Լրահոս
Օրվա լրահոսը

Ամռանն՝ աշխատանք, ձմռանը՝ հանգիստ

Սեպտեմբեր 13,2002 00:00

Ամռանն՝ աշխատանք, ձմռանը՝ հանգիստ Աշխատավարձի երկարատեւ ուշացումները, նախկինում կուտակված պարտքերի չվճարումներն ու աշխատատեղերի կրճատումները մեր երկրում քրոնիկ բնույթ են կրում։ Չնայած հանրապետության նախագահն անցյալ տարի խոստացավ ապահովել 40 հազար աշխատատեղ եւ արդեն նոյեմբերին ասաց, թե այդքան եւ նույնիսկ ավելի մարդ աշխատանք է ստացել, սակայն, դատելով պարբերաբար «Առավոտին» հղված դիմում-բողոքներից, գործազուրկների թիվը չի պակասել։ Քանի որ այդ ժամանակահատվածում տարբեր բնագավառների սեփականաշնորհումների, օպտիմալացումների, լուծարումների հետեւանքով ավելի շատ մարդ է աշխատանքից ազատվել ու կրճատվել, անժամկետ արձակուրդի ուղարկվել։ Գրեթե նման հիմնախնդիրներով լի մի նամակ էր Չարենցավանի հաստոցաշինական գործարանի մի խումբ բանվորներից օրերս «Առավոտին» հասցեագրվածը։ Դրանում վերջիններս տնօրենի գործունեությունից բողոքելուց բացի, նաեւ դժգոհում էին գործարանում ընթացող կրճատումներից. «Գործարանի նորանշանակ տնօրենն իր աշխատանքը սկսեց նախորդ տարվա աշխատավարձը չվճարելուց, այնինչ, ըստ ֆինանսների նախարարի հայտարարության, բոլոր բյուջետային պարտքերը մարվել են։ Արձակուրդներ չի տալիս, հարկադիր պարապուրդի է ուղարկում»։ Խնդիրը լուսաբանելու համար «Առավոտը» եղավ Չարենցավանի հաստոցաշինականում եւ գործարանի տնօրեն Աշոտ Բաղդասարյանի հետ ունեցած զրույցից հետո այցելեց արտադրամասեր՝ բանվորների հետ զրուցելու նպատակով (ի դեպ, առանց տնօրենի եւ արտադրամասերի պետերի)։ Այն, որ երբեմնի արդյունաբերության առաջատարներից համարվող հաստոցաշինական գործարանում մոտավորապես 3000 աշխատողներից այսօր 380-ն է աշխատում, տնօրեն Ա. Բաղդասարյանը միանգամայն տրամաբանական համարեց. «Խորհրդային տարիներին այս գործարանում 3000 մարդ է աշխատել եւ արտադրվել 500 հաստոց։ Այսօր հաստոցային արտադրություն գրեթե չկա, քանի որ չկա նաեւ դրա շուկան։ Եվ եթե մեր գործարանն այժմ ունի 240 մլն ընդգրկման ծավալ, իսկ դրա համար պետք է աշխատի, ասենք, 300 մարդ, ես ինչպե՞ս կարող եմ 600-ի աշխատեցնել։ Տնտեսական ճիշտ քաղաքականություն չի լինի»։ Իսկ ինչ վերաբերում է աշխատողներին հասանելիք հանգստին, գործարանի տնօրենն այսպես մեկնաբանեց. «Քանի որ Չարենցավանում ոչ մի կաթսայատուն չի գործում, հետեւաբար գործարանի ջեռուցման համակարգն «աշխատեցնելը» բավականին ծախսատար է եւ գործարանի տնօրինությունը նպատակահարմար է գտնում ամռան շրջանում աշխատեն, իսկ ձմռանը՝ հանգստանան»։ Ըստ տեղեկությունների, Չարենցավանի հաստոցաշինական գործարանից շատերն են տեղափոխվել Երեւանի «Ալմաստ» գործարան, սակայն գործարանում մնացած բանվորների հետ մեր ունեցած զրույցի ընթացքում առանձնապես դժգոհություններ չեղան։ Բանվորներին մտահոգող հարցը աշխատավարձը ժամանակին ստանալն է, նաեւ՝ նախորդ տարիների պարտքերը, որոնք էլ, նրանց հավաստմամբ, տնօրինությունը «աստիճանաբար մարում է»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել