Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՄԵՂ ԿՈՒՅՍ ՄԻ՛ ՁԵՎԱՑԵՔ»

Դեկտեմբեր 12,2002 00:00 Share

«ԱՆՄԵՂ ԿՈՒՅՍ ՄԻ՛ ՁԵՎԱՑԵՔ» Արդեն նշել էինք, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության համագումարում սուր բանավեճ ծավալվեց հին եւ նոր ընդդիմության ներկայացուցիչների միջեւ: Ներկայացնում ենք մանրամասները: Առիթը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանի ելույթն էր, որը հիշեցրեց առաջին նախագահի հոդվածը՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», եւ նշեց. «Մենք այն ժամանակ չենք համաձայնել առաջարկվող մոտեցումներին, այսօր էլ համաձայն չե՛նք լինելու, որքան էլ որ մեզ քննադատեն»: Աջ ուժերի մի ներկայացուցիչ տեղից նկատեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց էլ՝ էլի էս մարդկանց ձեռից չպրծա՞վ: Ըհը, հիմա կսկսի Լիսաբոնի մասին խոսել, իսկ Ստամբուլի խարտիայի մասին այդպես էլ չի հիշի»: Սակայն Ալբերտ Բազեյանը Լիսաբոնին չհասավ՝ ուղղակի մի քիչ էլ խոսեց այն թեմաներով, թե «ամեն գնով չէ, որ պետք է ձգտել խաղաղության»: Ավելի ուշ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ Բազեյանի այս պնդումներին. «Որքան էլ ինձ զսպեմ, չեմ կարող չնշել մի ֆենոմեն՝ այս ամբիոնից այսօր երկու անգամ՝ ուղղակի, երեք անգամ՝ անուղղակի ակնարկվեց Լեւոն Տեր-Պետրոսյան անունը. պիտի մտածենք՝ ինչո՞ւ: Սա արդյոք գալիս է նրանի՞ց, որ մարդիկ անկեղծ են եւ այդ անհատի, քաղաքական դեմքի հետ կապված հարցեր ունեն, թե՞ սեփական այս կամ այն ոչ անկեղծ կեցվածքը փորձում են թաքցնել՝ հոլովելով այդ անունը: Երկրորդ պարագան է աշխատում՝ անկեղծ չեն»: «Հանրապետության» նախագահի ելույթի մի «անկեղծ» հատված էլ վերաբերում էր իրենց ու «ԺՀ»-ի տարաձայնություններին. «Երկու կուսակցությունների գործիչներն էլ կողմ լինելով 1998-ի իշխանափոխությանը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտրության պարագայում ունեին տարբեր մոտեցումներ: Մենք աջակցել եւ պաշտպանել ենք Քոչարյանի ընտրությունը, «ԺՀ»-ն՝ ոչ: Մեր աջակցությունը հիմնականում պայմանավորված էր ղարաբաղյան խնդրի հետ կապված մեր հույսերով, եւ համոզված էինք, որ այս խնդիրն առավելագույնս լավ տարբերակով կարող է լուծել այն գործիչը, որը տարիներ շարունակ զբաղվել է այդ խնդրով»: Տեղից ռեպլիկներ անող ընդդիմախոսը տարակուսեց. «Ուզում է ասի՝ ընտրեք Քոչարյանի՞ն»: Մինչդեռ Ալբերտ Բազեյանն արդեն պատմում էր, թե 1998-ի ընտրությանը հաջորդեցին տարբեր կարգի տարաձայնություններ եւ հակասություններ, չկատարվեցին Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման վերաբերյալ Քոչարյանի խոստումները. «Բայց մենք կողմ էինք իշխանափոխությանն ընտրությունների միջոցով՝ հասկանալով հանդերձ, որ Քոչարյանի քաղաքականությունը չի արդարացնում այն հույսերը, որոնք ունեինք, եւ այն դրական տեղաշարժերը, որոնք ակնկալում էինք: Տեսնելով, որ նա շեղվում է իր նախընտրական ծրագրերից ու տված խոստումներից՝ ձեւավորեցինք «Միասնություն» դաշինքը եւ 1999-ին ստացանք ժողովրդի մեծամասնության վստահության քվեն: Մենք լիարժեք իշխանություն եղել ենք միայն Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք, 4-5 ամսվա ընթացքում: «Հոկտեմբերի 27»-ը լուծեց այդ իշխանության հարցը, եւ այսօր իշխանությունը կենտրոնացել է գործող նախագահի ձեռքում: Այնպես որ, մեզ հասցեագրված մեղադրանքների առնչությամբ, թե՝ եղել են իշխանություն եւ այս խնդիրները չեն լուծել, կրկնում եմ, մենք լիարժեք իշխանություն ունեցել ենք միայն 4-5 ամսվա ընթացքում»: Բազեյանն անդրադարձավ այլ մեղադրանքների եւս. «Ընտրակեղծիքներ մենք չենք արել, այլ ընդամենը զբաղվել ենք նրա քարոզչությամբ: Ընտրակեղծիքներ իրականացրել են բոլոր այն մարդիկ եւ խմբերը, որոնք այսօր էլ իշխանության մեջ են»: Խոսեց նաեւ նախագահի օրինականության մասին. «Կասկածելի է, այո՛, Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմությունը, եւ կասկածելի էր նաեւ նրա իրական ընտրությունը: Բայց դա վավերացվեց: Եթե այսօր կան գործիչներ, որոնք ասում են, թե նա իրավունք չուներ առաջադրվելու՝ ցավոք, ԿԸՀ-ն գրանցեց նրա թեկնածությունը (քիչ անց հայտնեց, թե երկրապահները ցանկանում էին առաջադրել Վազգեն Սարգսյանին.- Ա. Ի.): Մարդիկ, որոնք չէին ցանկանում, որ նա գրանցվի՝ կարող էին բոյկոտել այդ ընտրությունները, չառաջադրել իրենց թեկնածությունը»: Այստեղ Բազեյանը փոքր-ինչ վրիպեց, քանզի դահլիճում, ճիշտ է, կային մարդիկ, որոնք 1998-ին առաջադրել էին իրենց թեկնածությունը եւ մինչ այժմ էլ պնդում են, թե Քոչարյանը լեգիտիմ չէ, բայց նրանցից առնվազն մեկը՝ Աշոտ Բլեյանը, դեռ այն ժամանակ էր փորձել վիճարկել Քոչարյանի առաջադրման սահմանադրականությունը ՍԴ-ում: Եվ երբ եկավ ողջույնի խոսքով հանդես գալու Աշոտ Բլեյանի հերթը, նա ասաց. «Չքմեղանալու, մինչեւ վերջ անմեղ կույս թվալու բոլոր փորձերը մերժում եմ»: Ավելի որոշակիացրեց. «2002-ին դեռ ուզում ենք մի բանի հասնել, որ ունենանք օրինական նախագահ, վերականգնենք ժողովրդի ինքնիշխանությունը: Գիտեք, հարգելի Ալբերտ, սիրելի Ալբերտ, կարելի է 1998-ի արածը 7 ձեւով ներկայացնել, բացատրել: ՀՀՇ-ն էլ կարող է 1996-ի արածը 14 ձեւով ներկայացնել: Բայց պետք է խոստովանել, որ մենք ոչնչացրի՛նք ընտրական համակարգը, որ մենք ժողովրդին, Հայաստանի քաղաքացուն զրկեցի՛նք ժողովրդավարական Հայաստան ստեղծելու միակ զենքից, հարստությունից»: Բլեյանի այս խոսքերը խլացուցիչ ծափերի արժանացան: Եվ ամենաբուռն ծափահարողների մեջ էին «Հանրապետության» գործիչների կողքին նստած ՀԺԿ քաղխորհրդի անդամները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել