Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՈՅԻ,

Մայիս 03,2006 00:00

ԿԻՆՈՅԻ, ՆԿԱՐԻՉՆԵՐԻ, ԳՐՈՂՆԵՐԻ ՏՆԵՐԸ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄ» ԵՆ Մյուս միություններին հերթը դեռ չի հասել Մարտի կեսերից միանգամից սկսվեց Կինոյի տունը քանդելու ակտիվ «գործընթացը», ինչի առիթով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը լրագրողների հարցերին կամ հրաժարվում էր պատասխանել, կամ էլ ասում էր՝ «կուզենք՝ կքանդենք, չենք ուզի՝ չենք քանդի»։ Բայց այն, որ «Կինոյի տունը ծախեցին-կերան», շրջանառվում է հենց կինոգործիչների բերանին, ուղղակի շատերը չեն համարձակվում այդ մասին հրապարակավ հայտարարել: Դրա համար նրանք ունեն հիմնավոր պատճառներ. ոմանք վախենում են զրկվել հնարավոր բնակարանից, որ խոստացվել է կինոմիության «վերնախավին», ոմանք՝ կարիերայից, մանավանդ Գեւորգյանցը «Հայֆիլմի» սեփականաշնորհված մասի ղեկավարն է: Բացի դրանցից, մեկ ուրիշ պատճառ էլ կա. Գեւորգյանցն ինքն էր մեր թերթին տված հարցազրույցում ասել, թե բոլոր բողոքողներին ձայնագրում է, որ հետո չհրաժարվեն իրենց ասածներից: Այնպես որ, գլխացավանքի «հավես» կինոգործիչները չունեն: Տեղեկացրել էինք նաեւ, որ քանդվող Կինոյի տան փոխարեն այլեւս վեր է խոյանալու հերթական «էլիտար» շենքը, այն էլ՝ 24 հարկանի, ինչի առիթով Գեւորգյանցը «Առավոտին» ասել էր՝ «թարախոտ բաներ եք գրում»։ Նա օրերս հրավիրված ասուլիսում լրագրողներին հավաստիացրել է, որ շինարարության արդյունքում կունենան «հոյակապ շենք, դոլբի սիստեմ, նորմալ թատերական բեմ, կինոյի, թատերական եւ համերգային դահլիճներ»: Շինարարության պատասխանատուն «Բիշին» ընկերությունն է, որն առայժմ ձեռնպահ է մնացել Կինոյի տան հին դահլիճը քանդել՝ մինչեւ նորը կկառուցվի: «Առավոտի» հետ զրույցում Կինոգործիչների միության վարչության անդամներից մեկը չթաքցրեց, որ շենքերը «բարեփոխող» միությունների՝ Գրողների, Նկարիչների, Կինոգործիչների ղեկավարներով հաճախ են խորհրդակցում «փորձի փոխանակման» առումով՝ ինչպես անել, որ շարքային անդամները չբողոքեն կամ հետագայում խաբված դուրս չգան: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են մտածում Կոմպոզիտորների եւ Թատերական գործիչների միությունները, արդյոք չե՞ն պատրաստվում մյուսների նման վարվել, չէ՞ որ Դեմիրճյան 25 եւ Մաշտոցի 13 հասցեներում գտնվող նրանց շենքերի աշխարհագրական դիրքը շատերի ախորժակը կարող է գրգռել: Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը սկզբում հերքեց, որ իրենց շենքը «բարեփոխելու» առաջարկներ են եղել: Հետո ասաց, որ արդեն քանի տարի տարբեր «տրամաչափի» գործիչներ ու գործարարներ առաջարկում են գայթակղիչ պայմաններով գործարք կնքել՝ կոմպոզիտորների դիլիջանյան տան կապակցությամբ՝ այն կազինոյի վերածելու ակնկալիքով: «Տարիներ շարունակ ոտնձգություններ են եղել նաեւ Կոմպոզիտորների միության երեւանյան շենքի դեմ, սակայն միշտ դիմակայել ենք: Մեզ համար գլխավորը գաղափարն է, շենքը պիտի մնա մշակույթինը ու ստեղծագործողներինը, բայց գիտե՞ք ինչպիսի՜ գումարներ են մեզ առաջարկել, ուղղակի փակագծերը չեմ ուզում բացել»,- ասաց պրն Ամիրխանյանը: Սակայն հենց իրենք՝ կոմպոզիտորներից ոմանք գտնում են, որ Ամիրխանյանը հրաժարվել է այդ ամենից՝ մի քանի պատճառներից ելնելով: Նախ, հավանաբար, առաջարկները չեն եղել ամենավերին ատյանների կողմից լիազորված մարդկանց անունից, երկրորդ՝ Կոմպոզիտորների միությունը նաեւ բնակելի շենք է. որտեղ ապրում են վաստակաշատ երաժիշտներ: Թատերական գործիչների միության վարչության անդամ Հակոբ Ղազանչյանն էլ ասաց, որ մինչեւ հիմա ոչ մի առաջարկ չի արվել իրենց, «համ էլ մեր տարածքն այդքան մեծ չէ, եւ շենք կառուցելու հնարավորություն չկա»: Նաեւ ավելացրեց, որ մյուս միությունների նմանատիպ գործարքներին նորմալ է վերաբերվում եւ դեմ է բարձրացրած աղմուկին: «Իրենց գործն է, ինչ ուզում են՝ թող անեն»,- ասաց պրն Ղազանչյանը կոլեգաների հասցեին: Հենց նույն Թատերական գործիչների միությունում եւս շատերը հակված են մտածել, որ իրենց «շեֆերին» ամենավերին ատյաններից առաջարկ չի արվել, դրա համար են դեռ «քաջություն» խաղում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել