Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցանակի փոփոխություն

Դեկտեմբեր 21,2002 00:00

Ցուցանակի փոփոխություն ԱԱՆ-ն ԱԱԾ դառնալով չի փոխում խնդիրները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ելույթ ունենալով Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվող Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, ընդգծեց, որ իրավապահ մարմինների խնդիրը «օրենքների խիստ կիրառումն է», հատկապես՝ ընտրություններին վերաբերող բոլոր օրենքների: «Ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, թափանցիկ, եւ ուժային կառույցների, իրավապահ մարմինների միջամտությունը այս ընտրություններին մենք պետք է բացառենք,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:- Եվ այս մարմինների խնդիրը երկրում կայունության ապահովումն է եւ, իհարկե, ծայրահեղական դրսեւորումների բացառումը հատկապես նախընտրական ժամանակահատվածում»: Շնորհավորանքից ու պետական բարձր պարգեւներ հանձնելուց բացի, Հայաստանի նախագահը երեկ խոսեց երկրի անվտանգության հայեցակարգի մասին. «Նոր մարտահրավերները շատ երկրների պարտադրում են վերանայել անվտանգության հայեցակարգը: Չենք կարող կողք մնալ այս պրոցեսներից: Ապրում ենք բարդ տարածաշրջանում եւ ունենք դեռեւս չկարգավորված ղարաբաղյան խնդիր, եւ այս ամենը մեզ պարտադրում է հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության խնդիրներին: Այս ամենի հետ զուգահեռ շատ պատասխանատու եւ հետաքրքիր անցումային շրջանում ենք. երկրի նոր արժեքային համակարգ է հաստատվում»: «Մի կողմից անվտանգության հետ կապված խնդիրներ,- իր խոսքը շարունակեց Քոչարյանը:- Մյուս կողմից ժողովրդավարացման խորացման գործընթացներ: Եվ այստեղ մենք պետք է այնպես անենք, որ մեկը մյուսի հաշվին չիրականացվի»: Երկու օր առաջ Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունները վերակազմավորվեցին՝ դառնալով կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում չհամաձայնեց, թե վերակազմավորմամբ կարող է նսեմանալ համակարգի ազդեցիկությունը: «Կառուցվածքային փոփոխությունների կարեւորությունն այն է, որ համակարգն այսուհետեւ գլխավորելու է ոչ թե քաղաքական գործիչ, քաղաքական անձ, այլ մասնագետ, պրոֆեսիոնալ անձնավորություն,- ասաց նա՝ ավելացնելով:- Անկախ նրանից, իշխանությունները կփոփոխվեն-չեն փոփոխվի, համակարգը գործելու է անխափան, առանց վայրիվերումների»: «Էությունն է կարեւոր,- նույն խնդրի առիթով «Ազատությանն» ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:- Այսինքն՝ այն խնդիրները, որ դրված են ծառայության առջեւ: Խնդիրների փոփոխություն չկա»: ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ Դեկտեմբերի 20-ը սովետական չեկիստների օրն էր: Հատկանշական է, որ այն սկսեց նշվել նաեւ Հայաստանում՝ պետականորեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել