարն իր էությամբ ռոմանտիկ է, որոնք, որպես կանոն, հասնելով իրենց գագաթնակետին՝ կյանքն ավարտում են կամ հոգեբուժարանում, կամ՝ ինքնասպանությամբ: Ես չէի ասի, թե ինքնասպանությունը չակերտավոր է: Դա շատ ռեալ է: Ես պարզ տեսնում եմ Ս.Սարգսյանին իր բազկաթոռի մեջ գնդակահարված, նույնիսկ ատրճանակի փողից ծուխ է դուրս գալիս: Եվ դա կանխատեսում չէ, այլ՝ իրական պատկեր: – Այդպիսի զարգացումների համար, կարծում ես, կա՞ն օբյեկտիվ պատճառներ: – Մենք օբյեկտիվ քննություն երբեք չենք կարող անել՝ այն պատճառով, որ չգիտենք, թե նա, ընդհանրապես, ի՞նչ քայլեր է անում: Ընդհանրապես ոչ մի քննություն անել պետք չէ եւ ինչ-որ կերպ դա հիմնավորելը կամ բացատրելն անիմաստ է: – Մեր զրույցներից մեկի ժամանակ այլ սցենար էիր կանխատեսել. ասում էիր, թե Սերժ Սարգսյանը ԱՄՆ կատարած այցից հետո նույն պրոբլեմներն ունի, ինչ Վազգեն Սարգսյանը: Ասում էիր նաեւ, թե Ս.Սարգսյանին իր աշխատասենյակում սպանելու են գեներալները: Հիմա ի՞նչը փոխվեց: – Կարճ կարող եմ ասել՝ մարդիկ, որոնց թվարկեցիք, թող իրենք իրենց մեռելներին թաղեն: Այսօր մեր ազգի առաջ շատ ավելի հիմնավոր հարցեր կան: Անձամբ ինձ՝ որպես հայ մարդու, որի նախասիրությունը արիական ժողովուրդների հերոսական էպոսն է, մեռելների երեկվա, այսօրվա օրը շատ քիչ է հետաքրքրում: Այդ ընկերներին ասպարեզից հեռացնելը մի մեծ, գլոբալ ծրագրի առաջին քայլն է: – Ի՞նչ ծրագիր: – Սպանվել է Դավիթը /հայ ժողովուրդ/: Սպանվել է Ձենով Հովանի /օրենսդիր մարմին/, Վերգոյի /գործադիր մարմին/, Թորոսի /պաշտպանական համակարգ/ լուռ համաձայնությամբ, գոնե համաձայնությամբ: Սպանվել է «27»-ին: Հիմա ուրիշ խնդիր կա: Էպոսի Փոքր Մհերի ճյուղը սկսվում է հետեւյալ տողերով՝ Քեռի Թորոսը գնաց Ձենով Հովանի մոտ եւ ասաց՝ գնանք Փոքր Մհերին /հայ ժողովուրդ/ բերենք, որովհետեւ գալու է Չմշկիկ Սուլթանը /արտաքին թշնամի/՝ մեր երկիրն ավերի: Ի դեպ, Փոքր Մհերին բերելու նախաձեռնությունը Քեռի Թորոս համակարգինն է, որը հրաշալի հասկանում է, որ եթե Չմշկիկ Սուլթանը մտավ Հայաստան՝ նրա դեմ ոչ ոք չի կարող կանգնել՝ ոչ Վազգեն Մանուկյանը, ոչ Արամ Զ.Սարգսյանը, ոչ Արամ Սարգսյանը: Իսկ Քոռի Թորոսն այնքան էլ հիմար չէ, որ նման սխալ թույլ տա: – Այո, բայց այսօր Հայաստանը, նաեւ նրա պաշտպանական համակարգն արդեն համագործակցում է արեւմտյան կազմակերպությունների, ՆԱՏՕ-ի հետ: – Քեռի Թորոս համակարգի մեջ մտնում են բանակը, ՆԳՆ-ն, սահմանապահ զորքերն եւ ամենագլխավորը՝ ԱԱՆ-ն: Իսկ ոչ հոգեկան, առողջ մարդն այսօր չի պնդի, թե ԱԱՆ-ն հակված է կատարել ՆԱՏՕ-ի թելադրանքը: Իսկ եթե ՊՆ-ում կան գերհարստացած պարկետային գեներալներ, որոնց համար միեւնույն է՝ ում հրամանը կկատարեն, չի նշանակում, թե նրանք ներկայացնում են պաշտպանական ամբողջ համակարգի տեսակետները: Այդպիսի բեռից ազատվելը ազգային անվտանգության համար տեխնիկայի հարց է: – Բայց որոշումներ ընդունողները ոչ թե գեներալներն են, այլ՝ պաշտպանության նախարարը, ՀՀ նախագահը: – Իրենց կաբինետներում որոշողներն իրենք են, բայց ազգի ճակատագրի հարցերը որոշվում են տիեզերքում: Դոգմա կա՝ մարդը մահկանացու է եւ չգիտե, թե մեկ ժամ հետո իր հետ ինչ է լինելու: Մարդիկ միայն իրականացնողներ են, իսկ վատ իրականացնողները ժամանակից շուտ հրաժեշտ են տալիս բարձրագույն խմբին: – Բայց իրականացնողները պետք է լինե՞ն: – Ես տեխնիկական կրթություն ունեմ՝ ճարտարապետ-շինարար եմ: Ֆիզիկան մոտ մեկ տարի պարապել եմ Յուրի Բախշյանի մոտ: Աշխարհը կառավարելը եւս ճշգրիտ գիտություն է, որտեղ այսպիսի բան կա՝ եթե կա խնդիր՝ այն անպայման լուծում ունի: Եթե կա լուծումը, ապա միանշանակ, հաստատ կա դրա լուծողը: Դա Աստծո ծրագիրն է: Աստված չէր կարող ստեղծել խնդիր, որը հնարավոր չլիներ մարդու ձեռքով լուծել: Եթե այսօր գոնե տեսանելի քաղաքական դաշտում չկա խնդիրը լուծողը՝ չի նշանակում, որ հայ ազգը չունի խնդիր լուծողը: Այն, ինչ անհրաժեշտ է ազգի վաղվա օրվա համար, հավատացեք, որ կան ուժեր, նկատի ունեմ տիեզերքը, որ կանեն: Այն՝ ինչ կատարվելու է, ընդամենը մի գլոբալ ծրագրի առաջին քայլն է լինելու: Եթե Քեռի Թորոսը Փոքր Մհերին բերելու խնդիր ունի, նա նախ ինքը պետք է մաքրվի: Եթե պաշտպանության նախարարին նման ապագա է սպասվում, ուրեմն ուժային համակարգն ինքը ներսում խմորումներ ունի եւ մաքրվելու պահանջ ունի: – Դու, որպես կանոն, համարձակ ու հավակնոտ հայտարարություններ ես անում: Քեզ չե՞ն անհանգստացնում: – 98-ից սկսած յուրաքանչյուր հրապարակումից հետո եղել են հրավերներ, 8-10 ժամանոց զրույցներ՝ ե՛ւ ԱԱՆ, ե՛ւ ՆԳՆ, ե՛ւ դատախազություն: Հանդիպումները եղել են զուտ ճանաչողական նպատակով: – Ասածներդ լո՞ւրջ չեն ընդունում, թե՞… – Եթե հրավիրում են, փաստ է, որ ընդունում են լուրջ: Թե դրանից հետո ի՞նչ որոշումներ են կայացնում՝ ինձ անձամբ չեն հայտնում, ինձ նեղություն չեն տալիս, չեն հետեւում, իմ հեռախոսը չի լսվում: Թե ուժային կառույցներն ի՞նչ որոշումներ են կայացնում՝ իրենց խնդիրն է: Ես չեմ հարցրել: Եղել է հակառակը: Բազում անգամներ, երբ ազգային անվտանգությունն ու ՆԳ-ն դիմել է ինձ՝ իմ կարծիքով ի՞նչ է պետք անել այսօր, ես մերժել եմ որեւէ բան ասել: Ասել եմ միայն, որ քանի դեռ այդ մարդիկ այդտեղ նստած են՝ մոռացեք իմ գոյության մասին: Առաջինը համակարգն ինքը պետք է մաքրվի: Հակառակ դեպքում՝ ցանկացած պայծառ ու ջինջ գաղափար, ի վերջո, խեղաթյուրվելու եւ ծառայելու է նույն այս համակարգին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Բացառված չէ, որ այս ամենը պարզապես հիվանդ երեւակայության արգասիք է: Բայց, եթե հիշյալ կանխատեսումներում կա ճշմարտության գոնե մեկ տոկոսանոց հատիկ, ապա, կարծում ենք, իրավասու մարմինները պետք է զբաղվեն դրանցով ամենայն լրջությամբ: Որքան էլ քննադատական լինի մեր վերաբերմունքը երկրի առաջին դեմքերի նկատմամբ, վստահ ենք, որ նրանց անվտանգության ապահովումը պետք է լինի պետության կարեւորագույն խնդիրներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել