Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԿՆԿԱԼՈՒՄ

Ապրիլ 26,2006 00:00

«ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը – Հետեւո՞ւմ եք ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: – Իհարկե, ես ուշադիր հետեւում եմ այն ամենին, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Ես քննարկում եմ այդ հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ամեն անգամ, երբ հանդիպում եմ նրանց հետ: Ափսոս, որ այս հարցի կարգավորումն այսքան երկար է տեւում, քանի որ կարգավորումը բխում է Հայաստանի, Ադրբեջանի եւ հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերից: – Հնարավո՞ր է տարածաշրջանային համագործակցություն ծավալել Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունների պայմաններում: – Ցավոք, Հարավային Կովկասում հակամարտությունները շատ են՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում: Իմ կարծիքով, համագործակցությունը միշտ հնարավոր է, բայց հակամարտությունների առկայությունը սահմանափակում է համագործակցության մակարդակն ու ծավալը: – Եվրոպական խորհուրդը կարո՞ղ է ավելի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: – Առաջատար դերն այս գործընթացում պատկա նում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ռուսաստանյան, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներին այն բարդ գործում, որով նրանք զբաղվում են: Հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ողջ աշխարհի շահերից: Սակայն, կրկնում եմ, առաջատար դերը պատկանում է ԵԱՀԿ-ին եւ ոչ թե Եվրոպայի խորհրդին: – Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է եվրոպական ինտեգրման գործընթացը լրացուցիչ շարժառիթ ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի համար՝ փոխզիջումների գնալու հարցում: – Իմ կարծիքով, փոխզիջման լավագույն շարժառիթը պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների բարեկեցությունը: – Կա՞ն արդյոք լուրջ խնդիրներ Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ հարաբերություններում: – Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Երբեմն ինձ զարմացնում է այն, որ մենք անընդհատ ինչ-որ խնդիրներ ենք փնտրում: Իհարկե, Հայաստանում կան որոշակի երեւույթներ, որոնք մենք կցանկանայինք փոխված տեսնել: Մենք կոչ ենք անում Հայաստանին անել ամեն հնարավորը՝ Եվրոպայի մնացած մասին «հասնելու» համար: Ժամանակ առ ժամանակ մենք ստիպված ենք ասել մեր հայաստանցի ընկերներին, որ մենք դեռ սպասում ենք իրենց կողմից ստանձնած այս կամ այն պարտավորությունների կատարմանը: Դա օգտակար է: Այնպես որ, Հայաստանի եւ Եվրախորհրդի հարաբերություններում ես որեւէ լուրջ խնդիրներ չեմ տեսնում: Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներդրում ունի եվրոպական քննարկումներում, բայց պետք է անկեղծ ասեմ. Հայաստանը կարող էր ավելի նշանակալի ավանդ ունենալ, եւ պատճառը, որ դա տեղի չի ունենում, կայանում է Լեռնային Ղարաբաղի խնդրում: Կարծում եմ, դուք կարող եք շատ արժեքավոր ներդրում ունենալ՝ հիմնվելով հայ ժողովրդի պատմության, ավանդույթների եւ մշակույթի վրա: – Ինչպիսի՞ քայլեր կարելի է ակնկալել Եվրոպայի խորհրդից՝ կապված Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման հետ: – Մենք փորձում ենք կազմակերպել փաստահավաք առաքելություն, որը կայցելի ոչ միայն ձեր նշած տարածաշրջանը, այլեւ բոլոր այն տարածքները, որտեղից հաղորդագրություններ են ստացվում մշակութային եւ կրոնական հուշարձանների ոչնչացման մասին: Նշանակություն չունի՝ դրանք հայկակա՞ն են, թե՞ ադրբեջանական: Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, եւ մեզ պետք է մտահոգի ցանկացած հուշարձանի ոչնչացումը: Կարեւորը մարդկանց համատեղ աշխատանքի համար պայմանների ստեղծումն է: Հուսով ենք, որ փաստահավաք առաքելության կազմում համատեղ կաշխատեն հայերը եւ ադրբեջանցիները, եւ դա կնպաստի այն ճշմարտության գիտակցմանը, որ մենք պետք է հարգենք եւ պաշտպանենք միմյանց կրոնը եւ մշակույթը: – Եվրոպայի խորհուրդը հետեւելու է 2007 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ ի՞նչ եք ակնկալում այդ ընտրություններից: – Ես սպասում եմ, որ Եվրոպայի խորհրդին կհրավիրեն ընտրություններին հետեւելու համար: Եվրոպայի խորհուրդը հետեւել է Հայաստանի վերջին ընտրություններին, եւ ես կզարմանամ, եթե մենք հաջորդ տարի հրավեր չստանանք: Ի՞նչ եմ ակնկալում առաջիկա ընտրություններից: Ակնկալում եմ նախորդ ընտրություններից ավելի լավ ընտրություններ, իրական առաջընթացի ապահովում, որը թույլ կտա համոզված լինել նրանում, որ այս ընտրությունները կլինեն ազատ եւ արդար: Յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա առաջադրվել որպես թեկնածու եւ չպետք է ենթարկվի ճնշումների եւ բռնության, օգտվել արտահայտման եւ խոսքի ազատություններից: Այլ կերպ ասած՝ ես Հայաստանում ակնկալում եմ ավելի լավ ժողովրդավարություն: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ «ԱՌԱՎՈՏ»-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել