Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնիք է, չեմ ասի»

Հունիս 18,2002 00:00

«Գաղտնիք է, չեմ ասի» Այսօր տեղեկատվություն ստանալը մի շարք գերատեսչություններից՝ հիշեցնում է մուկ ու կատվի խաղը։ Նամանավանդ, եթե տվյալ գերատեսչությունը զինվորական բնույթ ունի։ Շատ հեշտությամբ ինֆորմացիա հավաքող լրագրողին, թե հասարակ քաղաքացուն անորոշության մեջ կգցեն մեծ ժողովրդականություն վայելող «ժամանակ չունեմ», «զբաղված եմ», «պետական գաղտնիք է» պատճառաբանություններով։ Սրանցից վերջինին «մոտիկից» ծանոթացանք, երբ փորձեցինք ինֆորմացիա ստանալ զորակոչի մասին Կենտրոնական զինվորական կոմիսարիատից։ Այդտեղ խորհուրդ տվեցին դիմել ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, որին դիմել էինք նախապես։ Մեզ հետաքրքրում էր 2001 թվականի ընթացքում (գարնանային եւ աշնանային զորակոչերը միասին) ժամկետային զինծառայության ենթակա քաղաքացիների քանի՞ տոկոսն է բանակ զորակոչվել եւ որքա՞ն է զորակոչից խուսափողների տոկոսը։ Կենտրոնական զինկոմիսարիատում «հանդիպման շտապող» գնդապետը մեր պահանջից շատ զարմացավ՝ այն համարելով զինվորական գաղտնիք եւ մի բան էլ զայրացավ, որ նման երիտասարդ աղջկան ուղարկել են այդտեղ։ Վերջում էլ իմիջիայլոց նշեց, որ դիմեն «Հայ զինվոր» թերթին, քանի որ միայն այդ թերթը կարող է հրապարակել նման ինֆորմացիա։ Այսինքն այդ ինֆորմացիան «գաղտնիք» է մի քանի պարբերականների համար։ Անշուշտ՝ դիմեցինք «Հայ զինվորին»։ Խմբագիրը պատասխանեց, որ իրենց նման ինֆորմացիա չեն տալիս։ Փորձեցինք Հետաքննող լրագրողների ընկերակցության ինֆորմացիայի ազատության կենտրոնի միջոցով՝ դիմումով խնդրել նույն տեղեկությունները։ Սակայն, «ուսումնասիրելով» խնդրանքը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանը պատասխանեց, որ պահանջվող տեղեկությունները իրոք համարվում են պետական գաղտնիք՝ ըստ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության եւ 9-րդ հոդվածի 1-ին կետի։ Մինչդեռ վերոհիշյալ 2-րդ կետում ընդհանրապես չի խոսվում զորակոչի մասին, իսկ 9-րդ հոդվածի 1-ին կետում խոսքը զորահավաքային ծավալման մասին է։ Այնինչ մեր պահանջած տեղեկությունը զինակոչի մասին է։ Ի դեպ, հարկ է նշել, որ պահանջվում էր ոչ թե թվային կոնկրետ տվյալներ (ինչը իրոք կարող էր որպես գաղտնիք ընդունվել), այլ տոկոսային հարաբերությամբ, ինչը արդեն հրապարակվել էր մամուլում։ Այսպիսով, մինչ Ազգային ժողովը որոշի ընդունել կամ չընդունել «Մամուլի եւ ԶԼՄ այլ միջոցների մասին» ՀՀ օրենքը, առանձին գերատեսչություններ արդեն իսկ իրականացնում են այդ սահմանափակումները։ ԱՆԻ ԴՈՒԶԴԱԲԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930