Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԸ»

Հոկտեմբեր 31,2002 00:00

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԸ» Թեեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետեւանքով մեր իշխանության մեջ ավելացան նոր մականունավորներ՝ «Էշի ոտ», «Չոռնի», «Տավար», «Կիստուկ» եւ այլք, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը չի համաձայնում, որ ընդհանուր առմամբ՝ շատ է իջել մեր իշխանավորների մակարդակի նշաձողը: -Ինչպե՞ս եք բացատրում, որ չնայած տնտեսական եւ այլ ոլորտներում արձանագրված աճի մասին հայտարարություններին, դրանք որեւէ անդրադարձ չեն ունենում մարդկանց կենսամակարդակի վրա: – Շատ բնական է, որ որեւէ կառավարություն, իհարկե, ցանկանում է իր գործադրած ջանքերը ներկայացնել նաեւ հանրությանը: Սա գործադիր իշխանության հատկանիշներից մեկն է՝ հաճախ գնահատվում է ոչ թե հասարակության ստացածը, այլ՝ գործադրված ջանքերը, թեեւ դրանք կարող են անբավարար լինել հանրությանը գոհացնելու համար: Բացի այդ, երբ խոսում ենք աճի մասին՝ պետք է հիշենք, թե ինչ հիմքի վրա է արձանագրվել այն: Բարդ է եղել եւ մնում է երկրի սոցիալական կացությունը. բնակչության մի հատվածը գտնվում է աղքատության շեմից ներքեւ, եւ 9-11% աճը շեշտակի անդրադարձ չի կարող ունենալ ամբողջ հասարակության վրա: Տարիներ պետք է պահպանվեն այդ տեմպերը, որ ազդեցությունը լիակատար լինի: Տոկոսները հնարված չեն, բայց դրանց փոքր ազդեցությունը պայմանավորված է նախ այս հանգամանքով: Եվ երկրորդը, որն ամենակարեւորն է՝ եթե խոսենք տնտեսագիտական ցուցանիշների լեզվով՝ երբ աճում է համախառն ներքին արդյունքը, միշտ չէ, որ այն բաշխվում է այնպես, ինչպես պահանջում են հանրության շահերը: Բաշխման առումով՝ անարդարություն դեռեւս կա, որը հատուկ է անցումային փուլում գտնվող երկրներին: Սա նշանակում է որոշակի բեւեռացում, աղքատ շերտի նվազեցման ցածր տեմպեր: Սա լուրջ խնդիր է, եւ Ձեզ առաջարկում եմ՝ մեր ցուցանիշները քննադատելուց առաջ՝ համեմատեք մեր հարեւանների հետ: – Իսկ արդյոք այդ թվերն առավել բացատրելի՞ չեն ուղղակի նախընտրական տրամաբանությամբ՝ ցույց տալ, թե տնտեսությունն աճում է, ձեռնարկությունները վերագործարկվում են եւ այլն: – Ասացի, որ այդ տոկոսներն, իմ կարծիքով, հնարված չեն: Բայց չի կարելի մեղադրել իշխանությանը, եթե այդ 9-11% աճի ցուցանիշը փորձի օգտագործել սեփական վերընտրության համար, սա իշխանության իրավունքն է՝ իր ձեռքբերումը ներկայացնել հասարակությանը: Ընդդիմությունը կարող է քննադատել այն հանգամանքների համար, որոնք մատնանշեցի: Իսկ հասարակության խնդիրն էլ գնահատելն է՝ ինչքանով են բավարար գործադրված ջանքերը, ինչ պայմաններում է աշխատել իշխանությունը, ինչպիսի օբյեկտիվ դժվարություններ են եղել, որոնք են սխալները, արդյոք ճիշտ է ընդդիմության քննադատությունը եւ որքանով են նրանք ավելի պատրաստ՝ գրավել իշխանության տեղը: – Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ընդդիմությունը պատրաստ գրավել իշխանության տեղը: – Կարծում եմ՝ ընդդիմությունն այսօր թույլ է: Ըստ էության, հնարավոր թեկնածուների մեջ՝ պարոն Քոչարյանն անառարկելիորեն ամենաուժեղն է: – Այդ հարցին դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ փորձենք պարզել՝ զանազան տվյալներ օգտագործելով վերընտրության համար՝ իշխանությունը թյուրիմացության մեջ չի՞ գցում մարդկանց: Ասենք՝ տարփողվում է, թե վերագործարկվել են Ախթալայի կոմբինատը, Վանաձորի «Պրոմեթեյ-քիմպրոմը», եւ լռության է մատնվում, որ դրանք շատ արագ դադարում են գործել: Նման հնարքներն ընդունելի՞ են: – Նախ՝ այդպես չէ: Գիտե՞ք, որ ամենաթույլ ընդդիմությունն իսկ իր պահվածքով երբեմն թելադրում է իշխանության վարքը: Երբ ժխտողական դաժան վերաբերմունքի ես արժանանում, եւ քեզ միայն «սեւ ակնոցներով» են նայում՝ կարող ես եւ տալ համարժեք պատասխան: Երբ ընդդիմության ներկայացուցիչները բողոքում են, թե իշխանությունները հաշվի չեն նստում իրենց հետ, պետք է նշել, որ հաշվի չեն նստում այն թեւի հետ, որի հետ ուղղակի հնարավոր չէ բանակցել: Բանավեճը ենթադրում է ընդհանուր դաշտի գոյություն, միմյանց ավելի անաչառ գնահատելու պատրաստակամություն: – Հակասություն չկա՞, երբ նախ պնդում եք, թե ընդդիմությունը թույլ է, հետո էլ այնպես եք ներկայացնում, կարծես այդ ընդդիմության պատճառով իշխանությունն՝ անկյուն քշված՝ ստիպված է պաշտպանվել: – Միեւնույն է՝ մթնոլորտի վրա կարողանում են ազդել: Եթե սարկազմի են ենթարկում բացվող ցանկացած ջրագիծ, ձեռնարկություն եւ այլն՝ իշխանությունների կողմից էլ կարող է լինել համարժեք արձագանք: Երբ ժխտվում է ամեն ինչ՝ երբեմն ստիպված ես ամեն ինչ առավել լավատեսորեն ներկայացնել: Ինձ համար՝ որպես իշխանության ճամբարում գտնվող պաշտոնյայի, իհարկե, շահեկան չի Ձեր մատնանշած Վանաձորի «Քիմպրոմի» դեպքը: Իհարկե, կան շուկայի եւ զանազան այլ, նույնիսկ՝ միջազգային հարաբերություններին առնչվող խնդիրներ: Բայց այդ կարեւորագույն օբյեկտն, ի վերջո, քարուքանդ վիճակից է վերակառուցվել եւ, ըստ էության, ոչ պետական միջոցներով, արվել են խոշոր ներդրումներ: Օրինակ՝ կոմունիստները պետք է շատ գոհ լինեին, քանի որ նրանք ասում են՝ վերակառուցեք բոլոր գործարանները: Ի դեպ. «Քիմպրոմն» այժմ շատ ավելի բարձր արժեք եւ գրավչություն ունի, քան ուներ: Իրական հնարավորություններ կան արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար, եւ այդ աշխատանքը կատարվում է: – Իմիջիայլոց համաձայն եմ Ձեր այն գնահատականին, որ ընդդիմությունը թույլ է: Բայց նաեւ հարկ է մատնանշել պատճառները. այնպիսի կուսակցություններ, ինչպիսին ԱԺՄ-ն, Կոմկուսը, ՀԺԿ-ն են՝ թուլացվել ու մասնատվել են՝ ոչ առանց վերին միջամտության: Իշխանությունը կարծես դարձյա՞լ է կիրառում «բաժանիր, որ տիրես» մոտեցումը: – Իսկ ընդդիմության կողմից չկա՞ն փորձեր իշխանական թեւում երկպառակություններ հրահրելու, լուրեր տարածելու, թե այսինչ նախարարի հարաբերությունները նախագահի հետ վատ են եւ այլն: Քաղաքական «պատերազմի» օրենքներն են՝ յուրաքանչյուրը փորձում է ազդել իր հակառակորդի թույլ կողմերի վրա, գտնել ինչ-որ ճեղքեր, ավելի մեծացնել դրանք: Բայց եթե կուսակցությունն ինքնին ամուր է՝ այդքան ենթակա չպիտի լինի արտաքին ազդեցությունների: – Իսկ ինչո՞ւ է իշխանությունը պատերազմում ընդդիմության դեմ: – Նախ. ընդդիմությունն է սկսել այդ պատերազմը: Բնականոն է, որ բանավիճում են: Իմ վերաբերյալ, օրինակ, կարող եմ ասել, որ եթե մի ոլորտով զբաղվում եմ՝ դրա քննադատությունը, եթե վայրահաչոց չի, միայն առաջին օրն է ինձ վրա վատ ազդում: Հաջորդ օրը փորձում եմ սառը դատել եւ, որպես կանոն, օգուտ եմ քաղում դրանից: Ասենք՝ «Լինսի» ծրագրերի վերաբերյալ ինչ քննադատական հոդված եղել է՝ ես օգտագործել եմ հօգուտ գործի: – Որքան հիշում եմ, «Լինսի» ծրագրերի առնչությամբ գերազանցապես դրական հրապարակումներ են եղել, եւ դիտողությունները եղել են միայն այս բնույթի, թե չարժեր բոլոր թանգարանները միաժամանակ նորոգել կամ քաղաքի բոլոր փողոցները քարուքանդ անել՝ կարելի էր մաս առ մաս իրականացնել այդ աշխատանքները: – Պարզվում է՝ չէր կարելի: Ճիշտ կլիներ, եթե հերթականություն սահմանեինք եւ 5 տարվա գործն անեինք 5 տարում: Բայց մեզ փողը տրված է շատ կարճ ժամանակով. եթե չօգտագործենք մինչեւ 2003-ի նոյեմբերի 1-ը՝ կկորցնենք: – Երբ պնդում եք, թե հնարավոր թեկնածուների մեջ ամենաուժեղը Քոչարյանն է, վստա՞հ եք, որ Ձեզ հայտնի են բոլոր հնարավորները: – Կարծում եմ՝ այո: – Սակայն «16»-ի միավորումը խոստանում է թեկնածուի առումով նոյեմբերի վերջին մատուցել անակնկալ: – Կարծում եմ՝ ընդդիմադիր կուսակցություններն այդպիսի մե՜ծ անակնկալ չեն կարող մատուցել: Ամեն ինչ հայտնի է: Չի կարող քաղաքական գործընթացների ընդերքից շատ անսպասելի մի բան ծնվել: – Եվ վստահ եք, որ, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Արմեն Սարգսյանը ուժեղ թեկնածուներ չե՞ն եւ չե՞ն կարող հաջողություն ունենալ նախագահական ընտրություններում: – Յուրաքանչյուրի վերաբերյալ հստակ գնահատականներ ունեմ, բայց չեմ ցանկանում ներքաշվել նման քննարկումների մեջ: Ես շարունակում եմ պնդել, որ ամենաուժեղ թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: Եվ կողմնակից եմ, որ նախընտրական բանավեճերն ընթանան, որքան հնարավոր է, դրական մթնոլորտում, եւ յուրաքանչյուրն իր դրական կողմերը փորձի դարձնել մրցակցության փաստարկ: Մանավանդ որ, իմ կարծիքով՝ ընտրությունների ավարտից հետո հակամարտությունը պակասելու է, եւ նույնիսկ ընդդիմության շարքերում գտնվող այն ուժերը, որոնք պատրաստակամություն կունենան մասնակցել կառավարմանը՝ կարող են մասնակցել: Չարժե անխնա պայքար տանել ու այրել բոլոր կամուրջները: – Ամենակառուցողական բանավեճը գործող նախագահի պարագայում այն կլինի, եթե քննվի՝ որքանով է նա կատարել այն ծրագրերը, որոնցով եկել է իշխանության: – Ճիշտ է: – Ըստ որոշ գնահատումների՝ Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական ծրագրի մեծ մասը չի կատարել: – Ես կարդացել եմ բարձր պաշտոններ ունեցած, այսօր քաղաքական դաշտում գտնվող մարդկանց գնահատականներ, որոնք ակնհայտորեն ծանոթ չեն Քոչարյանի ծրագրին եւ չգիտեն, թե ինչն են քննադատում: Հիմա դրա ժամանակն է՝ նախագահ Քոչարյանն ուղղակի կներկայացնի 5 տարվա արդյունքները: – Եվ կփորձի համոզել, որ ինքն ավանդները վերադարձնելու մեխանիզմներ է մշակել, իրականացրել սահմանադրական փոփոխություններ եւ այլն: – Չեմ ցանկանում այդ հարցերին անդրադառնալ: Հաշվետվություն է տալու պրն Քոչարյանը՝ հասարակությանը ներկայացնելու է ձեռքբերումներն ու ձախողումները, ծագած խնդիրները եւ ապագա 5 տարիների վերաբերյալ իր նկատառումները: Սպասենք, եւ բանավեճը կլինի ավելի առարկայական: – Քոչարյանի հետ կապված հույսերը եւ ակնկալիքները չարդարացնելու վերաբերյալ մեղադրանքներն, ի դեպ, առավելապես ուղղում են այն մարդիկ, որոնք 1998-ի ընտրություններին նրա կողքին էին: Ձեր բացատրությամբ, ինչո՞ւ նրանք հայտնվեցին հակառակ ճամբարում: – Իսկ քանի՞ ամիս հետո նրանք սկսեցին հասկանալ, որ սխալվել են: Եվ եթե որեւէ մեկն ընդամենը մի քանի ամիս անց է հասկացել, որ ինքը սխալվել է՝ դա համարում եք քաղաքական վերաբերմո՞ւնք: – Հոկտեմբերի 20-ի ընտրությունները ցույց տվեցին, որ նոր մեխանիզմներ են գործի դրվել՝ ուժային միջամտությունը հասցված է գրեթե զրոյի, փոխարենը՝ կիրառվում են «Ընտրական օրենսգրքով» արգելված այլ հնարքներ. ավտոբուսներով ընտրողներ են բերում, ընտրարշավը վերածվել է գումարների պայքարի եւ այլն: Էլի նույն մեխանիզմնե՞րն են կիրառվելու նաեւ ապագայում: – Ճիշտն ասած, միկրոավտոբուսները գերադասելի են քվեատուփ գողանալուց կամ այլ կոպիտ մեթոդներից: Բայց ընտրված շուրջ 600 համայնքապետերի ճնշող մեծամասնությունը մարդիկ են, որոնք կընտրվեին՝ անգամ եթե այդ միկրոավտոբուսները չլինեին ընդհանրապես: Դրանք այն մարդիկ չեն, ովքեր հեղինակություն, ձայներ չունեն, բայց ընտրվել են: – Հեղինակություն՝ բառի վատ իմաստով, գուցե: Ձեզ չի՞ մտահոգում, թե իշխանության մեջ որքան են շատացել մականունավորները, համաձայն չե՞ք, որ մի քանի աստիճանով ընկել է պաշտոնավարողների մակարդակը: – Նախ՝ եթե ամբողջ պետական համակարգը դիտարկենք՝ պատգամավորներ, համայնքապետեր, կառավարություն, կդժվարանամ ասել, թե նշաձողը շատ է իջել: Երիտասարդ սերունդ է եկել իշխանության, շատ են գրագետ մարդիկ. չեմ ցանկանում, որ 10-15 հազար հոգու մասին դատապարտող մերկապարանոց հայտարարություններ անենք: Այդպես չէ: Ինչ վերաբերում է մականունավոր մարդկանց առկայությանը. այս գործընթացի սկիզբը դրվել է 1995-ին: Առաջարկում եմ նայել 1995-ի խորհրդարանի պատգամավորների ցուցակը. առաջին «ծիծեռնակներն» այնտեղ են հայտնվել: Հետո ավելի շատացան 1999-ի խորհրդարանում: Բայց ո՞վ է ձեւավորել 1999-ի ԱԺ-ն: Քոչարյա՞նը: – Իսկ 2003-ին այդ առումով ի՞նչ կլինի. ակնհայտ չէ՞, որ ավելանում է փողատերերի միտումը՝ պատգամավորական մանդատով ձեռք բերել պաշտպանվածություն: Եվ արդեն իսկ նախնական տեղեկությունները վկայում են, որ սպասվում է նման ավելի մեծ հոսք: – Իհարկե, փողը տարբեր՝ օրինական կամ անօրինական, դրսեւորումներով դեր է խաղում աշխարհի բոլոր ընտրություններում: Սա այլ թեմա է: Դժվար կլինի ակնարկված բացասական դրսեւորումների դեմն առնելը: «Շլյուզները» բացվել են ժամանակին, եւ այդ խավի քաղաքական ախորժակը բավական սրվել է: Եվ հասարակ բան չէ դրա դեմ սահմանափակումներ կիրառելը: – Իսկ փորձելո՞ւ եք կիրառել: – Եթե ընտրությունների գործընթացը լրիվ ազատ լինի, չլինի վերեւից որեւէ կարգավորում՝ փողը կշարունակի ունենալ մեծ իշխանություն: Բայց ճիշտ կհամարե՞ք, եթե որեւէ առանձնասենյակում որոշեն այն մարդկանց, ովքեր չունեն առաջադրվելու իրավունք: – Այդպես արվել է եւ այժմ էլ է կարծես արվում: Չէ՞ որ հրապարակվում են ցուցակներ, թե տվյալ ընտրատարածքում ով է հաղթելու: – Կներեք, պետության ղեկավարությունն իրավունք չունի՞ վերլուծել, գնահատել, թե ամեն տարածքում ինչ հավակնություններ կան: Եվ եթե նման վերլուծություն է արվում՝ չենք կարո՞ղ հաշվարկել ապագա խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը, որը նաեւ ապագա կառավարություն է նշանակում: Կարծում եմ՝ պետք է արվեն նման վերլուծություններ: – Եվ ի՞նչ է ցույց տալիս այդ հաշվարկը՝ ԱԺ ընտրություններից հետո սպասվում է մեծամասնությա՞ն ձեւավորած կառավարություն, թե՞… – Քաղաքական տեսակետից շահեկան կլիներ, եթե ձեւավորվեր մեծամասնություն, որի համակրանքը փետրվարի 19-ին ընտրվելիք նախագահի կողմն է: Այդ դեպքում ավելի հեշտ կլիներ օրենսդիրի հետ աշխատելը: Իսկ եթե լինի որոշակի խճանկար՝ կմեծանա բանակցությունների շրջանակը եւ կձեւավորվի կոալիցիոն կառավարություն: Մյուս կողմից էլ՝ այս պարագայում կմեծանա կառավարություն արհեստավարժ անձանց բերելու հավանականությունը: Բայց չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի փետրվարի 19-ից հետո քաղաքական պայքարի տրամաբանությունը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել