Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանի եւ դատախազի «համարժեք» հանդիպումից

Ապրիլ 14,2004 00:00

Իրավապաշտպանի եւ դատախազի «համարժեք» հանդիպումից Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ գիշերը կարելի էր ավելի մեղմ գործել Երեկ ժամը 16-ին հանդիպեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Նա ասաց, որ հետեւում է դեպքերին եւ այդ պահին իր տրամադրության տակ է գտնվում անհատ քաղաքացիներից ստացած տեղեկատվությունը։ Լ. Ալավերդյանն ասաց, որ ինքը դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ հանդիպելու խնդրով, սակայն չի հաջողվել։ Իրավապաշտպանը կարեւորում է պաշտոնական սկզբնաղբյուրից ստացած տեղեկատվությունը։ Նա հայտնեց, որ հանդիպելու է գլխավոր դատախազի հետ։ «Առավոտը» փորձեց ճշտել, թե ինչպիսին է նրա գնահատականը՝ թեկուզ ըստ մասնավոր սկզբնաղբյուրներից ստացած տեղեկությունների։ Լ. Ալավերդյանի կարծիքով. «Միշտ չէ, որ ձեռնարկված միջոցները համարժեք են այն անձանց գործողություններին, որ կիրառվում է։ Համարժեք չեմ համարում նաեւ վարչական կալանքը»։ Լ. Ալավերդյանը տեղյակ էր նաեւ, որ լրագրողների նկատմամբ նույնպես կան ոտնձգության փաստեր։ Նա նաեւ իր դժգոհությունը հայտնեց, որ դիմելով իրավապահ մարմիններին, ակնկալել էր ստանալ ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված ոտնձգությունների մասին տեղեկատվություն եւ պատասխան չի ստացել։ Ժամը 21։00-ին Լարիսա Ալավերդյանը արդեն հանդիպել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի։ – Ի՞նչ խոսակցություն է եղել գլխավոր դատախազի հետ,- հարցրինք մենք։ – Գիշերվա իրադարձությունների շուրջ էր ընթանում մեր խոսակցությունը։ Արտակ Զեյնալյանը, տեղեկացա, որ ձերբակալվածի կարգավիճակում է գտնվում, առանձին մարդկանց մասին ստացած լուրերը դեռ ճշտվում էին, անցկացվել էին քննություններ։ Երբ այս պահին ես զրուցում եմ ձեզ հետ, դատախազությունում ամփոփվում է կատարվածը, խոստացել են ինձ տեղեկություններն ամբողջությամբ տրամադրել հաջորդ օրը։ Ա. Զեյնալյանի հետ հարցաքննությունն ավարտված էր։ – Լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունների հարցը բարձրացվե՞լ է հանդիպման ժամանակ։ – Նախորդ՝ ապրիլի 5-ի հանրահավաքի կապակցությամբ, պարզել էին (վկայակոչեց բժշկական եզրակացությունը), որ ֆիզիկական վնասվածքներ ստացած անձինք չկային, իսկ այլ վնասների հայտնաբերման ուղղությամբ դեռեւս գործողությունները ավարտին չեն հասցվել։ Ինչ վերաբերում է գիշերվա դեպքերին, պարոն գլխավոր դատախազը մնում է այն կարծիքին, որ ոստիկանության գործողությունները եղել են համարժեք, իսկ ես այն կարծիքի էի, որ գործողությունները համարժեք չեն եղել եւ կարելի էր ավելի մեղմ գործել։ Ես մնում եմ այն կարծիքին, որ տուժողները, որոնց նկատմամբ գործադրվել է ուժ, պետք է դիմեն դատախազություն՝ հետաքննություն անցկացնելու համար։ Որպեսզի նաեւ համոզվենք, որ օրենքը գործում է բոլորի համար հավասար։ – Մենք տեղյակ ենք, որ քրեական գործ է հարուցվել ՀԺԿ լրատվական կենտրոնի պատասխանատու Ռուզան Խաչատրյանի նկատմամբ եւս, եւ նա ձերբակալված է։ Այդ հարցը շոշափվե՞լ է հանդիպման ժամանակ։ Թե՛ ոստիկանությունը, թե՛ դատախազությունը պաշտոնապես չեն հաղորդել, թե քանի հոգու նկատմամբ է քրգործ հարուցվել։ Ձեզ տեղեկություն տրվե՞ց այդ մասին։ – Պարոն դատախազը այսօր կտրամադրի նաեւ այդ ինֆորմացիան։ Քրեական որեւէ հարուցված գործ առայժմ չկա։ Ռուզան Խաչատրյանի հետ կապված տեղեկատվությունը ես ստացել եմ, երբ գնում էի հարցազրույցի «Արձագանք» ռադիոկայան։ Երեկ ողջ օրվա ընթացքում ինձ շարունակաբար դիմել են Արտակ Զեյնալյանի, Ալբերտ Բազեյանի, Վաղարշակ Հարությունյանի եւ Արամ Սարգսյանի հարցով։ Ավելի հանգամանորեն կխոսեմ «Արմենպրեսի» մամուլի սրահում այսօր կայանալիք ասուլիսի ժամանակ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել