Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ՀՀ-ի տեղը քարտեզի վրա

Մայիս 03,2006 00:00

Ո՞րն է ՀՀ-ի տեղը քարտեզի վրա Նախկին ու ներկա կոմունիստները՝ Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի կոմկուսի1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էին Հայաստանի ապագայի մասին: «Հայաստանում քի՞չ կային սափրածգլուխներ, որ տվեցին-ջարդեցին լրագրողների կամերաները»,- ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը այս կերպ փորձում էր մեղմացնել ռուսական սքինհեդների՝ վերջին շրջանում մեծ թափ առած եւ ռուսական իշխանությունների կողմից եթե ոչ հովանավորության, ապա՝ թողտվության արժանացած ազգայնամոլական գործողությունները: Ըստ ընկեր Թովմասյանի՝ պետք է ոչ թե այդ հանցագործության մասին հիշել, այլ այն մասին, որ ռուսական միջավայրի ծնունդ էին Ալիխանյան եղբայրները, Միկոյան եղբայրները, Օրբելի եղբայրները եւ այլ երեւելի հայեր: «Այս ամենը թողել ենք եւ կառչել ենք մի փաստից»,- ասում էր ընկեր Թովմասյանն ու պնդում, որ հայ ժողովրդի ապագան պետք է տեսնել միայն եղբայրական Ռուսաստանի կողքին, իսկ կատարվածի մեջ մեղավոր են նաեւ մեր իշխանությունները, որոնք ստիպել են «հայ ժողովրդին կրկին առնել պանդխտության ցուպն ու դեգերել աշխարհով մեկ»: Բնականաբար, այս ամենի մասին տրամագծորեն հակառակ կարծիք ուներ արեւմտյան արժեքների եւ ՀՀ-ի՝ դեպի Արեւմուտք անդառնալիորեն շրջվելու ջատագով Հովհաննես Հովհաննիսյանը: Ճիշտ է, նա նույնպես համարում էր, որ ՌԴ-ում սկսվածը ՀՀ-ում տարվող քաղաքականության արդյունքն է, բայց՝ այլ տեսանկյունից. «Վրաց-ռուսական հարաբերությունները խրթին ու լարված են, բայց ՌԴ-ում եւ Մոսկվայում վրացիները շատ ավելի հարգված ու ընդունելի են, քան մենք: Ոչ թե վրացիներն են մեզնից ավելի լավն ու խելոքը, այլ դա գալիս է նրանից, որ մենք չենք կարողանում հայ մարդուն՝ որպես հայ կամ ՀՀ քաղաքացի արժեւորել: Եթե նրանք նայում են մեզ որպես փոքր, ֆորպոստ, ռուսական կամակատար պետություն, որը միշտ քծնում է ռուս իշխանություններին, ապա մտածում են՝ կարելի է այդ երկրի ժողովրդի հետ վարվել նաեւ այսպես»: Այստեղ ընկեր Թովմասյանը որոշեց փնովել յուրաքանչյուր հայի մեջ նստած «այսպես ասած՝ անկախության, չակերտավոր ազատությունների պատճառով զարգացած ազգային սնապարծությունը»՝ ասելով, որ «եթե շարունակենք մեր ողնաշարի շուրջը պտտվել, մեր ճանապարհը քանի գնա՝ կկարճանա, մենք պիտի դուրս գանք մայրուղի…»: «Մայրուղի դուրս գալու» կոչից հետո ընկեր Թովմասյանը հիշեց, որ «Սովետական Հայաստանի 800 ձեռնարկություն փոշիացվել է, կոռուպցիան ու կաշառակերությունը խեղդում են…», կարծես Սովետական Հայաստանում կաշառակերության ու կոռուպցիայի մասին ոչ լսել էին, ոչ տեսել: «5-րդ բլոկից պրծանք, 57 մլն դոլարի վարկը գռփեցին, եւ դա էլ դարձրին հակառուսական հիստերիայի ճյուղերից մեկը, իսկ հիմա այդ մի փաստն են դարձնում հակառուսական հիստերիայի ալիք»: ԼՂ հակամարտության մասին խոսելիս պարոն Հովհաննիսյանն անհանգստացավ, որ ԱՄՆ-ը փորձում է Ադրբեջանը դարձնել միջազգային տրամաչափի երկիր, եւ Իրանի հետ հակամարտության սրման դեպքում կփորձի պարտադրել ԼՂ հարցի լուծումը, բնականաբար, ոչ հօգուտ ՀՀ-ի: Այս պարագայում ընկեր Թովմասյանին մնաց միայն ընդունել, որ Բուշի պես՝ Պուտինն էլ է պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն նկատեց, որ փոխարենը ինչպես ռուս, այնպես էլ Ադրբեջանի կոմունիստները ընդունում են հայոց ցեղասպանության փաստը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել