Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԻՉԸ

Ապրիլ 13,2006 00:00

ՄԱՐԶԻՉԸ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ Այսօր վաղ առավոտյան ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սոչի, որտեղ վերջին ւսումնամարզական հավաքն է անցկացնելու ապրիլի վերջին Մոսկվայում մեկնարկող Եվրոպայի առաջնությունից առաջ: Մեկնելուց առաջ գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանն ասաց, որ ինքը գրեթե վերջնականապես կողմնորոշվել է կազմի ընտրության հարցում: Ռուսաստանի մայրաքաղաքում մրցագորգ կմտնեն 55 կգ քաշային Վահան Սիմոնյանը, որն անցած տարվա ուսանողական համաշխարհային խաղերի 2-րդ մրցանակակիրն է, Արմեն Կարապետյանը՝ 60 կգ (նա երիտասարդների աշխարհի առաջնությունում եղել է 7-րդը), 66 կգ քաշային երիտասարդների Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր Սուրեն Մարկոսյանը, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 74 կգ քաշային Հարություն Ենոքյանը: Արդեն Սոչիում են մեր լեգեոներականները, որոնց մասին գրել ենք «Առավոտի» նախորդ համարներից մեկում՝ Ռուսլան Կոկաեւը (74 կգ), Վադիմ Լալիեւը (84), Շամիլ Գիտինովը (96), Ռուսլան Բասիեւը (120), ինչպես նաեւ կանանց առաջնության մեր միակ մասնակիցը՝ 67 կգ քաշային Կարինա Շադոյանը: Հրանտ Ենոքյանը տեղեկացրեց նաեւ, որ միայն 74 կգ քաշային կարգում է Սոչիում սուր մրցակցություն գնալու Հարություն Ենոքյանի ու Եվրոպայի 2004 թվականի չեմպիոն Ռուսլան Կոկաեւի միջեւ: Թե նրանցից ո՞ւմ կվստահվի ներկայացնել մեր երկիրը, պարզ կդառնա հավաքի ավարտին: Նա նաեւ ավելացրեց, որ հայաստանցի ըմբիշները հիմնականում 20-22 տարեկան երիտասարդներ են, ովքեր մեծահասակների մրցագորգում նոր-նոր են առաջին քայլերն անում, բայց արդեն հասցրել են ապագայի հույսեր ներշնչել: «Պետք է վստահել նրանց, թույլ տալ, որպեսզի որքան հնարավոր է շատ հանդես գան պատասխանատու մրցումներում: Եվ մեկ-երկու տարի հետո նրանք իրենց խոսքը կասեն»,- համոզված է գլխավոր մարզիչը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930