Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՐԴԵՆ ՄՇԱԿՎԵԼ ԵՆ

Փետրվար 01,2006 00:00

Ժամանակին ԱԺ-ն ընդունեց Վիկտոր
Դալլաքյանի հեղինակած Ազգային անվտանգության մասին օրենքը – Պարոն Դալլաքյան,
վերջերս տարբեր կառույցների կողմից քննարկման առարկա է դարձել ՀՀ ազգային անվտանգության
հիմնադրույթների հարցը, կարծեմ մեկ անգամ արդեն այդպիսի օրենք դուք հեղինակել եք:
– ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթները ամրագրում են ռազմական, քաղաքական,
տնտեսական, սոցիալական, գաղափարական եւ հոգեւոր, ինչպես նաեւ պարենային, բնապահպանական,
ճառագայթային, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության համակարգերի ապահովման սկզբունքները:
Ես եւ պարոն Բոստանջյանը ընդամենը համեստ փորձ ենք կատարել հանրության ուշադրությունը
հրավիրել այդ կարեւորագույն հարցի վրա, շեշտել երկրի համար ազգային անվտանգության
հայեցակարգի բացակայության անթույլատրելիությունը: Ասեմ, որ շուրջ մեկ տարի մշակվելուց
հետո 2001 թվականի սեպտեմբերի 27-ին օրինագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով
դրվեց շրջանառության մեջ: Մեր նախաձեռնությունը ստորագրել է ԱԺ խումբ-խմբակցությունների
23 պատգամավոր: Դրանից հետո եւս մեկ տարի այն մշակվել է, ուղարկվել կառավարություն,
պաշտպանության նախարարություն, քսանից ավելի կուսակցություններ, ՍԴ իրավաբանական
ծառայություն, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոն, ԱԱ գծով ճանաչված
մասնագետ, գեներալ-մայոր էդուարդ Սիմոնյանցին եւ այլն: Արդյունքում ստացված ավելի
քան 250 առաջարկությունների բացարձակ մեծամասնությունը ներառվեց դեռեւս ԱԺ-ում չքննարկված
նախագծում: Հանգամանորեն ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը, մասնավորապես՝
ԱՄՆ-ի, Չինաստանի, Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, ՌԴ-ի համապատասխան օրենսդրությունը:
Հավելեմ, որ ԱԺ-ում օրինագծի երեք ընթերցումների քննարկումների ընթացքում կառավարության
եզրակացությունները մշտապես դրական են եղել: Որպես հիմնական զեկուցող՝ պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը 20.02.2002 թվականին ինձ ուղարկել է նամակ, որտեղ մասնավորապես
նշված էր. «ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է ՀՀ ազգային անվտանգության
հիմնադրույթների մասին ՀՀ օրենքի ընդունումը: Այն ընդհանուր առմամբ արտացոլում է
ազգային անվտանգության համակարգի հիմնական ուրվագիծը: Այս օրենքը ազգային անվտանգության
հայեցակարգի, ռազմական դոկտրինի, նախագծով նախատեսված մի շարք այլ փաստաթղթերի, Սահմանադրության,
այլ օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի հետ միասին կարող է լուրջ հիմք ստեղծել
ՀՀ ազգային անվտանգության ապահովման համակարգի կատարելագործման համար»: Ավելորդ չեմ
համարում ասել, որ նախարարի կողմից ներկայացված բոլոր 25 առաջարկությունները եւս
ընդունվել են: Իսկ 18.09.2002 թվականին ինձ ուղղված գրությամբ պաշտպանության նախարարը
ներկայացրել է եւս 12 առաջարկություն, եւ բոլորն էլ ընդունվել են: Պաշտպանության
նախարարը իր 1.11.2001 թվականի գրությամբ ինձ առաջարկել է համագործակցել ՀՀ ռազմական
դոկտրինի մշակման գործում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթը, որի վերաբերյալ
ինքս ծավալուն առաջարկություններ եմ արել: – Նույն՝ «ՀՀ ազգային անվտանգության
հիմնադրույթների մասին» օրինագիծը ժամանակին ընդունվել է խորհրդարանի կողմից, սակայն
չի ընդունվել ՀՀ նախագահի կողմից, ինչո՞ւ: – Միանգամայն ճիշտ եք, այդ օրինագիծը
ընդունվել է նախորդ ԱԺ-ի կողմից 2003-ի մարտի 31-ին՝ 99 «կողմ» եւ 4 «ձեռնպահ» ձայներով,
«դեմ» չի եղել: Իսկ երկրորդ եւ երրորդ ընթերցումներով այն ընդունվել է գործող ԱԺ-ի
կողմից՝ 23.03.2003թ.՝ միաձայն, 98 ձայնով, եւ 24.09.03 թվականին՝ դարձյալ միաձայն՝
81 ձայնով: Օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կառավարությունը մեզ էր
ներկայացրել 67 առաջարկություն, բոլորն էլ ընդունվել են, ինչպես նաեւ պատգամավորներից
ստացված բոլոր 34 առաջարկությունները: Այսպիսով, երկու տարվա ընթացքում լրջագույն
փորձաքննություն անցած, նախորդ եւ գործող կառավարությունների եւ ԱԺ-ի հավանությանն
արժանացած նախագիծը, թվում էր, կյանքի պետք է կոչվեր, սակայն 2003-ի հոկտեմբերի 23-ին
Ռոբերտ Քոչարյանը այդ օրենքի 46, 47 եւ 48 հոդվածների ժամկետների հետ կապված՝ առարկություն
ներկայացրեց, նշելով, որ առաջարկում է հարցին կրկին անդրադառնալ նախագահի եւ շահագրգիռ
այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, առավել հիմնավոր քննարկումից հետո:
Ուզում եմ շեշտել, որ անցած երեք տարվա ընթացքում այս կարեւոր հարցի վերաբերյալ
որեւէ քննարկում տեղի չի ունեցել: Ցավալի է, որ գործող ԱԺ-ի այն մեծամասնությունը,
որը երկու անգամ կողմ էր քվեարկել վերոհիշյալ օրինագծին, ենթարկվեց վերեւից եկող
պարտադրանքին եւ ընդունեց ՀՀ նախագահի առարկությունը: – Ձեր հետագա քայլերը՝
այս օրինագծի ճակատագրի հետ կապված: – Ասեմ, որ 2005-ի նոյեմբերի 5-ին ես,
որպես անհատ պատգամավոր, ազգային անվտանգության մասին օրինագիծը վերստին մտցրել եմ
շրջանառության մեջ, սակայն այն մինչ օրս չի քննարկվել: Հանրության, շահագրգիռ կառույցներին
եւ մասնագետների դատին վերոհիշյալ նախագիծը կներկայացվի մի քանի օրից: Եթե այդ օրինագիծը
ինչ-որ չափով օգտակար համարվի քննարկման համար, նպաստի համապատասխան համապարփակ փաստաթղթի
ստեղծմանը: – Սակայն օրինագիծը եղել է օրակարգում, եւ դուք այս ամբողջ ընթացքում
այն հետաձգում էիք, ինչո՞ւ: – Քանի որ, ըստ էության, խորհրդարանական մեծամասնությունը
ընդունել էր վետոն, ես հասկանում եմ, որ եթե մտցնեմ, միեւնույն է՝ չեն քննարկելու:
Սակայն հիմա, քանի որ ստեղծվել է ազգային անվտանգության հայեցակարգը մշակող կառույց,
նշանակում է արդեն հարցի հետ կապված հետաքրքրություն կա, եւ այն այլեւս չեմ հետաձգելու
եւ խնդրելու եմ, որ այն տպագրվի ձեր թերթում, թող ծանոթանան, վստահ եմ՝ այն շատ օգտակար
կարող է լինել: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ.
«ՀՀ Ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» օրինագծին ծանոթացեք մեր թերթի
շաբաթ օրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել