Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՊԱՐՏ

Փետրվար 01,2006 00:00

ՀՊԱՐՏ ԵՄ ՄԵՐ ՍԱՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Հարցազրույց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանի հետ – Պարոն Խալիկյան, Դուք հանդիսանում եք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, վերջերս էլ ՖԻԴԵ-ի վարպետի կոչում շնորհվեց: Ներկայացեք, խնդրում եմ, մեր ընթերցողին: – Ձեր թերթի ընթերցողին ես վաղուց եմ ներկայացված, ցավոք՝ այսօրվա երիտասարդությունը բավական քիչ է կարդում, իսկ կարդացողները հիմնականում իմ սերնդակիցներն են, որոնք, կարծում եմ, ինձ դեռ հիշում են: Կոչումը, որ ինձ շնորհվեց, դա երբեմնի իմ ակտիվ շախմատային գործունեության միջազգային գնահատականն է: – Դուք երկար տարիներ ղեկավարել եք շախմատի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցը: – Որի արդյունքում էլ, ի վերջո, ինձ ժամանակին շնորհվեց Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում: Ես հպարտ եմ մեր դպրոցի սաների հաջողությունների համար, հատկապես Էլինա Դանիելյանի եւ Լեւոն Արոնյանի, որոնք վերջին տարիներին հռչակվեցին Հայաստանի լավագույն մարզիկներ եւ, ինչու չէ, նաեւ մեր ազգային հավաքականի ակնառու հաջողությունների համար, հավաքական, որը մեծամասամբ համալրված է դպրոցի նախկին սաներով: – Դուք խոսեցիք ազգային հավաքականի մասին, Ձեր կարծիքով, ո՞րն է հավաքականի հաջողությունների գաղտնիքը: – Թիմային պայքարում առանձնահատուկ նշանակություն ունի թիմում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Շախմատը Հայաստանում ժողովրդականություն է վայելել եւ միշտ եղել է ղեկավարության ուշադրության կենտրոնում: Հիշում եմ, դեռ 90-ական թվականներին, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Երեւան էին գալիս, չի եղել դեպք, որ նրանք շախմատի դպրոց չմտնեին: Հետաքրքրվում էին շախմատային նորություններով, մեկ-երկու թեթեւ պարտիա խաղում: Հատկապես Սերժ Սարգսյանը շախմատի նկատմամբ ունեցած իր անսահման սիրով, հետագայում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի (որը նույնպես շախմատի ֆանատ է) հետ միասին ամեն ինչ արին շախմատային կյանքը պահպանելու եւ զարգացնելու ուղղությամբ: Այժմ, երբ Սերժ Սարգսյանը առաջատար շախմատիստների եւ շախմատային հանրության խնդրանքով ընտրվել եւ ղեկավարում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աշխատանքները, շախմատիստներն իրենց վստահ եւ պաշտպանված են զգում: Նրա ջանքերով մի շարք կառուցվածքային փոփոխություններ են կատարվել հավաքականի կազմի ընտրության գործընթացում: Անձնական ջանքերով թիմ է վերադարձրել ոչ իր կամքով Հայաստանը թողած Լեւոն Արոնյանին, որն այժմ արդեն մեր թիմի առաջատարն է: Բարելավվել են մարզչական կադրերի սոցիալական պայմանները, լուրջ ուշադրություն է դարձվում երիտասարդ կադրերի պատրաստմանը: Շախմատով զբաղվել ցանկացողների ոգեւորության ալիքը դուրս է եկել Երեւանի շրջանակներից՝ հասնելով մինչեւ Արցախ: Այնպես որ՝ սեր, հոգատարություն, պայմաններ… շախմատ լավ խաղալ հնարավոր է միմիայն խաղաղ հոգով: – Ձեր կարծիքով, ի՞նչ է շախմատը: – Խաղ, որի մեջ յուրաքանչյուրը իրենն է գտնում: Հանրության համար այն գիտություն է, շախմատասերի համար՝ արվեստ, շախմատիստի համար՝ սպորտ, իսկ ով տիրապետում է այդ երեւույթների ներդաշնակությանը՝ նվաճում է «Կաիսայի» համակրանքը: – Եվ վերջապես, Ձեր կարծիքով, ինչո՞վ կավարտվի շախմատային համակարգչի եւ շախմատիստի պայքարը: – Ճիշտն ասած, շախմատային համակարգիչները հնարված են շախմատիստներին օգնելու համար եւ ոչ թե դեմ: Ի տարբերություն մարդու, համակարգիչը չունի հոգեբանություն, ֆիզիկական պատրաստականության խնդիր, սոցիալական հոգսեր եւ մարդուն գերազանցում է իր հիշողությամբ ու տարբերակների ընտրության արագությամբ եւ խորությամբ, այնպես որ, վերջիվերջո համակարգիչը մարդուն հաղթելու է, սակայն ես այդ պայքարի մեջ շախմատի հմայքին սպառնացող որեւէ բան չեմ տեսնում: Էականը մարդկանց միջեւ փոխհարաբերություններն են: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել