Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդի դատին

Հունիս 06,2003 00:00

Եվրախորհրդի դատին Պատժամիջոցներ չեն լինի, բայց խնդիրներ կծագեն ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը երեկ «Արմինֆոյին» վստահություն է հայտնել, թե հունիսի 23-27-ը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում պատժամիջոցներ չեն կիրառվի Հայաստանի նկատմամբ: Այդ նստաշրջանի ընթացքում քննարկվելու է մեր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության զեկույցը: Սակայն սա Հայաստանին առնչվող միակ հարցը չէ, որ քննարկման նյութ կդառնա Եվրախորհրդում: Ներկայացվելու է այն տարածքների վերաբերյալ զեկույցը, որտեղ անհնար է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը», եւ եվրոպական ինքնավարությունների մասին զեկույցը: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ այդ զեկույցների ֆոնի վրա հնարավոր է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկում: Նստաշրջանի ընթացքում կքննարկվի նաեւ Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը, որի լույսի ներքո՝ հնարավոր է, շոշափվի Հայաստանի նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած ձերբակալությունների հարցը: Ի դեպ, երեկ տարածվեց նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային տեղեկատվական ծրագրերի բյուրոյի հաղորդագրությունը՝ ըստ որի, ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Դագլաս Դեւիդսոնը հայտարարել է, թե ԱՄՆ-ը կիսում է Հայաստանում նախագահի ընտրություններից հետո տեղի ունեցած «վարչական կալանքների» առնչությամբ մտահոգությունը: «Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ-ի ՀՀ-ում դեսպան Ռոյ Ռիվի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված կոչը՝ հրաժարվել հնացած ընթացակարգերից, որոնք խորհրդային դարաշրջանի ժառանգությունն են, ինչպես նաեւ՝ այնպիսի օրենսդրություն մշակելու եւ ընդունելու կոչը, որն ապահովի ազատ խոսքի եւ ժողովների հստակ իրավական երաշխիքներ, այսինքն՝ Հայաստանի Սահմանադրությամբ արդեն նախատեսված իրավունքներ»,- ընդգծել է Դեւիդսոնը: Նշենք նաեւ, որ ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանին զուգընթաց տեղի կունենա մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի կողմից «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 6-րդ արձանագրության վավերացման, այսինքն՝ մահապատժի վերացման հարցը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել