Լրահոս
Օրվա լրահոսը

Շամշադինը բիզնեսմեն չի տվել

Դեկտեմբեր 13,2002 00:00

Շամշադինը բիզնեսմեն չի տվել Եթե Շամշադինն էլ ունենար իր Գագիկ Ծառուկյանը, ապա տարածաշրջանն իր այս խնդիրը վաղուց լուծված կհամարեր։ Ինչպես պարզվեց, երկրամասն ազգիս տվել է հիմնականում գիտության եւ մշակույթի գործիչներ, որոնցից բարեգործության համար գումար ուզելն, առնվազն, չարագործություն կլինի։ Բանն այն է, որ Տավուշի մարզի այս մեծ շրջանում մի հատիկ եկեղեցի կամ աղոթատեղի չկա։ «Աթեիստ» խորհրդային ժամանակահատվածում բոլորն ավերվել են, իսկ ազատ ու անկախ վերջին տասնամյակում դրանք վերականգնող չի ճարվել։ Մայր Աթոռ սրբ. Էջմիածինն այդտեղ չունի եկեղեցական թեմ ու սպասավորներ։ Զարմանալի է, թե ո՞ւմ օրհնությամբ են մկրտվում կամ պսակադրվում շամշադինցիները։ «Տավուշ» հայրենակցական միության վերջերս կայացած համագումարում վերջապես այս հարցը բարձրացվեց, այն էլ՝ հանպատրաստից ելույթում։ Հեղինակը երգչուհի Մարիետա Բադալյանն էր։ Հայրենի հողի եկեղեցիների վերականգնման առաջարկն ընդունվեց բուռն ծափահարություններով, հետո արդեն փոխնախագահ ընտրված երգչուհու նախաձեռնությամբ կազմվել է համապատասխան ծրագիր։ Այն դեռեւս չի հաստատվել՝ բազմազբաղ նախագահը դեռ ժամանակ չունի։ Տիկին Մարիետան որոշել է ժամանակ չկորցնել եւ «խփել բոլոր կոչնակները»՝ որ ուղղությամբ հնարավոր է։ Նախ նա դիմել է ԱԺ տարածաշրջանային պատգամավոր Գագիկ Մելիքյանին։ Վերջինս «շտապել» է հուսախաբ անել. «Տարիներ առաջ ես այդ հարցը շատ եմ բարձրացրել տարբեր օղակներում, բայց ընթացք չի ստացել»։ Երգչուհին որոշել է խնդրանքով դիմել նախագահին. «Եթե նրա միջնորդությամբ ԱԺ պատգամավորների աշխատավարձերից 5000-ական դրամ հատկացվի այս խնդրին, ապա հարցը կլուծվի», հատկապես, որ տարածաշրջանում հումքի խնդիր չկա. կան գրանիտի, բազալտի հանքեր։ Իսկ մինչեւ նախագահը կպատասխանի, Մարիետա Բադալյանը որոշել է օրինակ ծառայել. «Ես ապրում եմ մեկ սենյականոց անհարմարավետ բնակարանում, բայց պատրաստ եմ տարեկան 2 բարեգործական համերգ տալ եւ հասույթն ամբողջությամբ տրամադրել այդ ֆոնդին, դա մոտավորապես կկազմի 3-4 հազար դոլար»։ Ի դեպ, «այդ ֆոնդը» դեռեւս գոյություն չունի։ Իսկ երբ ունենա, տիկին Մարիետան մտադիր է կազմակերպել նաեւ համահայկական հեռուստամարաթոն, որին հնարավորություն կունենան մասնակցելու արտերկրում «բարգավաճած» ծնունդով շամշադինցիները։ «Բայց դա թանկ հաճույք է»,- հիշեցրի զրուցակցիս։ «Գիտեմ, դրա համար պետք է մեր հայրենակցական միությունն ակտիվ աշխատանք տանի եւ ստանա երկրի նախագահի համաձայնությունն ու աջակցությունը»։ Ճիշտ է, հնարավոր է նաեւ գործը չհասնի հեռուստամարաթոնի, եթե տեղացի տավուշցիները հանգանակության միջոցով հավաքեն այն գումարը, որի վերջնական թիվը դեռ հայտնի չէ։ Ինքը՝ տիկին Մարիետան, մի քանի անգամ կրկնեց, որ արդեն գարնանն առաջին համերգը կունենա, բացի այդ՝ «Իզաբել» բարեգործական կենտրոնը կկազմակերպի մի քանի համերգ։ Պարզապես պետք է, որ իրենց տարածաշրջանից իրեն հայտնի առայժմ միակ «փողատեր» Գագիկ Մելիքյանը նախնական աջակցություն ցույց տա համերգների կազմակերպմանը։ «Ես չեմ ասում, թե՝ անհատույց, ես դրա հույսն էլ չունեմ, համերգներից հետո մենք նրա դրած գումարը կվերադարձնենք»,- ասաց երգչուհին։ Հետաքրքրվեցինք, թե ինչու ոչ մի անգամ չի շեշտվում մարզպետարանի դերը. «Նրանց հետ հույս կապելը սխալ է, ես արդեն մի բարեգործական համերգ տվել եմ Տավուշում, զանգեցի- հրավիրեցի՝ չեկան, ոչ մեկը չեկավ մարզպետարանից, գոնե մի տոմսի արժեքի չափով կկարողանային օգնել տեղի աղքատներին, էլ ես ինչպե՞ս նրանց դիմեմ»,- պատասխանեց։ Երգչուհին բացասական արտահայտվեց նաեւ «Տավուշ» հայրենակցական միության գործունեության վերաբերյալ։ Նա նշեց, որ 10 տարվա միություն է, բայց նրա գոյության մասին ոչ մի տեղ չի լսվում, չի գրվում։ Եվ դա նրանից է, որ այս միությունը ոչինչ չի անում։ Ինչպես հասկացանք, երգչուհի Մարիետա Բադալյանն իր նախաձեռնած մեծ ծրագրի առաջին գործնական քայլն այս հրապարակումն է համարում, հուսով, որ տեղից կշարժվեն բոլոր նրանք, ովքեր պարտավոր են կամ ցանկություն կունենան մասնակցել Շամշադինի տարածաշրջանի եկեղեցիների վերականգնման մեծ գործին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել