Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌԱՆԱԼ ՈՐՊԵՍ ԲԱՐԵՓՈԽԻՉ

Հունիս 09,2006 00:00

Ըստ
Վիկտոր Դալլաքյանի, Ռոբերտ Քոչարյանն այդ հնարավորությունն ունի ԱԺ պատգամավոր
Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ այսօր խորհրդարանում եւ իշխող կոալիցիայում քաղաքականի
փոխարեն տիրում են քաղքենիական հարաբերություններ. «Եթե Հայաստանում գործեին քաղաքական
եւ քաղաքագիտական կանոնները եւ ոչ թե քաղքենիական հարաբերությունները, ապա կոալիցիայից
ՕԵԿ-ի դուրս գալուց հետո կարձանագրվեր, որ կոալիցիան այլեւս գոյություն չունի, որ
Ազգային ժողովում կառավարությունը չունի քաղաքական մեծամասնություն, այլ ունի միայն
գլխաքանակային եւ «կոճակային» մեծամասնություն: Անհասկանալի է, թե այսօրվա կառավարությունը
ո՞ւմ ծրագիրն է իրականացնում: Իմ խորին համոզմամբ, ստեղծված իրավիճակից երկու ելք
կար: Ելք առաջին՝ պաշտոնանկ պետք է արվեր կառավարությունը, ստորագրվեր կոալիցիոն
նոր համաձայնագիր եւ դրանից հետո նշանակվեր նոր կառավարությունը, որը կներկայացներ
իր ծրագիրը, եւ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը հաստատեր այդ ծրագիրը,
ու այդ դեպքում միայն կարելի կլինի խոսել այն մասին, որ կառավարությունը ունի որակյալ
մեծամասնություն»: Սակայն ելքերը այսքանով չեն սահմանափակվում: Ըստ մեր զրուցակցի,
կա նաեւ երկրորդ ելք, որի ուղղությամբ գնալու դեպքում հարկավոր կլիներ լուծարել Ազգային
ժողովը եւ արտահերթ ընտրություններ անցկացնել: Մենք նկատեցինք, որ այս ամենն արդեն
անցած փուլ է, քանի որ դրանցից ոչ մեկն էլ տեղի չունեցավ: Ուրեմն, ի՞նչ հետեւություն
կարելի է անել: Դալլաքյանական հետեւությունները սրանք են. «Հայաստանի երեք հանրապետությունների
խորհրդարանական ընտրությունների հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ կա ազատ
եւ արդար ընտրությունների անցկացման մեծ դեֆիցիտ, այսինքն՝ պառլամենտարիզմի դեֆիցիտ:
1995-ից սկսած, որպես կանոն, գործադիր իշխանությունն է ձեւավորել Ազգային ժողովը,
իսկ դա քաղաքական նոնսենս է եւ վտանգավոր երկրի համար: Փաստորեն, գործադիր իշխանությունը
վերահսկող է դարձել օրենսդիրի նկատմամբ, մինչդեռ հակառակը պետք է լիներ, եւ պատահական
չէ, որ ԱԺ-ն վաղուց արդեն դակիչ է աշխատում գործադիր իշխանության համար»: Վիկտոր
Դալլաքյանի կարծիքով, այսօր ստեղծվել են «բազարային, առեւտրային հարաբերություններ»:
Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ, այս ամբողջ վերլուծությունը հիմք է տալիս
եզրակացնել, որ այս իրարանցումից կարող է շահեկան վիճակում դուրս գալ գործող նախագահը.
«Քոչարյանն ունի այդ հնարավորությունը, մանավանդ՝ 2007-ի խորհրդարանական ընտրությունների
նկատմամբ շատ ավելի մեծացել է արտաքին աշխարհի հետաքրքրությունը, եւ նաեւ դրսում
են հասկանում, որ խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժերը դոմինանտ կլինեն
նաեւ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Այժմ լինելու է հակառակը. նախագահական
ընտրություններին նախորդելու են խորհրդարանական ընտրությունները, եւ յուրաքանչյուր
ուժ ձգտելու է լուրջ տեղեր ստանալ հատկապես 2008-ի հետ կապված իր նպատակներն իրականացնելու
համար, այսինքն՝ մեծ է լինելու փոխադարձ վերահսկողությունը, եւ այս պարագայում Քոչարյանը
հնարավորություն ունի դառնալ ընտրությունների երաշխավորը եւ հեռանալ որպես ռեֆորմատոր:
Ուրիշ հարց՝ ինքը կօգտագործի՞ այդ հնարավորությունը, թե՞ ոչ»: Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ
պետք է Ռոբերտ Քոչարյանը այդպես վարվի, երբ այսօր արդեն ակնհայտ է, որ նոր ստեղծվող
եւ ուժեղացող կուսակցությունները հենց Ռոբերտ Քոչարյանի «դաբրոյով» եւ հրահանգով
են ստեղծվում: Էլ ինչո՞ւ իզուր ընկնել թիթիզ բաների հետեւից: Վիկտոր Դալլաքյանի մեկնաբանությունը
սա է. «Եթե 2003-ին Քոչարյանին ձեռնտու էր կեղծել նաեւ խորհրդարանական ընտրությունների
արդյունքները, ապա 2007-ին դա չի կարող իր համար ձեռնտու լինել, քանի որ այլեւս չի
կարող առաջադրվել երրորդ անգամ, եւ այդ պարագայում եթե ինքը դառնա ազատ եւ արդար
ընտրությունների անցկացման երաշխավորը, եւ արդյունքում իշխանության գան իրոք ժողովրդի
կողմից ընդունված եւ նրա վստահությունը վայելող ուժեր, ապա իր կատարած բոլոր սխալները
կարող են մեղմվել. եւ ինքն այդ դեպքում ինչ-որ չափով կընկալվի որպես առաքելություն
իրականացրած քաղաքական ֆիգուր: Այսպես կամ այնպես, այն ուժերը, որ կգան իշխանության
2007-ին, պետք է հաշվի նստեն Ռոբերտ Քոչարյանի հետ թեկուզ մինչեւ 2008 թվականը, քանի
որ այդ ընթացքում նա դեռ նախագահ է լինելու: Կարծում եմ, այս գործոնների պարագայում
ինքը հնարավորություն ունի այդ շանսն օգտագործել: Ես համաձայն եմ ձեր հարցադրմանը,
որ ինքը կարող է եւ դա չօգտագործել, բայց ես որպես քաղաքական գործիչ այդ շանսն օգտագործելը
ճիշտ քայլ եմ համարում: Կարծում եմ, իրեն ձեռնտու չի թաթախվել նաեւ 2007-ի ընտրակեղծիքների
մեջ, առանց այդ էլ թաթախված է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել