Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արտաքին քաղաքականության հերթական «ձեռքբերում»

Դեկտեմբեր 21,2002 00:00

ՀՀ արտաքին քաղաքականության հերթական «ձեռքբերում» «Բուշի վարչախումբը պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: ԱՄՆ-ի հայկական Սփյուռքը բողոք է հայտարարել Սպիտակ տանը»: Այս տեղեկությունը հրապարակվել է ադրբեջանական «Զերկալո» թերթի դեկտեմբերի 17-ի համարում: Համաձայն հիշյալ հրապարակման, «Ջորջ Բուշի վարչախումբը ԱՄՆ անվտանգության ապահովման նպատակով նոր օրենք է կիրառում, որով պահանջվում է գրանցել այդ երկիր ժամանող ՀՀ քաղաքացիներին: Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշում է ընդունել, որով Ամերիկա ժամանող ՀՀ քաղաքացիները կենթարկվեն հատուկ ստուգման»: Ըստ «Զերկալոյի», սույն օրենքը տարածվում է նաեւ ԱՄՆ-ում բնակվող 16 տարեկանն անց ՀՀ քաղաքացիների վրա: «Հայաստանը 21 այլ պետությունների ցանկում այլեւս այն միակ քրիստոնյա երկիրն է, որի վրա տարածվում է ընդունված օրենքը»,- գրում է թերթը եւ իր մեկնաբանությամբ հիշեցնում, թե 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո սույն օրենքը գործել է միայն այն մուսուլմանական երկրների քաղաքացիների դեպքում, որոնք կասկածվել են ահաբեկիչներին աջակցելու մեջ, այդ թվում՝ Իրան, Իրաք, Լիբանան, Սուդան, Սիրիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա եւ այլն: Վկայակոչելով ANS-ն, «Զերկալոն» իր հրապարակման մեջ միաժամանակ նշել է, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ձեռնարկված այդ միջոցառումներն ԱՄՆ-ում ապրող հայկական Սփյուռքի դժգոհությունն են առաջացրել: «Հայկական կազմակերպությունները Սպիտակ տանն ուղղված իրենց նամակում ամերիկյան կառավարությունից այդօրինակ քայլերի բացատրությունն են պահանջել»: Թերթի հաղորդմամբ այդ նամակում մասնավորապես ասված է, որ «Հայաստանը երբեք ապաստան չի տրամադրել ինչ-որ ահաբեկչական կազմակերպությունների»: Իսկ Վաշինգթոնում տեղակայված Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի կենտրոնական գրասենյակը հետաքրքվել է այլ խնդրով՝ «ինչո՞ւ գրանցման հետ կապված պահանջները չեն ներկայացվում Ադրբեջանի եւ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ»: Ադրբեջանական մամուլի մատուցմամբ, հիշյալ կազմակերպության կենտրոնական գրասենյակի ղեկավար Մուրադ Թոփովյանը երկար տարիներ կալանքի տակ է՝ իր տանը մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր պահելու պատճառով: Թերթի հրապարակումը եզրափակված է «ամերիկյան փորձագետների հաղորդած» այն տեղեկատվությամբ, ըստ որի, «ԱՄՆ ներկայիս վարչախումբը, որ պայքարում է ահաբեկչության դեմ, մտադիր չէ որեւէ պետության զիջումներ անել»: Սա ադրբեջանական մամուլի հաղորդագրությունն է, իսկ թե ինչո՞ւ է բանը սրան հասել եւ ինչո՞վ են մինչ այս ու հիմա էլ զբաղված ՀՀ ԱԳՆ-ն եւ դիվանագիտական կորպուսը՝ մնում է հարցնել «կոմպլեմենտարներին»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել