Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ

Ապրիլ 19,2005 00:00

Մարտի 27-ից սկսած, Նորք-Մարաշում
հոսանքի մատակարարման խափանումներ շատ հաճախ են լինում: Էլեկտրաէներգիայի հոսանքի
անջատումները տեւում են մեկ ժամից մինչեւ մեկուկես օր: Շենգավիթ համայնքի
բնակիչների վկայությամբ, վերջին երկու ամիսներին մոտավորապես նույն վիճակն է նաեւ
այնտեղ: Երբեմն-երբեմն ավելի քիչ ժամանակահատվածներով հոսանքազրկումներ են լինում
նաեւ Հարավ-արեւմտյան թաղամասում: Շաբաթ օրը երեկոյան ժ. 21-22-ի սահմաններում, ականատեսների
վկայությամբ, մթության մեջ է հայտնվել մայրաքաղաքի մի հսկայական հատված՝ մոտավորապես
օպերայի տարածքից մինչեւ Ներքին Չարբախ: Այս պայմաններում անելիքը պլանավորել
անհնար է դառնում, չհաշված, որ հոսանքազրկվող տարածքներում գտնվում են առեւտրի ու
սպասարկման օբյեկտներ, որոնք ֆինանսական տույժեր են կրում: Օրինակ, Նորք-Մարաշի բնակիչներին
բացատրում են, որ խափանումները տեղի են ունենում վթարների պատճառով: Իսկ վթարները
պատճառաբանում են եղանակով. անձրեւ է՝ վթար է լինում, քամի է՝ վթար է լինում, անգամ
արեւին են վթարներ լինում: Այնպես որ, բնակիչները նույնիսկ չեն կողմնորոշվում՝ որ
եղանակից զգուշանան: Հոսանքազրկվող տարածքների բնակիչների համեմատաբար տեղեկացված
մասը անգամ կասկածներ ունի, որ էլցանցերի աշխատակիցները ոչ միշտ են արագ արձագանքում
վթարներին: Դեռեւս անցյալ տարի, երբ նմանատիպ խափանումները հաճախ էին, «Հայէլցանցերից»
հավաստիացրին, որ դրանք պայմանավորված են մալուխների նորացման աշխատանքներով, ինչն
արվում է խափանումները վերացնելու նպատակով: Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովը, որը ոլորտի կարգավորողն ու ներդրումային ծրագրերի կատարումը վերահսկողն
է, մեր հրապարակմանն ի պատասխան եւս՝ փոխանցեց բաշխիչ ցանցերի սեփականատիրոջ այս
պատասխանը: Սակայն այդ դեպքում ինչո՞վ բացատրել ներկայիս հոսանքազրկումները: Եթե
հիշենք՝ բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման անհրաժեշտությունը պայմանավորված էր
հենց ներդրումների ներգրավմամբ, որովհետեւ ցանցն արդեն բավականին քայքայված էր եւ
չէր կարողանում անխափան էլեկտրամատակարարում ապահովել: Սակայն եթե էլեկտրամատակարարումը,
միեւնույն է, անխափան չի լինելու մասնավորեցումից նույնիսկ մի քանի տարի անց, ապա
կարելի է ասել, որ բաշխիչ էլեկտրացանցերի բիզնեսը այսպես կառավարում էր նաեւ պետությունը.
իմաստը ո՞րն էր մասնավորեցման: Փոխարենը «Հայէլցանցերը» փութաջանորեն պաշտպանում
է իր իրավունքները՝ գյուղերում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարած բնակիչների
պատճառով հոսանքազրկելով նաեւ վճարողներին, այդպիսով բարեխիղճ սպառողների իրավունքները
չոտնահարելու համար մի մեխանիզմ չմշակելով: Պատրաստ ենք հոսանքի խափանումների վերաբերյալ
տպագրել «Հայէլցանցերի» պատճառաբանությունները: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆՀ.
Գ. Էլեկտրաէներգիայի մատակարարումը միակ հանրային ծառայությունը չէ, որից բնակիչները
դժգոհելու պատճառներ ունեն: Ջրամատակարարումը եւս գովասանքների տեղ քիչ է թողնում.
ջրազրկման ամենաթարմ օրինակը Խորենացու 43 եւ 45 շենքերինն է, որոնք 3 օր է՝ ջուր
չունեն, բնակիչները տեղյակ էլ չեն, թե ինչ պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել