Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնարինը դարձավ հնարավոր

Դեկտեմբեր 06,2002 00:00

Անհնարինը դարձավ հնարավոր 10172ամյա տարելից Հայոց բանակի անցած փառապանծ ճանապարհի մեջ իր յուրահատուկ դերակատարությունն է ունեցել 5-րդ մոտոհրաձգային բրիգադը։ Բրիգադ, որը, ինչպես Սպարապետն էր ասում, այդ տարիներին պատերազմի մոտ 3/4-ը վերցրել էր իր վրա։ 5-րդ մոտոհրաձգային բրիգադը կազմավորվել է 1992թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին, գտնվում էր չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ, եւ ռազմաճակատի ընդհանուր իրավիճակը պահանջում էր՝ արդեն 3-4 տարի պատերազմած կամավորական ջոկատները, որոնք արդեն վերակազմավորվել էին գումարտակների, համախմբել մեկ հզոր ռազմական կառույցի մեջ։ Միավորվեց 140-150 ջոկատ՝ մոտ 2750 ազատամարտիկով, որոնց առջեւ դրված էր գերխնդիր՝ ստեղծել մի հարվածային բռունցք, իր վրա վերցնելով պատերազմի հիմնական ծանրությունը, ապահովելով թիկունքում բանակաշինության գործընթացը, կասեցնելով ադրբեջանցիների լայնածավալ հարձակումները եւ անցնելով հակահարվածի՝ ոչ միայն վերականգնել սահմանները, այլ նաեւ ազատագրել ստրատեգիական նշանակություն ունեցող շրջաններ եւ կրակագիծը հեռացնել Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններից, վերջնականապես ազատագրել Ղարաբաղը, դրանով նպաստելով զինադադարի հաստատմանը։ «Հրաշքներ եւ սատանաներ չկան, հրաշքները իրագործում են կենդանի մարդիկ, զինվորները, դուք։ Հրաշք տեղի ունեցավ ձեր առողջության, ձեր կյանքի, ձեր արյան շնորհիվ»։ Սրանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են՝ արտահայտված 1994թ. մարտին Մարտակերտում, երբ հանդիպման Էր գնացել 5-րդ բրիգադի մարտիկների հետ։ Բրիգադի առաջին երթը գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարությամբ դեպի ռազմաճակատի հյուսիսային հատվածն էր, որը սկսվեց 1993թ. փետրվարի 20-ին եւ ավարտվեց նույն թվականի ապրիլին։ Հակառակորդը փորձում էր Մարտակերտով խորանալ Արցախի սիրտը։ Առաջին ռազմաերթով բրիգադը կարողացավ դեմ առ դեմ դուրս գալով հակառակորդին՝ կասեցնել նրա առաջխաղացումը եւ դեռ ավելին՝ ազատագրել Մարտակերտի մի շարք գյուղեր։ Այնուհետեւ հանգստի վերադարձած բրիգադի կազմում տեղի ունեցան հրամանատարական փոփոխություններ։ Բրիգադի հրամանատար է նշանակվում Էջմիածնի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մանվել Գրիգորյանը, եւ բրիգադը համալրվում է Էջմիածնի գումարտակով, որից հետո, նույն թվականի հունիսից սկսվում է բրիգադի երկրորդ ռազմաերթը դեպի ռազմաճակատի հարավ-արեւմտյան հատված, ուր մինչեւ աշուն բրիգադի գումարտակները հակառակորդի ուժերին նույնիսկ ստիպում են խախտել իրանական սահմանը՝ Արցախի շուրջ այս հատվածում ստեղծելով անվտանգության կայուն գոտի։ Բրիգադի երրորդ ռազմաերթը սկսվում է 1993թ. դեկտեմբերին, արդեն ռազմաճակատի հյուսիսային հատվածում, ուր մինչեւ զինադադար բրիգադի գումարտակները ազատագրում են Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի գյուղերը եւ կանգնում Միրբաշիրի շրջակայքում։ 1993 թվականը մեր նորագույն պատմության մեջ միշտ կհիշվի որպես ամենադժվար ու ծանր մի ժամանակահատված։ Երկիրը հայտնվել էր տնտեսական ծանր վիճակում, քաղաքական անկայունությունը վտանգում էր նորելուկ անկախության գործընթացը, իսկ ղարաբաղյան ռազմաճակատներում անհաջողությունը մոռացության էր մատնել անգամ Շուշիի հաղթանակը։ Ահա այս պայմաններում կազմավորվեց եւ կայացավ 5-րդ բրիգադը, որը 93-ի վերջին եւ 94-ի սկզբին բեկում մտցրեց ռազմաճակատի բոլոր հատվածներում ու հարկադրեց իրենից տասնապատիկ հզոր ադրբեջանական զինուժին, միջազգային ուժերի աջակցությամբ, զինադադարի գալու։ «Ոչ մի հաղթանակ չէր լինի, եթե մենք չունենայինք այդ հրաշալի ֆիդայի, կամավորական տղաներին, որոնցով սկսեցինք։ Կռվեցին, զոհվեցին, իրենց արյունով երկիրը պահպանեցին, տարան առաջին խոշոր հաղթանակները եւ թիկունքում հնարավորություն տվեցին ստեղծել կանոնավոր բանակ»,- այսպիսի գնահատական է տվել բրիգադին Սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Իսկ դրան չհամաձայնել՝ անհնար է, որովհետեւ Դուք կարողացաք հայրենիքի վտանգի պահին անհնարինը դարձնել հնարավոր, որովհետեւ Դուք՝ երկրապահներ եւ կադրային սպաներ, ֆիդայիներ եւ եռամսյա զինակոչիկներ, մարտադաշտում իրար հասկացաք, միաձուլվեցիք եւ Ձեր միաձուլման շնորհիվ անհնարինը դարձավ հնարավոր։ ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել