Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՅՔ

Ապրիլ 08,2006 00:00

ԿԱՆԱՅՔ ՄԻՇՏ ՏՈՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ Երեկ ավարտվեց կառավարության հռչակած կանանց հերթական միամսյակը Այս առիթով «Առավոտը» մշակույթի ոլորտում եւ հասարակական կյանքում ճանաչված կանանցից հետաքրքրվեց, թե ինչո՞վ են տարբերվում կամ տարբերվեցին միամսյակի օրերը տարվա մյուս օրերից: Ներկայացնում ենք կանանց ինքնատիպ պատասխանները: Գոհար Գասպարյան.- Հաճելի միամսյակ է: Ճիշտ է, տղամարդիկ ու ուսանողներս ինձ տարբեր առիթներով ուշադրության են արժանացնում, բայց այս օրերին ավելի ակտիվ էին: Ես էլ ինձ պարտավորված էի զգում համեղ ուտեստներ պատրաստել ու այդպես հայտնել գոհունակությունս: Ստացածս առատ ծաղկեփնջերի մասին ավելորդ եմ համարում նշել. դրանք ինձ միշտ ուղեկցում են: Ալվարդ Պետրոսյան.- Տոնը մարդու հոգում պետք է լինի: Ծրագրած օրերի հետ կապված նվերներ չեմ ստացել եւ չեմ էլ ուզում ստանալ: Բնականաբար, ընտանիքիս ու հարազատ տղամարդկանցից ստացել եմ եւ նվերներ, եւ ծաղկեփնջեր, ինչը, օրինակ, չստացա դաշնակցական ընկերներիցս՝ բացառությամբ Լեւոն Մկրտչյանից: Հիասքանչ ծաղկեբույլ եմ ստացել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանից: Արաքսի Սարյան.- Այս մեկ ամսվա ընթացքում, երբ տեսնում ես երիտասարդությանը ծաղիկներով ողողված, մի անբացատրելի հրճվանք ես ապրում: Իմ դեպքում առանձնապես տարբերություն չի լինում միամսյակի եւ մյուս օրերի միջեւ: Ճիշտն ասած, մոռացել էի ապրիլի 7-ի մասին: Երբ առավոտյան եկա կոնսերվատորիա ու տեսա, թե ինչպես գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ուսանողներին ու դասախոսներին ծաղիկներով էին դիմավորում, հաճելիորեն հուզվեցի: Արմինե Հովհաննիսյան.- Այս մեկ ամսվա ընթացքում տղամարդիկ ավելի առատաձեռն գտնվեցին, ավելի շատ էին ծաղիկներն ու ժպիտները, ինչը հաճելի էր: Կարծում եմ, հենց միամսյակի ընթացքում է, որ կանայք իրենց զգում են իրական թագուհիներ տղամարդկանց շրջապատում: Իսկ ամուսինս՝ Րաֆֆին, ամուսնական կյանքի ընթացքում առաջին անգամ ինձ ասաց՝ դու իմ պահապան հրեշտակն ես: Վարդուհի Վարդերեսյան.- Ես ոգեւորված չեմ նման տոներով: Գաղտնիք չէ՝ հայ կանանց մեծ մասը այսօր էլ տառապում է: Տոներով հարցեր չի լուծվում: Ի՞նչ է նշանակում միամսյակ. լուրջ հարցերը թողած, ընկել ենք տոներով: Կանանց ուրիշ տեսակ պետք է նայել ու գուրգուրել: Համոզված եմ, որ տղամարդիկ գիտեն այդ ամենը: Հրանուշ Հակոբյան.- Հպարտ եմ, որ կանանց միամսյակի գաղափարի կրողն եմ: Այս օրերին տղամարդիկ ավելի շատ հաճելի խոսքեր, ինչու չէ՝ խոստումներ շռայլեցին, աշխատեցին չնեղացնել կանանց: Ինչ խոսք, ամենուր ծաղիկներ էին ու ժպիտներ: Շատ կցանկանայի, որ այսպես լիներ տարին 12 ամիս: Վստահ եմ, որ ցանկության դեպքում դա հնարավոր է: Անձամբ ինձ նվիրեցին հիանալի փնջեր, չասեմ՝ գեղեցիկ, որովհետեւ ծաղիկն ինքնին գեղեցկություն է: Կարինե Խոդիկյան.- Իմ սովորական աշխատանքային ռիթմի մեջ ոչինչ ոչ ավելացավ, ոչ էլ պակասեց՝ թե տանը, թե աշխատավայրում: Ինչ վերաբերում է էմոցիոնալ ֆոնին՝ իմ սիրելի տղամարդու կողմից ուշադրությանը, ջերմությանը, դրանք ստանում եմ տարին 12 ամիս, ինչի վկան ընտանիքիս ջերմ մթնոլորտն է: Ճիշտ է, ստացածս ծաղիկների քանակն ավելին էր, քան տարվա մնացած օրերին, բայց երեւի տոնի զգացողությունը մարդու մեջ ինքնաբերաբար պետք է լինի: Կուզենայի նման սեր ու ուշադրություն լիներ ողջ տարվա ընթացքում, նաեւ կանայք իրենց սիրելի տղամարդկանց նկատմամբ լինեն ջերմ ու ուշադիր: Սոֆի Դեւոյան.- Միամսյակի ընթացքում կայացավ իմ բենեֆիսը, որը բեմական կյանքիս 38 տարիների յուրովի հանրագումարն էր: Պատկերացրեք, ոչ մի տղամարդ ինձ չօգնեց այս հարցում: Միայն գտնվեց «Մայգրիգ» ընկերությունը: Ծաղիկներ ստանալն ինձ համար հաճելի է եւ սովորական՝ ողջ տարվա ընթացքում: Ընդ որում, ծաղիկներ ինձ նվիրում են թե տղամարդիկ, թե կանայք: Ընտանիքիս տղամարդկանց կողմից ստացա մեծ անակնկալ՝ նվիրեցին ավտոմեքենա: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել