Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

Ապրիլ 01,2004 00:00

ԱՆԿԱԽ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ «Ա1+»-ը շարունակում է պայքարել եթեր վերադառնալու համար «Մենք երթ չենք անելու, մենք ուղղակի քայլելու ենք գարնանային Երեւանի փողոցներով: Ապրիլի 2-ին, ժամը 14-ին Գրիգոր Լուսավորչի փողոցից՝ «Ա1+»-ի շենքի մոտից խաղաղ քայլքով, մայթով գնալու ենք Մատենադարան, որտեղ ժամը 15-ին կլինի հանրահավաքը»,- երեկ հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Վարդան Հարությունյանը: Երեկ «Ա1+»-ի պաշտպանության նախաձեռնող խմբի ասուլիսի ժամանակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը կրկնեց երթի եւ հանրահավաքի պահանջը՝ անհապաղ անցկացնել ազատ կապուղիների նոր մրցույթ, որի արդյունքների ամփոփմանը կմասնակցեն եւ ընդգրկված կլինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Երկու տարի առաջ նախագահի կամակատար հանձնաժողովը՝ իրականությունը վարդագույն ակնոցով ներկայացնելու եւ «միայն բարի լուրեր» լսելու նպատակով եթերից զրկեց միակ անկախ հեռուստաընկերությունը: Երկու տարիների ընթացքում օրինապահ «Ա1+»-ը հետեւողականորեն մասնակցեց կապուղիների համար հայտարարված գրեթե բոլոր մրցույթներին, եւ ինչպես նշեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը՝ «բոլոր ութ դեպքում էլ մենք ճանաչվեցինք «թույլիկ», եւ այդ բոլոր մրցույթների արդյունքները մենք վիճարկեցինք դատարաններում»: Դատական այդ քաշքշուկները, ինչպես սպասվում էր, արդյունք չտվեցին, սակայն հիմա «Ա1+»-ի գործը գտնվում է Եվրոդատարանում: Հայցն անընդհատ հարստանում է թարմ դրվագներով՝ մեր «անկախ» դատարանները բողոքարկելու անսպառ հնարավորություն են տալիս: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ ապրիլին պարզ կլինի՝ ԵԴ-ն ընդունո՞ւմ է «Ա1+»-ի գործը վարույթ, թե՝ մերժում: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համարում էր, որ «Ա1+»-ից զրկվելը հասարակության մեղքն էր. «Իհարկե, դա քաղաքական պատվեր էր, իհարկե իրավական ճանապարհով ոչնչի չհասնելը ի սկզբանե պարզ էր: Բայց մենք բոլորս մեղավոր ենք դրանում: Մեր հասարակությունը թույլ գտնվեց, չկարողացավ պաշտպանել խոսքի ազատության իր իրավունքը»: Ա. Իշխանյանը նշեց, որ «Ա1+»-ը պիտի բացվի՝ անկախ քաղաքական իրավիճակից, փոփոխություններից: Ես չեմ ուզում, որ հետո որեւէ քաղաքական ուժ իրեն վերագրի «Ա1+»-ի բացումը, եւ իրեն իրավունք վերապահի՝ բացելով «Ա1+»-ը, փակի մի այլ լրատվամիջոց»: «Տարեգիր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը, որ մինչեւ վերջերս խմբագրում էր «Այբ-Ֆե» օրաթերթը, ասաց, որ «Ա1+»-ը մրցույթում պարտված հեռուստաընկերություն չէ, այլ՝ քաղաքական պատվերով փակված: Եվ դրա ապացույցն են ինչպես դատական անհեթեթ քաշքշուկները, այնպես էլ որոշ իշխանավորների մասնավոր զրույցները: «Առավոտի» հարցին՝ արդյոք երկու տարի եթերազրկված լինելուց հետո չե՞ն զղջում, որ 2002թ. չընդունեցին Ռ. Քոչարյանի հրավերն ու գնացին առճակատման, հաշվի չառնելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փորձը, որը նախընտրեց խաղաղ եղանակով լուծել իրենց գոյության հարցը, Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. «Ռուսթավի 2»-ը գործում էր քաղաքականապես ճահճացած վրացական ղեկավարության առկայությամբ, այնտեղ չկային լուրջ ճնշումներ ազատ խոսքի հանդեպ: Իսկ մեզ մոտ ամեն ինչ ավելի սուր էր: Ափսոսանք ու զղջում չկա»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել