Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացեք փաստաբաններից

Սեպտեմբեր 13,2002 00:00

Զգուշացեք փաստաբաններից Փաստաբանների միջազգային միությունը երեկ հրավիրած կլոր սեղանի քննարկման նյութ էր դարձրել գլխավորապես աստաբանների նկատմամբ տեղի ունեցած իրավախախտումները։ Անդրադառնալով արտաքին գործոնների ազդեցությանը, փաստաբան Տիգրան Ջանոյանը ուշադրություն հրավիրեց քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից «ալտերնատիվ կոնսուլտացիաներին», փաստաբանների իմիջին հասցված ոտնձգություններին։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը բերեց կոնկրետ օրինակներ՝ փաստաբանական գործունեությունը խոչընդոտող գործողությունների։ Նա ասաց, որ բոլոր խախտումները պետք է արձագանք գտնեն, անդրադարձավ Նուբարաշեն- Էրեբունի համայնքների առաջին ատյանի դատավոր Ա. Պետրոսյանի նախագահությամբ քննվող մի գործի, երբ առաջին նիստը հրավիրվել է անցյալ տարվա սեպտեմբերին։ «Կարո՞ղ է ամբաստանյալը դիմել Եվրոպական դատարան, քննե՞լ է դատավորը ողջամիտ ժամկետում», հարցնում էր նա։ Նա գտնում էր, որ կարգապահական վարույթ պետք է իրականացվի այն դատավորների նկատմամբ, որոնք խոչընդոտում են փաստաբանին։ Բերվեց նաեւ Կենտրոնի դատարանի դատավոր «Գ. Կարախանյան + փաստաբան Ն. Բաղդասարյան» գործը։ Այս գործի դատաքննությունը սկսվել է անցյալ դարի փետրվարից։ Մեղադրականը դեռ չի ընթերցվել, գործը շրջիկի կարգավիճակով պտտվում է առաջին ատյանի դատարաններում։ Բերվեց նաեւ «դուխով» դատավորներից մեկի՝ Նոր Նորք համայնքի առաջին ատյանի (Մարտին Կարապետյանի) օրինակը, որից, գտնում էր փաստաբան Ռ. Սահակյանը, պետք է «դուխը» հետ վերցնել։ Փաստաբանները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է, որ ստեղծված վիճակի համար պատասխանատու են իրավական քաղաքականությունն ու արդարությունը կառավարող բոլոր նրանք, ովքեր քաջատեղյակ են փաստաբանի դերն ու հեղինակությունը նսեմացնող դրսեւորումներին։ Ի դեպ, հրավիրված էին «նսեմացնող» կառույցներից դատախազության, քննչական գլխավոր վարչությունից, դատարաններից պատասխանատուներ։ Նրանք լայեղ չէին արել ներկա գտնվել վերոնշյալ դրսեւորումների «ստուգատեսին»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. «Առավոտի» առաջիկա համարներից մեկում կանդրադառնանք որոշակի օրինակներով այս տարի փաստաբանների դեմ իրականացրած իրավախախտումներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել