Լրահոս
Օրվա լրահոսը

Կույրերի արտադրանքը չի իրացվում

Փետրվար 04,2006 00:00

Քանի
որ հայկական շուկայի պահանջարկը բավարարում են հիմնականում «արտասահմանյանները»:
Այսօր ցածրավոլտ սարքավորումների եւ կենցաղային էլեկտրատեղակայման ապրանքների
շուկայում գերիշխում է արտասահմանյան արտադրանքը: Սա ունի իր բացատրությունը. սպառողները
հիմնականում օգտագործում են օտարերկրյա արտադրողների թեյնիկներ, համակարգիչներ, կոմբայններ
ու այլ կենցաղային իրեր, որոնց համար տեղական արտադրողների պատրաստած նեղանցք վարդակները,
կոթառներն ու էլեկտրաեղանիկները չեն համապատասխանում, ուստի շուկան համալրված է հիմնականում
արտասահմանյան նման սարքավորումներով: Հայաստանի կույրերի միավորման «Էջմիածնի ուսումնաարտադրական
ձեռնարկություն» ՍՊԸ-ն, որտեղ աշխատում են 65 կույր հաշմանդամներ, «թարսի պես» արտադրում
է հենց այդպիսի ցածրավոլտ ապրանքներ, որոնց իրացման հետ կապված որոշակի խնդիրներ
է ունենում: Մի կողմից՝ չեն կարող կույրերին զրկել աշխատանքից ու աշխատավարձից, որոնցով
ահագին ուրախանում են, մյուս կողմից էլ՝ ՍՊԸ-ն լուրջ վնասներ է կրում ու ամեն տարի
անհատ ձեռներեցների ու հարկային պետական ծառայության դռներն ընկնում, որ մի բանով
օգնեն: Կույրերի արտադրած ապրանքները չեն իրացվում նաեւ արտասահմանում: Ընկերության
տնօրեն Վաչագան Սողոյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ փորձել են նաեւ
այդ տարբերակը, բայց իրեն չի արդարացրել. «Ապրանքներն ինքնաթիռով արտահանել ենք Ռուսաստան,
սակայն ինքնարժեքն այդպես արհեստականորեն բարձրացավ ու ՌԴ շուկայում մրցակցությունը
դժվարացրեց: Առանց այդ էլ հումքը թանկ է, քանի որ նորից Ռուսաստանից ենք բերում»:
Թողարկված ապրանքների լճացման հետ կապված կույրերի հիասթափությունը պարոն Սողոյանը
շատ ծանր է տանում, քանի որ հաշմանդամներն իրենց աշխատանքով ոչ միայն ֆինանսական
խնդիրներն են կարգավորում, այլեւ կարողանում են ինտեգրվել հասարակությանը: Ձեռնարկությունում
աշխատում են նաեւ ոչ հաշմանդամներ, ուստի կույրերը, տեսնելով որ նրանց հետ հավասար
աշխատում են, շատ են ոգեւորվում: Բացի այդ, շատերի համար ընտանիքի հիմնական ապրուստի
միջոցը հենց ՍՊԸ-ի տված աշխատավարձն է: Ըստ պարոն Սողոյանի, հաշմանդամների աշխատուժի
օգտագործումը բերում է 14-20% աշխատավարձի գերավճարի, որը կախված է լրացուցիչ հանգամանքների՝
կրճատ աշխատանքային օրվա, հատուկ աշխատատեղեր պատրաստելու ծախսերի հետ: Եվ քանի որ
ձեռնարկությունն ինքնաֆինանսավորվող է, ամեն ամիս 13-40 հազար դրամ աշխատավարձերը
վճարելու ժամանակ Սողոյանն ընկնում է դժվար կացության մեջ. «Տվյալ ամսվա աշխատավարձը
հասցնում ենք տալ 2 ամիս ուշացումով: Ճիշտ է, հաշմանդամները թոշակ էլ են ստանում,
բայց 13 հազար դրամն առանց այդ էլ շատ չնչին փող է, էն էլ էդքան ուշացնում ենք»:
Այս բոլոր խնդիրների լուծումը պարոն Սողոյանը տեսնում է հարկային արտոնությունների
մեջ. «Եթե գոնե հարկային արտոնություններ տան, մանավանդ նոր բացվող աշխատատեղերի
համար, դա կլիներ կառավարության եզակի օգնությունը: Իսկ մեր նոր սերնդի մեջ շատ կան
կույր հաշմանդամներ, որոնք աշխատանքի կարիք ունեն: Չնայած, եթե հույսներս դնեինք
պետության վրա՝ 1993-ից չէինք աշխատի»: Ինչ վերաբերում է հարկային արտոնություններին,
չնայած կառավարությունն ամեն տարի առանձին որոշումներով որոշ հարկատեսակների գծով
արտոնություններ տալիս է, սակայն օրենքով դա սահմանված չէ: Պարոն Սողոյանի խոսքերով՝
«նախկինում հաշմանդամները բոլոր հարկային վճարումներից ազատված էին, իսկ այսօր՝ ոչ.
ամեն տարի «յալվարագրեր» ենք ուղարկում կառավարությանը եւ ամիսներ են տեւում, մինչեւ
տեղներից շարժվում են»: Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել