Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրությունը

Հոկտեմբեր 29,2005 00:00

«Սահմանադրությունը միայն «այո-ոչի» համար չէ» Երեկ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը եւ փոխնախագահ Խաչիկ Ոսկանյանը լրագրողներին ներկայացրին ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ իրենց դիտարկումները: Հարություն Համբարձումյանը համոզմունք հայտնեց, որ 2003թ. ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տապալման հիմնական պատճառը բնակչության անտեղյակությունն էր: Ըստ հ/կ-ի դիտարկումների՝ այդ ընթացքում կուսակցություններն ու իշխանությունը զբաղված էին ԱԺ պատգամավորական ընտրությունների քարոզարշավով. սահմանադրական փոփոխությունները մշակվել էին հրապարակայնության բացակայությամբ, ԱԺ-ում դրանց ընդունմանը չէին նախորդել լուրջ քաղաքական եւ փորձագիտական քննարկումներ, չէին իրականացվել ընտրողների իրազեկման լուրջ ծրագրեր: Փաստորեն, հանրաքվեի դրված փաստաթուղթը լայն հանրությանն անմատչելի էր եւ անհասկանալի: Եվ ըստ հ/կ-ի, սահմանադրական բարեփոխումների մասին բնակչությունն այժմ էլ լիարժեք տեղեկացված չէ: Հ. Համբարձումյանը նշեց, որ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ն միանալով 7 այլ կազմակերպությունների, սահմանադրության նախագծի առաջին ընթերցումից հետո որոշել է իրազեկել հանրությանը, լսել նրա կարծիքը, իրավաբանական անձանց եւ այլ կազմակերպությունների տեսակետները, որոնք իրենք կառաջարկեն սահմանադրության երկրորդ ընթերցման ժամանակ: «Երբ որոշեցինք առաջարկ ներկայացնել ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողով, պարզվեց, որ ապահովված չէ այն թափանցիկությունը, որը նրանք ծավալում էին առաջին ընթերցումից հետո: Հանրությունը եւ հասարակական կազմակերպությունները չգիտեին, թե ինչ է նախատեսվում երկրորդ ընթերցմամբ: ԱԺ խումբ-խմբակցություններից ոչ մեկը տեղյակ չէր այդ փոփոխություններին: Նման փակ եւ գաղտնի գործընթացը հանրության մեջ կասկած առաջացրեց, որ իշխանությունները, երկրի նախագահը ուզում են ստեղծել մի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա նախագահին վերընտրվել»,- ասաց Հարություն Համբարձումյանը: Խաչիկ Ոսկանյանը փաստեց, որ իր ծանոթներն ու բարեկամներն ասում են, թե երբ լսում են իշխանական թեւին, որոշում են «այո» ասել սահմանադրական բարեփոխումներին, իսկ հակառակ թեւին լսելով՝ անմիջապես հիասթափվում են: Նա ավելացրեց, որ նոր Սահմանադրության մեջ ընդգրկված հոդվածները հանրությանը կիսատ-պռատ են ներկայացվում: Օրինակ՝ տեղեկացվում է, որ նախագահը իրավունք ունի պատերազմ, արտակարգ իրավիճակ հայտարարել, բայց չի նշվում, որ ԱԺ-ն կարող է ոչ միայն խոչընդոտել դրան, այլեւ նույնիսկ կասեցնել այն: Խ. Ոսկանյանը նշեց, որ քարոզարշավը միայն «այո» եւ «ոչի» համար չէ. պետք է նաեւ իրազեկել բնակչությանը: Ամփոփելով մինչ այժմ անցկացված քարոզարշավի արդյունքները, փոխնախագահը ասաց, որ իշխանական թեւը բավականին ակտիվորեն է մասնակցել քարոզարշավին, իսկ «ոչ» ասողները առայժմ միայն «ոչ» են ասում եւ չեն բացատրում ինչու: Հ. Համբարձումյանը տեղեկացրեց, որ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ն պատրաստվում է նոյեմբերի 27-ին, հանրաքվեի ընթացքում հանդես գալ կարճաժամկետ դիտարկմամբ. «Այդ իսկ պատճառով մենք զերծ ենք մնում հանրային հանդիպումների ընթացքում կամ այլ վայրերում կարծիքներ հայտնելուց: Եթե հանդես ես գալիս դիտորդական առաքելությամբ, պետք է ավելի անկողմնակալ լինես»: Խ. Ոսկանյանն էլ ավելացրեց, որ նոյեմբերի 29-ին ճշգրիտ կներկայացնեն, թե ինչ է կատարվել քարոզարշավի ժամանակ, ինչպես նաեւ տեղամասերում՝ ընտրության ժամանակ. «Ճշգրիտ կներկայացնենք հանրաքվեի արդյունքները՝ դրական եւ բացասական կողմերով»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել