Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը գտել է «թույլ օղակը»

Հուլիս 25,2003 00:00

Դատարանը գտել է «թույլ օղակը» Եվ 7 հոգանոց ընտանիքը շպրտել փողոց Շենգավիթ համայնքի Ֆրունզե փողոցի թիվ 153 տան բնակիչները վտարվեցին իրենց բնակարանից միայն այն պատճառով, որ բազմանդամ ընտանիքի մոր՝ Շամամ Կիրակոսյանի եղբայր Սերյոժա Կիրակոսյանը քաղաքացիական հայցով մտավ դատարան։ 1962թ. Շամամի հարսանեկան արարողությունը Հրաչիկ Մխիթարյանի հետ կատարվել է այս բնակարանում։ Սեփականատերն այն ժամանակ Հրանտ Հովսեփյանն էր, որի հարակից տանը 1 տարի վարձակալական իրավունքով ապրել է Շ. Կիրակոսյանի ընտանիքը։ 1963թ. Հ. Հովսեփյանի կինը ստանում է «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումից 3 սենյականոց բնակարան, ուր եւ տեղափոխվում են։ 1964թ. Հովսեփյանի եւ Շ. Կիրակոսյանի ամուսնու միջեւ կնքվում է տան առքուվաճառքի պայմանագիր, 2000 ռուբլի գումարով Կիրակոսյանները տեղափոխվում են Ֆրուզնե 153 տան 2 սենյականոցը։ 40 տարի անընդմեջ այս ընտանիքը բարեխղճորեն, կանոնավոր կատարում է բոլոր տիպի կոմունալ վճարումները, պետական մուծումները (անդորրագրերի կրկնօրինակները խմբագրությունում են)։ Տարիների ընթացքում այդ բնակարանում ծնվում- մեծանում են լուսանկարում պատկերված Շ. Կիրակոսյանի երեք երեխաները, որոնք գրանցված են վերոնշյալ տանը մինչեւ օրս։ Նախկին Լենինյան շրջանի գործադիր կոմիտեի որոշմամբ, Շամամ Կիրակոսյանին հանձնվում է սեփականատիրոջ վկայականը։ Վկայական, որը բարեբախտաբար այս օրերին գտնվեց Հայաստանի կենտրոնական արխիվում։ Ներկայացնեմ Երեւան քաղաքի պետական արխիվում պահպանված թիվ 12 արձանագրության քաղվածքը (Լենինյան շրջխորհրդի գործկոմի 1977թ. մայիսի 19-ի նիստի). «Քաղաքացի Հրաչիկ Գեղամի Մխիթարյանը 1963թ. ներքին կարգով գնել է Ֆրունզեի փող. նո. 153 տունը եւ մինչ օրս բնակվում է նշված տանը իր 5 անձից բաղկացած ընտանիքով։ Դիմումատու Հ. Մխիթարյանի կինը՝ Շամամ Կիրակոսյանն ունի 16 տարվա աշխատանքային ստաժ։ Գործադիր կոմիտեն որոշում է՝ հարգել քաղ. Հրաչիկ Գեղամի Մխիթարյանի խնդրանքը եւ որպես բացառություն, թույլատրել նրան իր ընտանիքով գրանցվել Ֆրունզեի փողոցի 153 տանը, նկատի ունենալով, որ նա փաստացի 1963թ. մինչ օրս բնակվում է այդ հասցեում»։ Շ. Կիրակոսյանի եղբայրը՝ Սերյոժա Կիրակոսյանը 1965-ին բանակից զորացրվելուց հետո կարճ ժամանակով բնակվում է այն նույն բնակարանում, ուր վարձով 1 տարի ապրում էին քույրն ու երեխաները։ 1999թ. պատահաբար Շամամը իմանում է, որ Հրանտ Հովսեփյանը 153 տունը «նվիրատվել» է Սերյոժային։ Հրանտ Հովսեփյանի մտքով չէր անցնի, որ արխիվում պահպանված կլիներ շրջխորհրդի գործկոմի որոշումն ու առքուվաճառքի պայմանագիրը։ Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատավոր Նաիրա Հովսեփյանը, ապա վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները ուս ուսի տված որոշեցին. 7 հոգուց բաղկացած ընտանիքին վտարել իրենց զբաղեցրած տարածքից։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել