Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ

Մայիս 24,2005 00:00

«ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԹԱԼԱՆՈՒՄ Է» Ըստ «ԱՀԱ Ինվեստ» ՍՊԸ-ի («Լունա» սրճարան) ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանի, մեր եկեղեցին թալանում է օտարերկրյա ներդրողներին: Սա այն ՍՊԸ-ներից մեկն է, որ վարձակալել է ԳԱԱ Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտներին պատկանող շենքից մի հատված եւ հիմա, դատարանի «բացահայտ կողմնակալ» վճռով պետք է թողնի տարածքը, որովհետեւ կառավարությունը դեռ 2003-ին, Գարեգին Բ-ի խնդրանքով, ինստիտուտների շենքը նվիրաբերել է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ մայրաքաղաքում Հայրապետական վեհարան կառուցելու նպատակով: 2005-ին եկեղեցին դիմել է դատարան՝ վարձակալության պայմանագիրը, պետական գրանցումն անվավեր ճանաչելու եւ «ԱՀԱ Ինվեստ» ՍՊԸ-ին տարածքից վտարելու պահանջով: Եկեղեցու հիմնավորումը, ըստ փաստաբանի, այն է, որ հիշյալ շենքը ԳԱԱ-ի սեփականությունը չէ, որ իբր վկայականը վավեր չէ: Սակայն այդ դեպքում իրավաբանորեն գոնե պետք է անվավեր ճանաչվեր սեփականության վկայականը, որի հիման վրա էլ՝ վարձակալությանը: Ինչո՞ւ եկեղեցին սեփականության վկայականի անվավերության պահանջով դատարան չի դիմել: Որովհետեւ հակառակ դեպքում նվիրատվության պայմանագիրն էլ անվավեր կճանաչվեր: «Եթե անվավեր է վարձակալության պայմանագիրը, ուրեմն անվավեր է եւ նվիրատվության պայմանագիրը: Քանի որ միայն ու միայն սեփականատերը կարող է նվիրաբերություն իրականացնել»: Փաստորեն, գործում է երկակի ստանդարտ. երբ վարձակալության հարցն է դրվում, պարզվում է, որ շենքը ԳԱԱ սեփականությունը չէ, իսկ երբ նվիրվում է, պարզվում է՝ սեփականությունն է: Ի դեպ, «ԱՀԱ Ինվեստ» ՍՊԸ-ն վարձակալության պայմանագիրը կնքել է օրենքով սահմանված կարգով, ներկայացվել է պետական կադաստրի մարմին, գրանցվել է, ստացել է վարձակալության իրավունքի վկայական, մի խոսքով, արել է օրենքով սահմանված ամեն ինչ: Իսկ դա արվել է Կադաստրի պետական կոմիտեի կողմից՝ 2002 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1013300 վկայականի հիման վրա, ըստ որի Լեզվի ինստիտուտի տարածքը ճանաչված է որպես ԳԱԱ սեփականություն: Կա հարցի ոչ պակաս կարեւոր կողմը եւս: ԳԱԱ-ի ու ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրում նշված է, որ «եթե ԳԱԱ-ն փորձի պայմանագիրը խախտել, պետք է ՍՊԸ-ին վճարի կատարված ներդրումները, որ կազմում է մոտ 61 մլն դրամ»: Քաղաքացիական օրենսգրքով էլ ամրագրված է, որ սեփականատիրոջ իրավունքի փոփոխությունը հիմք չէ պայմանագիրը դադարեցնելու համար: Այսինքն՝ ՍՊԸ-ի հետ նոր պայմանագիր պետք է կնքվեր, որ չի արվել: Փաստաբան Մելանյա Առուստամյանը երեկ լրագրողներին ներկայացրեց նաեւ մի շարք իրարամերժ փաստեր: Դատարան դիմելուց հետո արդեն եկեղեցու հարցումներին ի պատասխան կադաստրն ասել է, որ տարածքը ԳԱԱ-ին է տրված ոչ թե սեփականության, այլ օգտագործման իրավունքով: «Եվ նույնիսկ ապացույցների իրարամերժության պայմաններում էլ դատարանը այդ կողմերին չի կանչում հարցաքննության: Սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածի բացահայտ խախտում է, որովհետեւ կողմը զրկվել է ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: «ԱՀԱ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերը ԱՄՆ քաղաքացի է, ներդրում է կատարել, իսկ Հայ առաքելական եկեղեցին թալանում է օտարերկրյա ներդրողներին»,- եզրափակեց տիկին Առուստամյանը: «Սա մութ գործարք է, որին խառնվել է եկեղեցին, եւ դա շատ վտանգավոր է: Կառավարությունը պետք է չեղյալ համարի իր որոշումը, գա զրոյական վիճակի, շենքը վերադարձնեն Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտներին, այնուհետեւ ճշտեն հարաբերությունները վարձակալների միջեւ: Վտանգը ես տեսնում եմ եկեղեցու՝ այսպիսի խաղերում ներգրավվելու մեջ, որին ե՛ւ Ակադեմիան, ե՛ւ կառավարությունը աջակցում են»,- մեզ հետ զրույցում ասաց Լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. «Լունա» սրճարանի տնօրեն Յուրա Ստեփանյանն ասում է, որ, ըստ տարածված լուրերի, Վեհարանի հետեւում, բակի կողմից նաեւ բնակելի շենք պետք է կառուցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031