Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ֆուտբոլային առաջնությունը մեկնարկեց

Ապրիլ 15,2003 00:00

ՀՀ ֆուտբոլային առաջնությունը մեկնարկեց Առաջին տուրն առանձնացավ հեռացումների եւ զգուշացումների առատությամբ Վերջապես հայ ֆուտբոլասերների համար սկսվեցին հետաքրքիր ժամանակները։ Աշխարհի թիվ մեկ մարզաձեւը նորից դրամատիկ պահեր է պարգեւելու իր երկրպագուներին՝ ի դեմս Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության, որը ապրիլի 12-ին մեկնարկեց «Շիրակ»-«Փյունիկ» եւ «Միկա»-«Բանանց» հանդիպումներով։ Կենտրոնականն, անշուշտ, Գյումրիում կայացած խաղն էր, որում մրցեցին չեմպիոնն ու փոխչեմպիոնը։ Երեւանցիների համար պայքարի արդյունքն ավելի սկզբունքային նշանակություն ուներ։ Անցած երկու տարիներին «Շիրակը» երկու անգամ հաղթել էր «Փյունիկին»։ Բայց այս անգամ իրադարձությունները զարգացան ի նպաստ հյուրերի։ Մինչ հանդիպման սկսվելը թիմերի ավագները՝ Հովհաննես Թահմազյանը եւ Վարդան Մինասյանը, բարձրացրին Հայոց Եռագույնը՝ պաշտոնապես արձանագրելով առաջնության մեկնարկը Գյումրիում։ Ինչպես բնորոշ է բոլոր մեկնարկային խաղերին, այս մեկն էլ ներքին լարվածություն ուներ։ «Շիրակը» ձգտում էր սեփական հարկի տակ անպայման շուտափույթ արդյունքի հասնել։ Սակայն չեմպիոնն էլ իր հերթին մրցակցին չէր զիջում ոչ մի չափանիշով։ Ընդհակառակը, «Փյունիկի» գրոհները որպես կանոն հասնում էին տրամաբանական ավարտին, մինչդեռ «Շիրակը», ստեղծելով վտանգավոր պահեր, դրանք չէր հասցնում եզրափակիչ հարվածի։ 14-րդ րոպեին «Փյունիկը» գերազանց գրոհ ձեռնարկեց, որի արդյունքում ծնվեց առաջին գոլը։ Վախթանգ Հակոբյանն աջ եզրից ճշգրիտ փոխանցում կատարեց տանտերերի դարպասապահի հրապարակ եւ Մամադու Դիավարան բարձր ցատկով գլխի բացառիկ գեղեցիկ հարվածով խոցեց Ռայմոնդ Զադուրյանի պաշտպանած դարպասը։ Նույնատիպ գրոհներից մեկը «Փյունիկին» հաջողություն բերեց երկրորդ խաղակեսի 11-րդ րոպեին։ Միայն թե այս անգամ Աղվան Մկրտչյանի փոխանցումից հետո դիպուկ հարվածը գրանցվեց Խոսե Բիլիբիոյի անվան դիմաց։ Նշենք, որ երկրորդ կեսում վնասվածքի պատճառով խաղադաշտը թողեց շիրակցի Կարեն Ալեքսանյանը եւ այդ կորուստն անմիջապես անդրադարձավ գյումրեցիների խաղի ընդհանուր նկարագրի վրա։ Կարենը դաշտում կապողի դեր էր կատարում իր թիմի հարձակման եւ պաշտպանության միջեւ։ Եվ նրա հեռանալուց հետո այդ կապը կտրվեց։ Առաջին խաղակեսում ակտիվ գործող Արարատ Հարությունյանն արդեն գնդակ չէր ստանում։ Արդյունքն եղավ այն, որ ընդմիջումից հետո «Փյունիկի» դարպասի մոտ վտանգավոր պահերն էլ աստիճանաբար նվազեցին եւ ի վերջո սպառվեցին։ Չեմպիոնը հաղթանակ տարավ շնորհիվ խաղային կարգապահության եւ ճիշտ ընտրած տակտիկայի։ Ինչպես եւ ազգային հավաքականում, ակումբային պայքարում նույնպես Միխայ Ստոյկիցան մեկնարկային հանդիպումում սկզբունքային հաղթանակ տարավ։ Նույն օրը Աշտարակում կայացավ նաեւ «Միկա»-«Բանանց» հանդիպումը, որի հերոսը «Միկայի» խաղացող Արամ Ոսկանյանն էր։ Նախ 66-րդ րոպեին նա հստակ իրացրեց իրեն վայր գցելու համար նշանակված 11 մետրանոց հարվածը, ապա 4 րոպե անց փորձառու ֆուտբոլիստը դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ եւ վերջակետ դրեց հանդիպմանը։ «Միկան» հաղթեց 2։0 հաշվով։ Տուրի մյուս հանդիպումներում դժվարին հաղթանակ տոնեց նորացված «Կոտայքը»՝ մեկ անպատասխան գնդակ անցկացնելով «Դինամո- 2000»-ի դարպասը, իսկ Կապանի «Լեռնագործը» 4։0 հաշվով առավելության հասավ առաջնության նորեկ «Արաքսի» նկատմամբ։ Մեկնարկային տուրում աչքի ընկան նաեւ մրցավարները, որոնք 4 խաղում ընդհանուր առմամբ 5 կարմիր եւ 19 դեղին քարտ ցույց տվեցին կարգազանց ֆուտբոլիստներին։ Սա ցույց է տալիս, որ մրցավարական թիմը եւս այս առաջնությունում տրամադրված է վճռական եւ զիջումների չի գնալու։ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել