Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Համակարգչային մեքենայություններ «ԱրմենՏելում»

Նոյեմբեր 21,2002 00:00

Համակարգչային մեքենայություններ «ԱրմենՏելում» Այն մասին, թե ինչու «նոր ենք մուծել, բայց էլի պարտք ենք» Լոռու մարզում (թերեւս նաեւ՝ ողջ Հայաստանում) հազիվ թե գտնվի մի հեռախոսային բաժանորդ, որ «ԱրմենՏելի» նկատմամբ հավերժական պարտքատիրոջ կարգավիճակում չլինի։ Հակառակ դեպքում՝ նա պետք է լինի հավերժական թալանվողի կարգավիճակում։ Եթե նույնիսկ բաժանորդի հեռախոսահամարի վրա «ԱրմենՏելի» համակարգչային «դավթարներում» գրված լինի «0» պարտք, ապա «ԱրմենՏելի» հետ պայմանագրով աշխատող եւ նրա վարձերը հավաքող փոստային բաժանմունքների համակարգիչների վրա ինչ-որ գումար կլինի, քանի որ «ԱրմենՏելի» համակարգիչները, ինչպես վերջերս բացահայտեցինք, բաժանորդի մուծումների մասին շատ ուշացումով են տեղեկացնում փոստային բաժանմունքներին։ «ԱրմենՏելի» Լոռու մարզային բաժանմունքի աշխատակցի հավաստմամբ… «ԱրմենՏելի» պայմանագիրն է այդպես, ծրագիրը Երեւանից է տրված»։ Ի դեպ, աշխատակիցը նաեւ խոստովանեց, որ բանկային մասնաճյուղերի («ԱրմենՏելի» վարձերը հավաքող) համակարգիչների վրա էլ է նույն «ուշացած վիճակը»։ Փաստորեն, «ԱրմենՏելի» համակարգչի վրա բաժանորդը կարող է պարտք լինել ավելի քիչ գումար, քան, ասենք, «Հայէկոնոմբանկի» համակարգչի վրա։ Ավելին. երբեմն էլ պատահում է, որ «ԱրմենՏելի» մի համակարգչի վրա ավելի հին տվյալներ են լինում, քան՝ մեկ այլ համակարգչի վրա։ Ուշացումով տեղեկատվությունը փոխանցելու նպատակը, թերեւս, բաժանորդներին անվերջ խճճելն է գումարային հաշիվներում, որի ընթացքում հնարավոր է հավելյալ գումարների շորթում՝ «ԱրմենՏելի» օգտին, եթե բաժանորդները ժամանակ, ցանկություն ու ամուր նյարդեր չունենան՝ իրենց ներկայացվող հաշվարկների մեջ խորանալու։ Վերջերս էլ մի նորամուծություն սկսեց կիրառվել. դեռ ամիսը նոր սկսված՝ բաժանորդների հեռախոսահամարի վրա արդեն ամրագրվում է տվյալ ամսվա հեռախոսավարձը (այն դեպքում, երբ բաժանորդը երաշխիք չունի, թե իր հեռախոսը ամսվա ընթացքում կաշխատի)։ «Կարող է պատահի՝ մարդ կա, ուզենա կանխավճար մուծի»,- այդ անսահման «մարդասիրությունը» այսպես պատճառաբանեցին «ԱրմենՏելի» Լոռու բաժանմունքի աշխատակիցները։ Ընդհանրապես, «ԱրմենՏելի» կողմից բաժանորդներին ներկայացվող գումարային հաշվարկները մեկնաբանելու համար անհրաժեշտ է համապատասխան ծառայություններ ստեղծել՝ «ԱրմենՏելի» մեքենայություններն ուսումնասիրող հանձնաժողովի մասնագետների կողմից։ Այդ մեքենայությունների թվին է պատկանում նաեւ այն, որ 8 օրը մեկ հաշվարկվում ու բաժանորդներին է հրամցվում միջքաղաքային խոսակցությունների գումարը, իսկ տեղական խոսակցությունների րոպեավճարի մասին բաժանորդը կարող է տեղեկանալ ավելի ուշ (ստացվում է, որ «հեռուն» ավելի արագ են հաշվում, քան՝ «մոտիկը»)։ Րոպեավճարի գումարի հավաստիության մեջ համոզվելու ցանկություն ունենալու դեպքում բաժանորդը պետք է դիմում ներկայացնի՝ համապատասխան խնդրանքով եւ գումար մուծի։ Ի դեպ, բաժանորդը պարտավոր է մուծել նախորդ ամսվա գումարները՝ մինչեւ հաջորդ ամսվա վերջը, բայց սահմանված ժամկետում մուծելուց հետո նրա հեռախոսահամարի վրա արդեն «եկած» են լինում ընթացիկ ամսվա գումարները եւ, չգիտես ինչու, ամրագրվում որպես պարտք։ Ահա թե ինչու բաժանորդներն անվերջ դժգոհում են, թե «նոր ենք մուծել, բայց էլի պարտք ենք»։ Մի տհաճ նորույթ է եւ այն, որ նոյեմբեր ամսից հեռախոսավարձն արդեն 25 դրամով ավելացել է։ Թերեւս, պարոն Յորղուլասը որոշել էր հայ ժողովրդին «մի վերջին վատությունն անել», նոր՝ հեռանալ։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել