Լրահոս
Օրվա լրահոսը

Թշվառության սիմֆոնիա կամ

Դեկտեմբեր 06,2002 00:00

Թշվառության սիմֆոնիա կամ Ալավերդին որպես «աչքին թոզ փչելու» նմուշ Ալավերդին հանրապետության չորրորդ քաղաքն էր՝ 1,5 տասնամյակ առաջ։ Մտավորականների, արվեստագետների, մայրաքաղաքին ուղեղներ մատակարարող Ալավերդին վերածվել է չարչիների, Բագրատաշենի շուկայում բեռնակրություն անողների, մարմնավաճառների մի խղճուկ բնակավայրի։ Մոշի, հոնի, մասուրի թփերի հետ ողջ ամառը հարյուրավոր երեխաներ դպրոցական դասագրքերի, տետրերի համար կռիվ են տալիս։ Այդ երեխաները անհայր են մեծանում։ Թշվառության այս սիմֆոնիան ավարտ չունի։ Երկրի տերերը «դիրիժորի»՝ արդարության թիվ 1 երաշխավորի գլխավորությամբ, երկիր կառավարելու իրենց տառաճանաչությունը շփոթել են սեփական բարեկեցության հետ։ Նրանք սիրում են կեղծ ժապավեններ կտրել (Ճոճկանի ջրատար, Ախթալայի հանքահարստացուցիչ ֆաբրիկա), ցուցադրել երկրաշարժից 14 տարի անց բնակարան ստացած թշվառների հորթային հրճվանքը (Վանաձոր) եւ խոսել, անվերջ խոսել տնտեսական աճի աննախադեպ տեմպերի մասին։ Նրանց երեխաների մատները մացառուտներում չեն արյունոտվում, իսկ ծնողները կենսաթոշակ-ողորմություն ստանալու հերթերում չեն ուշաթափվում։ Ալավերդում նույնիսկ կապիտալիզմին հարիր դասակարգեր չկան։ Միութենական համբավ ունեցած մետալուրգների քաղաքում նույնիսկ բանվոր չկա։ Երեք հազարանոց կոմբինատը վերածվել է տիրոջից ճորտական կախման մեջ գտնվող կույր ու համր մարդկանց խմբի։ Նրանք այնքան են վաստակում, որքան «Սնունդ՝ աշխատանքի դիմաց» ծրագրով վարձատրվող հավաքարարը։ Նրանք ճորտ են, որովհետեւ իրենց աշխատուժը վաճառելու տարբերակ չունեն։ Մի քանի տարի առաջ գործարանատեր Վ. Մեջլումյանը (որի հետ ալավերդցիները մեծ հույսեր էին կապում) խոչընդոտներ հաղթահարելու մրցավազքից հուսահատված ասում էր՝ այս ինչ անտեղյակների երկիր է, օրը մի վարչապետ է փոխվում, իսկ յուրաքանչյուրի հետ գործարար մարդը ստիպված է լինում սկսել զրոյից։ Կարելի է ասել զրոյի վրա էլ մնացել ենք։ Հավանաբար Վ. Մեջլումյանի ծրագրերը (միլիոնների մասին), ընդամենը իշխանավորների ախորժակն է գրգռել։ Արդյունքում ունենք մի գործարան, որը հավանաբար (ականատեսներ, ցավոք, չկան) այնպիսին է, ինչպիսին 230 տարի առաջ։ Ամիսներ առաջ գործարանատերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տերերի հետ «մենամարտելուց» հոգնած, անկեղծորեն խոստովանել է, որ աշխատավարձի ուշացման, կրճատումների, առաջընթացի դանդաղ տեմպերի պատճառը նրա՝ «ղարաբաղյան գրանցում չունենալն է»։ Այսօր Վ. Մեջլումյանը Ղարաբաղում լայն թափով սկսել է հանքահարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը։ Ալավերդում գրեթե այլ աշխատատեղ չկա։ Իսկ քաղաքապետարանում հուսահատություն եւ խուճապ է տիրում։ Պաշտոնավարման 100 օրը հատած քաղաքապետ Սարիբեկ Օհանյանը չգիտի, թե ինչպես պիտի լուծի կուտակված 117 միլիոն դրամ աշխատավարձը վճարելու խնդիրը։ Մինչ տարիներով աշխատավարձ չստացած առողջապահության, մշակույթի բնագավառի, մանկապարտեզների եւ դպրոցների աշխատողները դատարաններից դուրս չեն գալիս, ընդամենը կոմունալ բաժնի վարիչի իրավասություններ ունեցող քաղաքապետը փորձում է գտնել մեղավորներին։ Նրա կարծիքով, դրանք քաղաքի նախկին ղեկավարներն են, ինչպես նաեւ՝ տեղական ինքնակառավարման մասին օրենքի անկատարությունը։ Նա ցույց է տալիս քաղաքի զարգացման հեռանկարային ծրագրերի մասին քաղաքապետարանի կոլեկտիվ մտքի արգասիքը՝ մի հաստափոր գիրք, բայց չի տալիս, որ ծանոթանամ։ «Կծիծաղես»,- ասում է ընկերաբար։ Պարզվում է՝ մեր երկրի առաջընթացի հետ կապված ամեն մի միտք ծիծաղ կարող է հարուցել։ Տարիներ շարունակ տեղական իշխանությունների քթի տակ սեփականաշնորհվել, թալանվել, վերավաճառվել են քաղաքային տնտեսության տարածքում գտնվող օբյեկտները՝ այդպես էլ չշահագործվելով։ Մայրաքաղաքի չինովնիկների ղեկավարությամբ մարզերում կատարվող ալան-թալանը գրգռել է նաեւ տեղական չինովնիկների ախորժակը, իհարկե՝ ոչ նույն մասշտաբներով։ Նրանք ինչո՞վ են պակաս տերերից։ Սա երկիր «կառուցելու» հայկական տարբերակն է։ Թալանիր, քանի դեռ աթոռը տակդ է։ Լոռիում մոդա է նաեւ սեփականաշնորհման «քցումային», «ռազբիրատային» տարբերակը, նայած թե ում թիկունքում ով է։ Մինչ քաղաքապետարանում ակտիվ քննարկումներ են ծավալվում աղբաջրերով ողողված 40 բնակելի շենքերի նկուղային հարկերի ու սպասվելիք տխուր հետեւանքների, եվրոպական չափանիշներով վերակառուցված ու չգործող քաղաքային բաղնիքի, օղու արտադրամասի վերածվող պանրագործարանի, բնակչության արտագաղթի տեմպերի մասին, ալավերդցիները օրեցօր «հուղարկավորում» են իրենց երազանքները։ Դրանցից մեկն էլ Վրաստանին միանալու «գաղափարն» էր («Նրանց որ միանանք, կարող ա լավ ըլի»)։ Ու քանի որ աղքատության տեմպերով վրացիներից էնքան էլ չենք տարբերվում, միամիտ լոռեցիները տրտնջում են՝ «Հենց նրանք պիտի մեր հարեւանը լինեին, հայի բախտ է, էլի»։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք նաեւ, որ ալավերդցիների կյանքում տարին 1-2 անգամ լինում են համաժողովրդական «տոներ»։ Դրանց հեղինակը մեր ձորին ու ժողովրդին նվիրված բժիշկ Համլետ Թամազյանն է։ Որակյալ բժիշկների խմբեր է բերում քաղաք։ Մի տեսնող լինի, թե հիվանդանոցում հատուկենտ հիվանդ ունեցող ալավերդցիները ո՜նց են հարձակվում մայրաքաղաքից ժամանած բարեգործների վրա։ Իմ հարեւանը, օրինակ, ցավող եւ փչանալու կասկածի տակ ընկած բոլոր ատամները հանել է տվել ու, թեեւ բերանում ատամ չի մնացել, շատ երջանիկ է։ Կարծում եմ, որ արժե մեր երկրի ղեկավարին այս համաժողովրդական «տոնին» գոնե ականատեսի կարգավիճակով մասնակից դարձնել, թող տեսնի իր «կոնտինգենտին»։ Մեր հիվանդ հասարակության առողջ, սպորտսմեն, տղամարդ ղեկավարը թող մեկ-մեկ իր «կուսակցության» հետ կենդանի շփում ունենա, եթե, իհարկե, վարակվելուց չի վախենում։ Միայն հաշվառման մեջ գտնվող շուրջ 300 թոքախտավոր ունենք, այլ կարգի բացիլակիրների մասին չխոսենք։ Ու քանի որ թշվառության սիմֆոնիան ավարտ չունի, եկեք այս «տոնական» նոտայով էլ ավարտենք մեր խճանկարը, միայն թե՝ Ալավերդին թողնենք Քոչարյանի մոտ, տեսնենք ի՜նչ է ասում։ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ Ալավերդի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել