Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հուլիս 30,2003 00:00

Պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը Հայաստանի անկախացումից հետո մեր պատանի բռնցքամարտիկները երկու անգամ մասնակցել են աշխարհի եւ չորս անգամ Եվրոպայի առաջնությունների։ Այդ ընթացքում նրանք տվել են չեմպիոններ, ինչպես նաեւ արծաթե ու բրոնզե մեդալակիրներ։ Հուլիսի 30-ին մեր պատանի բռնցքամարտիկները մեկնելու են Կաունաս, որտեղ հինգերորդ անգամ հանդես են գալու եվրոպական ստուգատեսում։ Այդ առիթով զրուցեցինք պատանիների ավագ մարզիչ, Ֆեդյա Ալեքսանյանի հետ։ – 2003թ. մրցաշրջանի պատասխանատու միջազգային մրցումներին նախապատրաստվել սկսել ենք դեռ տարեսկզբից,- ասաց նա։- Տղաների առաջին կարեւոր փորձարկումը, կարելի է ասել, եղել է Վանաձորում անցկացված այդ տարիքային խմբի հանրապետության առաջնությունը։ Դրանից հետո աչքի ընկածների մի մասը առաջին անգամ ուսումնամարզական հավաքի մեկնեց Մոսկվայի Օլիմպիական հերթափոխի ուսումնարան։ Ընդ որում, ամբողջ ծախսը հոգացել էին հրավիրողները։ Դրանից հետո մեկ շաբաթով մեկնեցինք Վրաստան, որտեղ մարզումային մենամարտեր եղան տեղի բռնցքամարտիկների հետ։ Դա ես անչափ կարեւորում եմ մրցափորձի կուտակման առումով։ Դրանից հետո կազմավորվեց մեր պատանեկան հավաքականը, որն էլ մասնակցեց աշխարհի առաջնությանը։ Այնտեղ մեր ունեցած լավագույն արդյունքը 5-րդ տեղն էր։ Բայց իմ համոզմամբ, դա իրականությանը չի համապատասխանում։ Մեր բռնցքամարտիկը հաղթում էր, սակայն մրցավարների կողմնակալության պատճառով նրա ճանապարհը փակվեց։ – Հիմա առջեւում Եվրոպայի առաջնությունն է։ Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստությունը։ – Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են նորմալ։ Հիմա տղաները դեռ իրենց լավագույն մարզավիճակում չեն։ Աշխատանքները մենք ենք այդպես կազմակերպել, որպեսզի նրանք իրենց բարձրակետին հասնեն մրցումների օրերին։ – Ովքե՞ր են մեկնելու Կաունաս։ – Այսօրվա դրությամբ թիմում ընդգրկված է չորս հոգի։ Բայց մինչեւ մեկնելը, հնարավոր է, եւս մի բռնցքամարտիկ ավելանա։ Դա կախված է հավաքի վերջում ունեցած մարզավիճակից։ Ամբողջական թիմ չենք տանում, որովհետեւ բոլոր քաշային կարգերում չէ, որ տղաների մակարդակը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ – Իսկ ի՞նչն է դրա պատճառը։ – Նախեւառաջ միջազգային մրցափորձի պակասը։ – Գիտենք, որ այսօր այնքան գումար չկա, որպեսզի բոլորը գործուղվեն մրցումների։ Այդ բացը լրացնելու որեւէ տարբերակ գիտե՞ք։ – Պետք է անել այնպես, որպեսզի նվազագույն հնարավորություններից առավելագույն օգուտ քաղվի։ Օրինակ, Ռումինիայում աշխարհի առաջնության ժամանակ ես տարբեր երկրների իմ գործընկերների հետ պայմանավորվեցի, որպեսզի օգտվենք առիթից եւ պարտված ու պայքարից դուրս մնացած բռնցքամարտիկների միջեւ նույն մարզադահլիճում եւ նույն ռինգում ստուգողական մենամարտեր անցկացնենք։ Համաձայնեցին ու դա անչափ օգտակար եղավ մարզիկների համար։ Մասնավորապես, մեր տղաներից մի քանիսն անցկացրին մինչեւ հինգ մրցամարտ ու հաղթեցին։ – Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք Կաունասից։ – Հուսով եմ, որ առնվազն մեկ մեդալ կլինի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031