Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՅՈՒՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 12,2002 00:00

ԿԱՅՈՒՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ Տոնավաճառներում հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրման մասին բարձր ատյաններում արդեն 2 տարի է՝ ոչինչ չի խոսվում։ Կարծիք կա, որ այդ լռությունը կշարունակվի մինչեւ եկող ամառ՝ ընտրությունների ավարտը։ «Լավ է»՝ հավանաբար մտածում են տաղավարների վարձակալները եւ տոնավաճառների տերերը։ Կան նաեւ օրինագծի կիրառմանն անհամբեր սպասողներ՝ դրամարկղեր ներկրած ընկերությունները։ «Տելետեկ-Մ»-ն դրանցից մեկն է։ Վերջերս կազմակերպված արդյունաբերական ցուցահանդեսներից մեկում ընկերության բուլղարացի նախագահ Մարին Խարալամպիեւը չթաքցրեց դժգոհությունը՝ կապված կրած կորուստների հետ։ «1999-ին, երբ ընդունվեց հաշվիչ դրամարկղերի կիրառման մասին օրինագիծն ու համապատասխան որոշումներ, մենք հայտագրեցինք մի քանի մոդել, կնքեցինք պայմանագիր բուլղարական «Պրոիզվոդիտել» գործարանի հետ եւ ներկրեցինք մեծ քանակով դրամարկղեր։ Այն նախարարությունից, որը պիտի զբաղվեր հաշվիչներով, մենք եւ մյուս նմանատիպ ընկերությունները ինֆորմացիա ստացանք, որ անհրաժեշտ է 12 հազար հատ, եւ մեծ ակնկալիքներով ներկրեցինք»,- պատմեց պարոն Խարալամպիեւը։ Հիշյալ քանակը նախատեսված էր տոնավաճառներում տեղադրման համար, սակայն հետագա միտինգային ընդվզումներն արգելակեցին գործընթացը եւ հաշվիչները մնացին պահեստներում։ «Հիմա այդ սարքերը չենք կարող հետ տանել, քանի որ տրանսպորտային ծախսերն են մեծ, նաեւ այդ ապրանքը արտերկրում կհամարվի ներմուծված եւ դրան կավելանան մաքսազերծման ծախսերը, իսկ այդկերպ կորուստներն են մեծանում»,- պարզաբանեց Մ. Խարալամպիեւը, ավելացնելով, որ ավելի լավ է՝ սպասեն։ Սպասումն էլ, իր հերթին, օրեցօր մեծացնում է ներդրված գումարի տոկոսները։ «Ոչ մի ֆիրմա սեփական գումարով չի գնել դրանք, մի մասը ձեռք են բերել ապառիկ եւ հիմա ժամանակը լրացել է, մի մասն էլ՝ պարտքով վերցրած գումարով, որի վրա տոկոսներ են գալիս։ Վաղուց պետք է մարված լինեին այդ պարտք ու պահանջները, բայց՝ ինչո՞վ, եթե հիմա անգամ խանութներում տեղադրվածների սպասարկման վարձը չեն տալիս»։ Միայն իր ընկերության կրած կորուստը բուլղարացի գործարարը գնահատեց տասնյակ հազարավոր դոլարներ, մնացած 5-6 ընկերություններինը՝ մի քիչ ավել կամ պակաս։ Եթե իմանային գլխներին գալիքը, պարզ է, որ չէին բերի, բայց դե «մեզ մոտ՝ Բուլղարիայում, մարմնավաճառներն անգամ հաշվառվում են եւ իրենց եկամուտները «ձեւակերպում» դրամարկղով»,- զարմանում է պարոն Մարինը, նաեւ զարմանալով, թե ինչ թեթեւությամբ է մեր կառավարությունը վերաբերվում հարկահավաքությանը։ Որ օտարերկրացին կարող է «ծանր» տանել գրված օրենք-որոշումների չկատարումը, հասկանալի է այնքան, որքան անհասկանալի է տեղացի գործարարի հավատն այդ որոշումներին։ Հերթական խաբված ու Երեւանի քաղաքապետարանի մի որոշման չկիրառման հետեւանքով «քաշված» մի գործարար այնքան էր նեղսրտել, որ հրաժարվեց անգամ տվյալներ տրամադրել մեզ՝ «ի՞նչ օգուտ, ռադիոյով ասացին, բան փոխվե՞ց» պատճառաբանությամբ։ Հարգելով գործարարի «հրաժարականի» իրավունքը, միայն նշենք, որ նա էլ ներկրել էր գերմանական թանկարժեք զուգարաններ մայրաքաղաքի կենտրոնի զբոսայգիներում եւ սրճարանների հարեւանությամբ տեղադրելու համար։ Նրա «էկոլոգիապես մաքուր» ցանկությունը բխել է Երեւանի քաղաքապետարանի անցյալ տարվա մի որոշումից, որով պարտադրվել է համայնքներին՝ հասարակական վայրերում ունենալ հասարակական զուգարաններ։ Գործարարը բերել է 10-12 զուգարան, բայց հաջողացրել է իրացնել միայն 1-2-ը, այն էլ ծայրամասերում։ Ասենք այսպես, տեղադրման տարբեր ձեւեր կան. կամ համայնքն է գնում, կամ տարածք է հատկացնում գործարարին, որ «զուգարանային բիզնես» սկսի։ «Արվարձաններում դա չի արդարացնում»,- հեռախոսազրույցով պարզաբանեց գործարարը։ Ինչեւէ, սրանք օրինակներ են՝ քաղած պատահական շփումներից։ Օրինակներ այն մասին, թե բարոյահոգեբանական վնասից բացի ինչպիսի նյութական «կրախի» կարող են հասցնել միայն «սիրունության» համար գրվող որոշումներն ու օրենքները մեր երկրում ապրող ու աշխատողին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել