Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆԱՑԻՆ 12 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Հունվար 08,2003 00:00

ՄՆԱՑԻՆ 12 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ Նախագահական ընտրարշավին իրենց մասնակցությունը գրանցման փուլից առաջ դադարեցրին առաջադրված թեկնածուներ Պետրոս Մակեյանը, Պարույր Հայրիկյանն ու Արշակ Սադոյանը: «Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահ Պետրոս Մակեյանն իր առաջադրումը պաշտպանող 39.357 ստորագրությունների քանակով թեկնածուների մեջ առաջիններից մեկն էր. եւ սա՝ չնայած խոտան, սպիտակ թերթերով մատյանների առկայությանը: Սակայն ստորագրությունները ԿԸՀ-ին ներկայացնելուց հետո կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունների նախընտրական փուլը սկսվեց ահաբեկչական գործողությամբ, ինչն անհարիր է ժողովրդավարական սկզբունքներին՝ «ԺՀ»-ն աննպատակահարմար է գտնում իր թեկնածուի մասնակցությունը նախագահական ընտրություններին»: Մոտ օրերս պրն Մակեյանն ասուլիսում մանրամասնելու է հրաժարվելու դրդապատճառները: Նախկին բոլոր նախագահական ընտրություններին մասնակցած «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը դեկտեմբերի 30-ին արդեն իսկ հրավիրել է ասուլիս, որտեղ հայտարարել է. «Չդառնալով գաղափարական կամ նպատակային դաշինքի նախապատվելի՝ նրա կողմից առաջադրված թեկնածու, ավելորդ ու անառողջ եմ համարում իմ անհատական՝ որպես թեկնածու մասնակցությունը 2003-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին»: Նա նշել է, թե «ասպարեզը թողնում է դաշինքով ներկայացող թեկնածուներին եւ արկածախնդիրներին»: Հայրիկյանը նաեւ կշտամբանք է նետել ընդդիմության հասցեին. «Մեր նորաթուխ քաղաքական գործիչները… ի վիճակի չեղան վեր կանգնել իրենց սին հավակնություններից եւ առավել եւս՝ ուղղորդել հասարակությանը»: Այսուհանդերձ, հայտնել է, թե սատարելու է ընդդիմության թեկնածուներից մեկին. ըստ ամենայնի՝ խոսքն Արտաշես Գեղամյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է: Վերջինիս առաջադրման օրինականության առնչությամբ Հայրիկյանն ասել է. «Մենք դա այդ թեկնածուի անհատական խնդիրը չենք համարում: Դա համայն հայության՝ ազգային ժողովրդավարության, Արցախի հարցի վերջնական լուծման եւ ամենակարեւորը՝ Ցեղասպանության հետեւանքների հետ կապված խնդիր է»: Իսկ «Ազգային ժողովրդավարական դաշինքի» ղեկավար Արշակ Սադոյանը, որ կարողացել էր հավաքել 36.150 ստորագրություն, չփորձեց իր չմասնակցելը քողարկել քաղաքական դրդապատճառներով եւ «Առավոտի» հետ զրույցում անկեղծորեն ասաց, թե պատճառն ընտրագրավի համար անհրաժեշտ գումարի բացակայությունն է: Նշենք, որ Սադոյանն օգնության խնդրանքով չէր դիմել «16»-ում իր դաշնակիցներին՝ հաշվի առնելով, որ նրանք եւս ունեն առաջադրված թեկնածուներ. «Դա նաեւ կարող էր ընկալվել որպես միասնական թեկնածու լինելու հավակնություն: Իսկ ես բազմիցս ասել եմ, որ եթե որեւէ ընդհանրության գանք միասնական թեկնածուի հարցում՝ ես խնդիր չունեմ, կհանեմ թեկնածությունս»: Արշակ Սադոյանը դիմել էր անգամ ստացականով՝ պարտքով գումար խնդրելու տարբերակին, այնուամենայնիվ մինչեւ դեկտեմբերի 31-ը կարողացել էր հավաքել պահանջվող գումարի շուրջ կեսը՝ 4700 դոլար: «Բնական է, ես չէի ցանկանում որեւէ օլիգարխից մեծ կախման մեջ ընկնել: Եվ ընտրագրավը ճարելու համար իմ ռազմավարությունը հիմնված էր քիչ-քիչ, բայց շատերից պարտք վերցնելու տարբերակի վրա, որը երեւի ձեռք չէր տալիս ֆինանսական որոշակի հզորություններ ունեցող ուժերի,- ասաց պրն Սադոյանը:- Շատերն ասում էին՝ «եթե դառնաս նախագահ, մեզ ի՞նչ ես նշանակելու»: Պատասխանում էի, թե ըստ իմ մոտեցումների՝ կառավարությունը պետք է կազմի ԱԺ-ում հաղթած կուսակցությունը, եւ այդ պատճառով՝ ես որեւիցե խոստում տալ չեմ կարող: Եվ առավել եւս, ինձ իրավունք չեմ վերապահում որեւէ խոստում տալ՝ ելնելով ֆինանսական նկատառումներից: Եվ խոսակցություններն ավարտվում էին նման արտահայտություններով՝ «դե որ այդպես է՝ մե՞զ ինչ»: Թեեւ պրն Սադոյանն առանձնապես չէր ցանկանում անուններ բացահայտել, սակայն հաջողվեց պարզել, որ «պաշտոններ՝ ընտրագրավի դիմաց» սկզբունքով բանակցել է, մասնավորապես, Էջմիածնից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը: «Դառն է ասելը, բայց ուղղակի խաբում էլ էին,- պատմեց Արշակ Սադոյանը մեջբերելով, ասենք, «Միասնություն» խմբակցության ղեկավարին առնչվող պատմությունը:- Գալուստ Սահակյանն ասաց, թե ամբողջությամբ կմուծի ընտրագրավը, ես պատասխանեցի, թե ամբողջությամբ ոչ մեկից չեմ ցանկանում, եթե կարող ես /եւ այդքան գծեր-մծեր ունես/, ապա միգուցե մի 500 դոլարի չափո՞վ գումար տաս: Ցավալին այն էր, որ նաեւ գործարար, ազդեցիկ շատ մարդիկ, երեւի չուզենալով հարաբերությունները փչացնել ինձ հետ, զրույցների ընթացքում անընդհատ ասում էին. «Խնդիր չկա: Վաղը զանգիր, պայմանավորվենք»: Բայց ստացվում էր այնպես /եւ այստեղ, իհարկե, «ԱրմենՏելի» մեղքն էլ կա/, որ երբ զանգում էի՝ անընդհատ չէր միանում կամ չէին վերցնում: Մի գործարար էլ վերջում խոստացավ, թե կարող է մեկ շաբաթով տալ պակասող գումարը: Բայց քանի որ իմ ֆինանսական հնարավորությունները, ցավոք, չեն ներում պարտքն այդ ժամկետում վերադարձնելու համար՝ ռիսկի չդիմեցի»: ԱԺԴ նախագահը նաեւ նշեց. «Համոզված եմ, որ այդ փոքրիկ /հարուստների չափանիշներով/ պարտք տալը որեւէ խնդիր չէր ստեղծելու նրանց համար: Եվ չնայած չեմ կարող ապացուցել, բայց ինձ հասել են խոսակցություններ, որ նախագահի աշխատակազմում եղել են զրույցներ, թե ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք աջակցում: Մինչեւ վարկանիշների ուսումնասիրություններն ավելի մեծ պատրաստակամություն էր արտահայտվում, բայց հետագայում, երբ իրական դարձավ, որ ես կարող եմ ունենալ լուրջ հավակնություններ՝ երեւի կարգադրվել է չաջակցել: Բոլորն անխտիր համոզված էին, որ ես կհաղթահարեմ 5 տոկոսի արգելապատնեշը եւ ետ կստանամ ընտրագրավը: Այս առումով հարց չկար: Հարցերն առաջանում էին միայն այն առումով, որ զգուշանում էին, թե աջակցությունը կարող է հայտնի դառնալ: Եվ շատերը որոշեցին հարաբերությունները չփչացնել երկրի ուժեղների հետ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել