Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է ԻՐ ՀՐԱՄԱՆԻՑ

Հունիս 27,2003 00:00

ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է ԻՐ ՀՐԱՄԱՆԻՑ Երեկ կառավարության նիստից հետո պատասխանելով «Առավոտի» հարցին, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ասաց, թե «այդ սակագինը (հավելավճարով ծառայությունների-Ա. Ու.) պաշտոնապես հաստատել եմ ապրիլ ամսին։ Առաջին անգամ է հաստատվել այդ սակագինը։ Չէ՞»։ Չէ՛: Մինչ այս ապրիլին նախարարի հրամանով հավելավճարով ծառայությունների համար նոր, բարձր սակագներ սահմանելը, գոյություն ուներ իր իսկ կողմից արձակված մեկ այլ հրաման, որը նախատեսում էր անհամեմատ ցածր (36 ցենտ) սակագին։ Այս ամենը հիշեցրինք նաեւ պարոն Մանուկյանին։ Մեզ հետաքրքրում էր, թե ինչ հիմնավորմամբ է նախարարը հետո ոչ միայն տարբերակում մտցրել այդ ծառայությունների մեջ, այլ նաեւ մի քանի անգամ բարձր սակագներ սահմանել։ Անդրանիկ Մանուկյանը տարակուսեց. «Բայց նախկինում «Թելեպլասի» ծառայություն մեզ մոտ եղե՞լ է, ես չգիտեմ։ Ճիշտն ասած, ես նման հրաման չեմ տվել։ Դուք երեւի սխալ ինֆորմացիա ունեք»։ Ստիպված ենք փաստել, որ Անդրանիկ Մանուկյանն, այնուամենայնիվ, տվել է նման հրաման։ Եթե մեկ ուրիշ նախարար տված լիներ նախորդ (ցածր սակագին սահմանող) հրամանը, գուցե հասկանալի լիներ պարոն Մանուկյանի «չհիշելը»։ Բայց փաստն այն է, որ երկու հրամանն էլ ինքն է արձակել եւ երկուսն էլ պաշտոնապես հրապարակվել են։ Նախկինում այդ ծառայությունները, ճիշտ է, չեն մատուցվել, սակագները չեն կիրառվել, բայց հաստատված են եղել։ Ամեն դեպքում, նշում ենք հրամանների պետական գրանցման համարները. նախորդը՝ 11602066, գրանցված 2002թ. ապրիլի 12-ին, գործողը՝ 11603106, գրանցված շուրջ մեկ տարի անց՝ 2003թ. ապրիլի 3-ին։ Իսկ սակագների հիմնավորվածության վերաբերյալ Ա. Մանուկյանն ասաց. «Սակագները ես եմ հաստատել, բայց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է, արդարադատության նախարարությունը հաստատել է, վերջում ես հաստատել եմ իմ հրամանով, ամրագրել ենք այդ սակագները, այլ հաստատում չի եղել»։ Թե ինչու են համաձայնել ու գրանցել բարձր սակագներ հաստատող հրամանը, արդարադատության նախարարությունից պատասխանեցին. «Նախարարությունն ընդամենը կատարում է գրանցում։ Իսկ գրանցման փաստն ընդամենը վկայում է, որ իրավական ակտը բխում է ընդունող սուբյեկտի լիազորություններից, օրենսդրությունից։ Մենք իրավական ակտին չենք տալիս ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական գնահատական»։ Այսինքն, արդարադատության նախարարությունը չի ուսումնասիրում իրավական ակտի տրամաբանությունը, եւ իրավունք չունի նման պատճառաբանություններով չգրանցել ակտը։ Իսկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից հետեւյալ կերպ պատճառաբանեցին. «Հրամանում նշված սակագները հաստատել ենք առանց փոփոխության, որովհետեւ այդ ծառայությունները ժամանցային են եւ պարտադրված չեն»։ Անդրանիկ Մանուկյանը չնայած իր նախորդ ասուլիսում դժգոհել էր «ինչ-ինչ կազմակերպություններից», որոնք բաժանորդներին կոչ էին արել դիմել դատարան, երեկ բաժանորդներին խորհուրդ տվեց դիմել դատարան եւ հավաստիացրեց, որ բաժանորդների կողմից հանդես կգա։ Պրն Մանուկյանն ասաց. «Այդքան որ վիճաբանության մեջ եմ մտել, այդքան որ բանակցել եմ «ԱրմենՏելի» հետ, զուտ բաժանորդի շահերից ելնելով։ Այլ շահ չեմ ունեցել»։ Նա ասաց՝ ճիշտ չեն գրում թերթերը, թե «Թելեպլասի» տերն ինքն է. «50%-ով հունական մի ընկերության է պատկանում, 50%-ով՝ «ԱրմենՏելին»։ Մինչեւ վերջերս անհայտ էր՝ կկայանա՞ արդյոք լիցենզիայի դրույթների «ԱրմենՏելի» կողմից կանխամտածված եւ պարբերաբար խախտման կապակցությամբ բաց ժողովը, որովհետեւ «ԱրմենՏելը» չէր արձագանքել հրավերին։ Բաց ժողովը կարեւորվում է նրանով, որ եթե հաստատվի, որ «ԱրմենՏելը» լիցենզիայի դրույթները կանխամտածված ու պարբերաբար է խախտում, ապա դա ընկերությանը լիցենզիայից զրկելու հիմք կտա։ Երեկ արդարադատության նախարարությունից տեղեկացանք, որ բաց ժողովը կկայանա՝ անկախ «ԱրմենՏելի» մասնակցությունից։ Այս անգամ բաց ժողովը կվարի ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը։ Երեկ տրանսպորտի եւ կապի նախարարը կառավարության նիստում զեկուցել էր հանրապետության ճանապարհների վերանորոգման հետ կապված հարցերի մասին։ Ըստ նախարարի, Հայաստանի միջպետական, հանրապետական եւ համայնքային նշանակության ճանապարհների համար նախատեսված է 2,5 մլրդ դրամ, որից 800 մլն-ը ծախսվում է ձմեռվա ընթացքում պահպանության համար։ Երեկ հաստատված ծրագրի համաձայն, 250 մլն դրամ կհատկացվի անձրեւի վարարումներից փլուզված, վնասված ճանապարհների վերանորոգման համար։ Դրանցից մի քանիսի վերաբերյալ երկրի ղեկավարների առաջ հարցերը բարձրացվել էին նախընտրական արշավների ժամանակ։ Համաշխարհային բանկի վարկավորմամբ այս տարի կկառուցվեն նաեւ հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհներ։ Ա. Մանուկյանը հայտնեց նաեւ, որ Հայաստանն այս տարի ստանձնելու է «Տրասեկա» ծրագրի նախագահությունը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել