Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՉԷ

Հունվար 20,2004 00:00

ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՉԷ «Ինձ համար անակնկալ էր, որ դեռ Ղարաբաղում են եղել նման փորձեր»,- այսպես արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դատարանում իր եղբոր հայտարարությանը, թե Տիգրան Նաղդալյանի սպանության մեջ մեղադրվող Ջոն Հարությունյանին 48 ժամ ձեռնաշղթաներով կապել են խողովակին եւ ստիպել տալ Բազեյանի, Գեղամյանի, Դեմիրճյանի կամ Արամ Սարգսյանի անունները: Մեր խնդրանքով Արամ Սարգսյանը մեկնաբանեց նաեւ իշխանական մամուլում անընդհատ կրկնվող ակնարկները, թե իրականում Արմեն Սարգսյանն ընդամենը կազմակերպիչներից կամ միջնորդներից մեկն է, իսկ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրել է Սարգսյանների ընտանիքը: «Դա արդարադատության հանդեպ ոտնձգություն է,- ասաց Արամ Սարգսյանը:- Եթե հիմքեր ունի այդ պնդումը, թե մեր ընտանիքն է պատվիրել, ուրեմն թող կալանավորեն մեր ընտանիքի այն անդամին, որը պատվիրել է. Արմեն Սարգսյանն այդտեղ ի՞նչ կապ ունի: Իսկ բարոյական եւ քաղաքական առումով կարող եմ ասել, որ նման հայտարարությունները թելադրվում են մի կենտրոնից եւ խնդիր ունեն վարկաբեկել Վազգեն Սարգսյանին ու նրա ընտանիքը. դրանով իսկ հիմնավորվում է Տիգրան Նաղդալյանի քրոջ խոսքը, թե սա «հոկտեմբերի 27»-ի շարունակությունն է»: Այսօր վերաքննիչ դատարանում կհնչի այս գործով երկրորդ դատավճիռը: «Հանրապետության» առաջնորդը որեւէ ակնկալիք ունի՞, թե Արմեն Սարգսյանի մասով այն տարբեր կլինի 1-ին ատյանի դատավճռից: «Վերաքննիչի դատավճռից որեւէ սպասելիք չունեմ,- ասաց Արամ Սարգսյանը:- Թե՛ 1-ին ատյանի դատարանում, թե՛ վերաքննիչում մենք խնդիր էինք դրել ապացուցել Արմեն Սարգսյանի անմեղությունը եւ դա մեզ հաջողվեց, քանի որ դա է ճշմարտությունը: Իշխանություններն, իրենց ձեռքի տակ ունենալով դատավորներ, դատախազություն ու նույնիսկ ամբաստանյալներից ոմանց, ովքեր հիմնականում ցուցմունքներ չէին տվել դատարանում՝ մեղմացրին նրանց բոլորի պատիժները: Իսկ ովքեր ցուցմունքներ էին տվել՝ նրանց բոլորի պատժաչափը սահմանվեց ավելին, քան դրա համար հասնում էր: Իշխանությունը չկարողացավ դատարանում ապացուցել Արմեն Սարգսյանի մեղավորությունը: Կարծում եմ, քաղաքական դաշտում էլ նույն կերպ կհաղթենք, ու երբ գան ժամանակներ, երբ դատավարություն կանի արդար դատարանը՝ ավելի հեշտ կլինի նրա խնդիրը, քանի որ այս դատավարություններն ամբողջությամբ հիմք կծառայեն Արմեն Սարգսյանին ազատ արձակելու համար»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել