Լրահոս
Օրվա լրահոսը

Դատի

Մայիս 05,2006 00:00

Դատի փոխարեն՝ դաս «Աշակերտները» եւ «ուսուցիչները» դատավորներ են Այս տարվա մարտի 13-ից ՀՀ վճռաբեկ դատարանում սկսվել են դատավորների վերապատրաստման դասընթացները: Երեկ առաջին անգամ մենք ներկա եղանք հերթական դասին: Լսարանը նախկինում դատական նիստերի այն դահլիճն էր, ուր 3,5 տարի ընթացավ «Հոկտեմբերի 27-ի» դատաքննությունը: Դահլիճը ներկայումս վճռաբեկ դատարանի գրադարանն է, որտեղ 2000 կտոր մասնագիտական-իրավաբանական գրականություն կա: «Առավոտն» առաջին ԶԼՄ-ն էր, որ հայրենի դատավորներին հայտնաբերեց դասասենյակում: «Դասատուն» էլ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանն էր, իսկ թեման ապացույցների թույլատրելիությունն ու սահմանափակումն էր: «Աշակերտի» կարգավիճակում հայտնված Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանը համառորեն ուզում էր իմանալ, թե, օրինակ, ինչպես է լինում, երբ զրկում են անձին իրավունքից, որը նա չունի: «Աշակերտներից» մեկն էլ խանգարեց դասաժամը՝ հիշելով, որ չոբանին դատավճռով զրկել էին չոբանությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատավորների վերապատրաստման դասընթացների տնօրեն Արման Վարդանյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ վերապատրաստվելու են Հայաստանի բոլոր դատավորները, թվով 178: Նրանք բաժանված են 8 խմբի: Մեր նշած դեպքերը, թե դատական նիստերն այսօր շատ հաճախ ընդհատվում են «դասի ենք» պատճառաբանությամբ, Ա. Վարդանյանը բացառեց, ասելով, որ բոլոր դատավորներին բաժանված են 1-ին կիսամյակի ծրագիրն ու գրաֆիկը: Ուշագրավ վիճակ էր ստեղծված «դասարանում». «աշխույժ» էին այն աշակերտները, որոնց վճիռները բեկանել էին խիստ ուսուցիչները: Ա. Վարդանյանը մեր անհանգստությանը, թե վեճեր դասի ժամանակ այս կապակցությամբ չե՞ն լինում, պատասխանեց. «Դասընթացը հնարավորություն է տալիս լսել լսարանին էլ»: Տեղեկացանք, որ դասերը տեւում են մինչեւ ժ. 17-ը, իսկ մարզերից եկած դատավորները հնարավորություն ունեն մնալ մայրաքաղաքում: Տարեկան հատկացվել է 70 մլն դրամ՝ դատավորների դասերի համար, որից հետո նրանք ստանալու են սերտիֆիկատ: Դատավորների կարգավիճակի մասին եվրոպական խարտիայի համաձայն՝ պետությունը, նախքան դատավոր նշանակելը, պարտադիր է համարում ուսումնառությունն ու վերապատրաստումը: Այս դասարանում էլ կային «արտոնյալ աշակերտներ». նրանց մի մասը առաջին ատյանի դատարանի նախագահ էր, մի մասը՝ վերաքննիչի դատավոր կամ առաջին ատյանի դատավոր: Նրանք, սակայն, «էլիտար» դպրոց չեն գնում՝ սովորում են նույն «դասարանում»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031