Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ

Մայիս 11,2005 00:00

ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 6-8-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ նրա լուսաբանումը լրատվամիջոցներում» թեմայով սեմինար: Այն բազմամարդ էր, հետեւաբար նույն հարցի շուրջ հնչեցին տարաբնույթ կարծիքներ: «Քաղաքական գործընթացները Հարավային Կովկասի երկրներում եւ ղարաբաղյան հիմնախնդիրը» թեմայով զեկույցի հեղինակ, «168 ժամ» թերթի խմբագրի տեղակալ Արմեն Բաղդասարյանը գտնում էր, որ ղարաբաղյան հակամարտությունը թե տնտեսական, թե քաղաքական առումներով բացասական է անդրադառնում տարածաշրջանի երկրների բնականոն զարգացման վրա. «Եթե չլիներ հակամարտությունը, ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը ստիպված չէին լինի այդքան մեծ թվով բանակ ունենալ: Իսկ Բաքու-Ջեյհան նավթամուղը կանցներ ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով, քանի որ ֆինանսապես ամենահարմար տարբերակը դա էր»: Վերջինիս կարծիքով, այսօր Արցախի հարցի «ցանկացած լուծում մեզ ձեռնտու է, քանի որ հարցի ձգձգումը միայն ի վնաս մեզ է: Ամեն օր, ամեն ժամ մեր դիրքերը թուլանում են: Ադրբեջանի տնտեսական պոտենցիալը շատ ավելի մեծ է»: Պարոն Բաղդասարյանը գտնում էր, որ Վրաստանի ապագան էլ «շատ ավելի պայծառ է, քան Հայաստանինը»: Իր գործընկերոջ կանխատեսումներին հակադրվեց «Ազգ» օրաթերթի լրագրող Թաթուլ Հակոբյանը, նշելով, որ «Սահակաշվիլու իշխանության գալուց հետո Վրաստանում որեւէ ընդդիմադիր լրատվամիջոց չի մնացել, ինչը կար Շեւարդնաձեի օրոք: Եթե Վրաստանն այդ տեմպերով գնա, Հայաստանից հետ կմնա»: «Ազգի» լրագրողին հատկապես անհանգստացնում էր ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանակցային գործընթացների «խիստ գաղտնի լինելը, ինչն ավելի է դժվարացնում լրագրողի աշխատանքը: Այդ պարագայում լրագրողներին միայն մնում է եզրակացություններ անել բանակցողների դեմքի արտահայտություններից կամ տրամադրությունից»: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը ներկայացրեց հայերի եւ ադրբեջանցիների շրջանում իրենց կենտրոնի՝ վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները: Ըստ դրանց. «Ադրբեջանում հակահայկական տրամադրվածություններ իշխում են հասարակության բոլոր շերտերում: 16-ից մինչեւ 25 տարեկան ադրբեջանցիները դրսեւորում են գրեթե նույն տեսակի ագրեսիվություն Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ, ինչ՝ 35-45 տարեկանները՝ այն սերունդը, որը մասնակցել է Ղարաբաղի պատերազմին: Մեզ մոտ պատկերն այլ է՝ ամենաբարձր նեգատիվության աստիճանը դրսեւորում են 35-45 տարեկանները, որոնք իրենց ուսերին կրել են պատերազմի ծանրությունը: Հայ հասարակության մնացած շերտերում նման ագրեսիվություն չի դրսեւորվում եւ ամենաչեզոքը ադրբեջանցիների նկատմամբ 16-25 տարեկաններն են»: Լ. Բաղդասարյանի ելույթից հետո ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը սեմինարին մասնակից 16-25 տարեկան երիտասարդներից փորձեց ճշտել նրանց հակաադրբեջանական տրամադրվածությունը: հ2 հեռուստաընկերության լրագրող Կարեն Վարդանյանը վկայակոչեց ադրբեջանցի երիտասարդների հետ ինտերնետով շփվելու իր փորձը՝ նշելով, որ հաղորդակցվում են առանց ավելորդ «ամբիցիաների եւ ագրեսիվություն ցուցաբերելու»: Բորիս Նավասարդյանը մոնիտորինգելով հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները, ներկայացրեց այն կարծրատիպերը, կլիշեները, որոնք տեղ են գտել երկու երկրների մամուլում: Ըստ նրա. «Ադրբեջանում քարոզչական պատերազմն ուղղորդվում է պաշտոնական ատյաններից: Հայաստանում այն տարերային բնույթ է կրում: Ռազմատենչ ոգու պահպանման գործում ադրբեջանական մամուլը լուրջ հաջողությունների է հասել, Հայաստանում այս առումով պասիվ են: Ադրբեջանի մամուլում կարծրատիպերից ամենահաճախ հանդիպողը այն է, որ ԼՂՀ պաշտոնյաների, պետական ինստիտուտների անվանումները գրվում են չակերտներում՝ այդկերպ շեշտելով դրա անլրջությունը: Կամ գրում են ղարաբաղյան սեպարատիստներ, ադրբեջանական հողերի օկուպացիա, հայկական ագրեսիա, Խոջալուի ցեղասպանություն: Ստեփանակերտի փոխարեն օգտագործում են Խանքենդի: Կամ, որ հայերը հավակնում են ադրբեջանական մշակութային արժեքներին եւ այլն: Կլիշեներից հայկական մամուլն օգտագործել է ադրբեջանական վանդալներ, բարբարոսներ, ազերիներ»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031