Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային կուլտուրան՝ շինարարականհրապարակներում

Նոյեմբեր 26,2002 00:00

Աշխատանքային կուլտուրան՝ շինարարականհրապարակներում Տարիներ առաջ թվում էր, որ կգա նաեւ այն ժամանակը, երբ, բազմաթիվ խնդիրների լուծմանը զուգահեռ, պետությունը եւ գործարար մարդիկ կմտածեն նաեւ արտադրական կուլտուրայի բարձրացման մասին՝ եթե ոչ նյութական շահագրգռությունից, գոնե հեղինակությունից դրդված։ Չեմ կարող խոսել գործարանների եւ ֆաբրիկաների մասին, սակայն երեւանյան փողոցներում եւ շինարարական օբյեկտներում աշխատող մարդկանց մասին կարող են հավաստել շատերը։ Վերջերս մեր քաղաքապետը նշեց. «շատ կարեւոր է, որ բոլոր շինարարական օբյեկտներում առկա է բարձր արտադրական կուլտուրան»։ Չցանկանալով վիճարկել քաղաքապետի պատկերացումը արտադրական կուլտուրայի մասին, միայն ներկայացնեմ այն, ինչ կարելի է տեսնել համարյա բոլոր շինհրապարակներում։ Արդեն խոր աշուն է եւ ներկայացրածս պատկերացրեք անձրեւների, սառը քամիների ազդեցության տակ։ Շինարարների լավագույն արտահագուստը «ֆիրմային» ժիլետներն են «ֆիրմային» գրառումներով, որոնք արտահագուստ են «ով ինչ ճարի» սկզբունքով։ Այդ «համազգեստի զարդը»՝ կոշիկները, նույն սկզբունքով են ձեռք բերված, քրքրված, պատռված, ավելի հաճախ՝ էժանագին ռետինե։ Եվ սա կրում են վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո բաց երկնքի տակ աշխատող մարդիկ, որոնք մեծ մասամբ հյուծված են եւ անելք։ Մի առանձին թեմա է այդ շինարարների տեխնիկական հագեցվածության խնդիրը, որոնք ասֆալտապատման տեխնիկայից բացի, դեռ օգտագործում են նախորդ դարերի հայտնագործությունները. մուրճ, զուբիլ, քլունգ եւ այլն։ Այսինքն, եթե ավելացնեմ շինհրապարակների թափթփվածությունը եւ աշխատանքների անկազմակերպվածությունը, երբ անհիմն կերպով հաշվի չեն առնվում քաղաքացիներին «մատուցվող» անհարմարությունները, արտադրական կուլտուրայի մասին իմ պատկերացումների հակապատկերը, կարծում եմ, պարզ կլինի։ Ես շինարարությանը դեմ չեմ, դեմ եմ շինարարի այդ վիճակին եւ այդ կուլտուրային։ Ցանկանում եմ նշել, որ համեմատաբար բարձր արտադրական կուլտուրա եւ կազմակերպվածություն տեսել եմ նախկինում, երբ «կարկատում» էին երեւանյան փողոցները, երբ տեխնիկան եւ ֆինանսական միջոցները անհամեմատ նվազ էին։ Այսքանը, կարծում եմ, բավական է հասկանալու համար նաեւ, թե ինչպես եւ որչափ են վարձատրվում շինարարները, ինչպես են սնվում, ինչ են ուտում ընդմիջումներին եւ այլն։ Եվ այս ամենին «մասնակից» են նաեւ մեր նախագահի հրավերին արձագանքած, ռուսաստաններում իրենց գործ-մործը թողած մեր հայրենակիցները։ ՀԱՅԿԱԶ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ «Առավոտը» նյութի հեղինակին արտահայտվելու հնարավորություն է տվել, սակայն համաձայն չէ նրա գնահատականներից մի մասի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել