Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկարգել՝ նշանակում է ծառահատել

Հուլիս 29,2003 00:00

Բարեկարգել՝ նշանակում է ծառահատել Այդպես են կարծում մեր «թայլանդասեր» պաշտոնյաները Երեւանի Կենտրոն համայնքի «Կանաչապատում» ՓԲԸ-ն երեկ շոգ կեսօրին որոշել էր «բարեկարգել» Բաղրամյան 6 շենքը շրջափակող կանաչ տարածքը։ «Բարեկարգման» արդյունքում տարածքի այդ հատվածում մնաց դատարկ հողը։ Ընկերության նախագահ Կարապետ Գեւորգյանը չթաքցրեց, որ ծառերից ու թփերից ազատվելու է ողջ տարածքը, որի սեփականատեր «Դիսքավրի տուր» ՍՊԸ-ն իրենց վճարել է այդ աշխատանքի համար։ Կանաչապատողները կանաչ գույնից տարածքը զրկում էին համաձայն այդ ընկերության հետ կնքած պայմանագրի։ Մոտ մեկ ամիս առաջ «Առավոտն» արդեն անդրադարձել է այս խնդրին։ Հիշեցնենք, որ տարածքի սեփականատերը Թաիլանդի Թագավորության պատվավոր հյուպատոս Արթուր Մկրտչյանն է (նույն ինքը՝ «Դիսքավրի տուր» ՍՊԸ նախագահը)։ Հողհատկացման փաստաթղթերում նշված է, որ տարածքը հատկացվում է Թագավորության հյուպատոսարանի շենքի կառուցման համար։ Այնինչ՝ արտաքին գործերի նախարարության պաշտոնական պատասխանում, Թաիլանդի Թագավորությունը նման խնդրանքով չի դիմել մեր երկրի կառավարությանը։ Այսինքն, պատվավոր հյուպատոսը, շահարկելով միջպետական հարաբերություններն ու անձնական ազդեցությունները, այդ անվան տակ պարզապես ձեռք է գցել կենտրոնում գտնվող հողակտոր։ Ըստ ստացած տեղեկությունների, Կենտրոնի կանաչապատողների հաշվին մուծվել է 720 հազար դրամ։ Զարմանալի չէ, որ «բարեկարգման» աշխատանքը հսկում-պահպանում էին երկու բարձրաստիճան ոստիկաններ։ Նրանցից մեկը ոգեւորում էր ծառահատողներին, որ կանգ չառնեն, արագ աշխատեն, չմոռանալով ժամանակ առ ժամանակ հեռախոսով զեկուցել ինչ-որ մեկին՝ թե ինչ է կատարվում։ Բնակիչներն ասացին, որ ոստիկաններն իրենց վախեցրել են՝ «չխառնվեք, հատկապես՝ տղամարդիկ, թե չէ վերջներդ լավ չի լինի»։ Այդ պատճառով էլ տարածքում միայն կանայք էին, որոնք թաց աչքերով հետեւում էին, թե ինչպես են սղոցում տասնամյակների իրենց ստեղծածը։ Որեւէ մեկին դիմելու փորձ գուցեեւ էլ չանեն։ Արդեն դիմել են հնարավոր ամեն տեղ՝ անօգուտ։ «Վերջին հույսը պատգամավոր Վլադիմիր Բադալյանն էր, որը խոստացել էր մեզ օգնել, եթե ընտրվի, ընտրվեց (թիվ 16 ընտրատարածքում.- Ռ. Ա.)։ Մեզ էլ՝ կողքի շենքում գտնվող ընտրատեղամաս գնալու համար, արտասահմանյան մակնիշի մեքենաներ էր տրամադրել, իսկ այսօր զանգեցինք, որ պատմենք կատարվածը, նույնիսկ չուզեց լսել եւ անջատեց հեռախոսը»,- ներկայացրին Բաղրամյան 6-ի բնակիչները, հետո ավելացրին սովորական դարձած արտահայտությունը.- «Էս երկրից գնալն է ճիշտ»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել