Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայրիկյանը

Ապրիլ 08,2006 00:00

Հայրիկյանը «չպղծեց» տոնը Սակայն նա պնդում է, որ «մեսրոպյան ուղղագրության» հարցում իր կողմնակիցների շարքերը ստվարանում են ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական գործերով վճռաբեկ դատարանը երեկ պետք է որոշեր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ մեսրոպյան ուղղագրության վերականգնմանն ուղղված դատարշավի ճակատագիրը: Սակայն փաստաթուղթը չհրապարակվեց կողմերի բացակայության պատճառով: Բողոք բերող անձը (Պ. Հայրիկյանի ներկայացուցիչը) դատարանում չէր՝ մեկ այլ դատական նիստի մասնակցելու հիմնավորմամբ: Այդպես ասացին ԱԻՄ կուսակցության անդամները, իսկ պատասխանողը՝ ՀՀ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը արձակուրդում էր: Հիշեցնենք, որ Պ. Հայրիկյանը վիճարկում էր տեսչության անգործությունը՝ օրենքի պահանջը չկատարելու մասով: Հայցը մերժվել էր առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում: Հեռախոսով կապվեցինք ԱԻՄ նախագահի հետ եւ փորձեցինք տեղեկանալ վեճի մասով նրա ակնկալիքների ու անելիքների մասին: Հարցրինք՝ ի՞նչ է կարծում, բողոքը կբավարարվի՞, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Ես գոնե այս խորհրդանշական՝ Մայրության, գեղեցկության քրիստոնեական տոնի օրը մայրենին չեմ պղծել, եւ սա իմ հաղթանակն է»: Պ. Հայրիկյանը գրեթե համոզված էր (այդպես հասկացվեց), որ բողոքը չի բավարարվելու ու նաեւ լավատեսորեն նշեց, որ հետզհետե ավելանում են մեսրոպյան ուղղագրությանը կողմ իր թիմակիցները, որոնց թվում կան նաեւ հայտնի մարդիկ: Խնդրեցինք 1-2 անուն նշել, բայց քաղաքական գործիչը պատասխանեց, որ ինքը լիազորված չէ եւ չի կարող նրանց անուններն առայժմ բարձրաձայնել: Փոխարենն ավելացրեց, որ նրանց թվում են նաեւ երեք շատ հայտնի լրագրողներ, որոնց անունները կրկին գաղտնի պահվեց: Պ. Հայրիկյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ իրենք շարունակելու են պայքարը եւ որքան էլ այն դժվար ու ժամանակատար լինի, հասնելու են իրենց նպատակին՝ մեսրոպյան ուղղագրության վերականգնմանը: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Չգաղտնազերծելով իրենց ռազմավարության մանրամասները, ԱԻՄ նախագահն ասաց, որ իրենք դիմելու են ՀՀ սահմանադրական դատարան եւ Եվրոդատարան: «Ձեւը կգտնենք եւ առայժմ շտապելու բան չունենք»,- հավելեց Հայրիկյանը: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել