Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԺՎԱՐ Է ԸՆԿԱԼԵԼ

Սեպտեմբեր 26,2002 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԺՎԱՐ Է ԸՆԿԱԼԵԼ ՀՀ նախագահի վերջերս ծնված մշակութասիրության դրսեւորման հերթական վայրը Նկարիչների միությունն էր։ Երկրի ղեկավարը ամենայն ուշադրությամբ ուսումնասիրեց Հայաստանում ստեղծագործող միության անդամների գործերը, քանի որ Հայաստանից հեռացած նկարիչներին արժանի չէին համարել այստեղ ցուցադրել։ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի կարծիքով, նախագահի այցելության առիթը ընդամենը միության 70-ամյակն է. «Ռ. Քոչարյանը նախագահ լինելուց զատ, նաեւ քաղաքացի է եւ արվեստասեր անձնավորություն, ուստի իրավունք ունի տեսնելու, թե ինչ է կատարվում այս ասպարեզում»։ Նախագահը, սակայն, որեւէ կարծիք չհայտնեց ցուցահանդեսի վերաբերյալ, փոխարենը խոսեց վերջին շրջանում աղմուկ բարձրացրած հայտնի քանդակի մասին։ Պարզվեց, պրն Քոչարյանը Առնո Բաբաջանյանի «հուշարձանին» նայելիս երկու զգացողություն է ունեցել. իբրեւ ջազմենի, դաշնակահարի կամ երաժշտի քանդակ դիտելիս նախագահը խիստ հետաքրքիր լուծումներ է գտել նրա մեջ, իսկ երբ փորձել է քանդակը կապել Առնո Բաբաջանյան մեծ կոմպոզիտորի ու մարդու հետ՝ նախնական հիացական տպավորությունը փոխվել է։ «Ես դժվար եմ սկսել ընկալել արձանը ու այդ բանի վրա դեռ մնացել եմ»,- տարակուսանքով ասաց նա։ Հետո էլ ավելացրեց, որ նախագահը չպետք է որոշի, թե որ արձանը որտեղ պետք է դրվի կամ որքանով է այն լավը, մանավանդ որ, «կենտկոմի նման դերակատարությունից վաղուց հեռացել ենք»։ Ինչ վերաբերում է Նկարիչների միության նախագահին, ապա նա էլ հայտարարեց, թե արձանը դիտել է թռուցիկ՝ մեքենայի պատուհանից։ Կ. Աղամյանը փորձեց մխիթարել, որ Առնո Բաբաջանյանի արձանը Հայաստանում տեղադրվածներից վատագույնը չէ, կան ավելի վատ աշխատանքներ, որոնք աչքից հեռու են ու չեն նկատվում։ Նա երազեց գեղխորհրդի լավ ժամանակները, երբ ամեն ինչ նրա գիտությամբ ու թույլտվությամբ էր կատարվում։ Ըստ Կ. Աղամյանի, հիմա թեեւ գործում է գեղխորհուրդը, սակայն նրան չեն ճանաչում ոչ նախարարությունը, ոչ էլ քաղաքի տերերն ու առանց վերջինիս լուրջ քննարկման ու որոշման, արձաններ են տեղադրում իրենց ցանկացած տեղում։ «Վերջապես ե՞րբ պետք է կարգուկանոն եւ օրենք լինի»,- հռետորական հարց հնչեցրեց Նկարիչների միության նախագահը։ Չնայած եղած խնդիրներին ու հոգսերին, պարոն Աղամյանը որոշեց, որ այդ հարցերով չի դիմելու նախագահին, քանի որ «նախագահի այցը ցուցահանդես՝ իրենց հոգսերի մասին պատմելու համար չէ, այն առիթ է, որ երկրի ղեկավարը շփվի կերպարվեստի հետ»։ Մշակույթի հետ նախագահի շփումն, իհարկե, կայացավ, այն էլ՝ դասական երաժշտության հնչյունների ներքո։ Ափսոս միայն, որ նախագահը չցանկացավ ցուցահանդեսի վերաբերյալ իր տպավորությունները կիսել լրագրողների հետ։ Իսկ ցուցահանդեսում ներկայացված էր Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի նկարիչների շուրջ 400 ստեղծագործություն։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել