Լրահոս
Օրվա լրահոսը

2006-ԻՆ

Ապրիլ 21,2006 00:00

2006-ԻՆ ԼՂ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ Սա այն պնդումներից էր, որում համակարծիք էին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը՝ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ ԱԺ ներկա փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Եղե՞լ է ինչ-որ բան մինչեւ 1998-ը, թե՞ հայ ժողովրդի պատմությունը սկսվում է այն ժամանակից, երբ «պարտվողականները՝ իրենց փուլային տարբերակով», հեռացան եւ իշխանության եկան մարտնչողները, ովքեր խոստանում էին շատ արագ փաթեթով լուծել Ղարաբաղի հարցը: Ութ տարվա ընթացքում ոչ միայն հարցը չի լուծվել, այլեւ ըստ Ալ. Արզումանյանի՝ հիմա նորից նույն փուլային տարբերակն են քննարկում, թեկուզ եւ դրան Վահան Հովհաննիսյանը քնքշորեն անվանում է «փաթեթային՝ կազմված փոքրիկ փաթեթներից»: Հայոց պատմության շուրջ վեճը բանախոսների մեջ սկսվեց, երբ Տ. Թորոսյանն առաջարկեց ձեռքբերումները չբաժանել իրար մեջ՝ «հարգանք ունենալով ՀՀ հիմնադրման ակունքներում եղած մարդկանց հանդեպ՝ համարենք ձեռքբերումները բոլորինս, իհարկե, նշելով ժամկետները»: Առաջարկն ընդունելով՝ Ա. Արզումանյանը նկատեց, որ 98-ից հետո տպավորություն կար, թե հայոց պատմության մեջ քրիստոնեության ընդունումից, ցեղասպանությունից ու 98-ի իշխանափոխությունից բացի ոչինչ չի եղել: Ինչ վերաբերում է ԼՂ հարցի վերջնական լուծմանը, ապա, չնայած Տ. Թորոսյանը նկատեց, որ «վերջին մեկ-երկու տարում միջազգային հանրությունը տարբեր մակարդակներով հայտարարում է, որ ոչ միայն տարածքային ամբողջականությունը պիտի սկզբունքային լինի, այլեւ՝ ազգերի ինքնորոշման», սակայն վստահ չէր, որ այդ դրական միտումը «կմնա մինչ այն պահը, երբ լուծումը կգտնվի»: Իսկ որ լուծումը գտնելու համար կարեւոր չէ՝ նախընտրական, թե ոչ ընտրական տարի է՝ համաձայն էին երկու բանախոսներն էլ: Անդրադարձ եղավ տարածաշրջանի համար ամենացավոտ խնդրին՝ ԱՄՆ-Իրան հակամարտությանը, որը սպառնում է վերածվել լուրջ ռազմական կոնֆրոնտացիայի: «Lragir.am»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ արդյունքում Ղարաբաղի հարցը լուծվի «ձեռի հետ», Ալ. Արզումանյանը պատասխանեց. «Նման հարցերն ընդհանրապես շատ դեպքերում են ձեռի հետ լուծվում, որովհետեւ մենք եւ ադրբեջանցիները գլոբալ քաղաքականության մեջ բան չենք ներկայացնում: Եթե ԼՂ հարցի չկարգավորված լինելը խոչընդոտի կարեւոր աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը, ապա կլուծվի»: ԱԳ նախկին նախարարը բացառում է Թուրքիայի կողմից ՀՀ հանդեպ ռազմական գործողությունները, քանի որ «նրանք մոտիվացիա չունեն», ի տարբերություն ադրբեջանցիների՝ «երկար տարիներ հարցը չի կարգավորվում, տրամաբանական է, որ ռազմի դաշտում պարտվածը ցանկանում է ռեւանշ վերցնել»: «Եթե հնարավոր լինի եւս 50 տարի պահել նման ստատուս-քվոն, ես կողմ կլինեմ,-հայտարարեց Ա. Արզումանյանը,- բայց այս վիճակը հնարավորություն չի տալիս ՀՀ-ին զարգանալու եւ նույնիսկ ներքին զարգացումների վրա լուրջ ազդեցություն է ունենում, որովհետեւ կայունության քողի ներքո դիկտատուրայի հաստատում է իրականացվում»: Ադրբեջանին հարցի ձգձգումը ձեռնտու չէ, քանի որ իր տարածքների մի մասն ինքը չի վերահսկում, սակայն այսօր Ադրբեջանն ավելի է զարգանում՝ մեզ դուրս մղելով տարածաշրջանային ծրագրերից: Իսկ մենք պայքարում ենք այլ տարածաշրջանային ծրագրերի դեմ. «Մեր նախարարները հայտարարում են՝ թույլ չենք տա, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկաթգիծ բացեն: Դա տեռորիստական հայտարարություն է՝ պայքարենք ուրիշի տարածքում կառուցվող օբյեկտի հետ»: Տ. Թորոսյանը համաձայն էր, որ Թուրքիան մոտիվացիա չունի ՀՀ-ի հանդեպ գործողություններ ձեռնարկելու, եւ նույնիսկ կարծում էր, որ Ադրբեջանի հետ պատերազմը քիչ հավանական է. «Անկախ նրանից, որ իրավիճակի պահպանումը Ադրբեջանին ձեռնտու չէ, կարծում եմ, որ ադրբեջանցիները, հատկապես՝ ղեկավարությունը սկսել է համակերպվել այն մտքի հետ, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Այս առումով կուզեն ձգձգել, որ իրենց իշխանության օրոք իրենց անհաճո լուծում չլինի»: Միայն թե համաձայն չէր, որ ՀՀ-ում դիկտատուրա կա. «Այո, Հայաստանում լիարժեք ժողովրդավարություն չկա, դա ակնհայտ է, կան բազմաթիվ թերություններ, որ նման ձեւակերպման հիմք են տալիս, բայց դիկտատուրա չկա»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել