Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐԸ ՀԵՆՑ ՍՊԱՆՎԱ՞ԾՆ ԷՐ

Հունիս 21,2006 00:00
Suren khachatryan

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մարդասպան եղբորորդու մեղքը թեթեւացնելու համար ընտրվել է այս վարկածը:

Արաբկիրի քննչական բաժնի աշխատակիցներն այս տարվա ապրիլի 5-ին ձերբակալեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան (Աղալար) Խաչատրյանին՝ թմրամիջոցների մեծ խմբաքանակ իրացնելու մեղադրանքով: 10 օր անց Սուրեն Խաչատրյանը մասնակցեց ոստիկանության շքերթին, որի ընթացքում «Ազատություն» ռ/կ-ին եղբոր առնչությամբ ասաց. «Ես ատում եմ էդ հոդվածը: Ահավո՛ր: Փոքր վախտի՛ց: Ուրիշ բան արած լիներ՝ միգուցե կօգնեի, բայց դրա համար չեմ օգնի»:

Թերեւս Սյունիքի մարզպետը չի ատում սպանության մասին հոդվածը, քանի որ նույն Սեյրան Խաչատրյանի որդին՝ Էյները, դրանից առաջ «թեթեւ վախով» ազատվեց, երբ իրեն ուսով դիպչելու համար հորեղբոր որդու հետ դանակահարելով սպանեցին 34 տարեկան Հովհաննես Բադալյանին՝ նրա երկու անչափահաս երեխաներին թողնելով որբ: Էյներ Խաչատրյանը դատավոր «շահագրգիռ» վերաբերմունքով դատապարտվեց միայն խուլիգանության համար՝ 1,5 տարվա ազատազրկման, եւ շատ արագ հայտնվեց ազատության մեջ:

Սուրեն Խաչատրյանի հրապարակավ տված խոստումներին, թե այս հանցագործության մեղավորներն անպայման կկրեն պատասխանատվություն՝ հակասում է այն, որ մինչ այժմ էլ չեն դադարեցվել փորձերը մեղմացնել հանցագործության մյուս մասնակցի՝ 12 տարվա ազատազրկման դատապարտված Մայիս Խաչատրյանի պատժաչափը: Նշենք, որ նա էլ Սյունիքի մարզպետի մյուս եղբոր՝ Սերոբ («Հոպոպ» մականունով) Խաչատրյանի որդին է: Մի քանի ամիս առաջ Մայիս Խաչատրյանի պաշտպան Ռոբերտ Պողոսյանը վճռաբեկ բողոք է բերել Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2004-ի դեկտեմբերին կայացրած դատավճռի դեմ, որով անփոփոխ թողնվեց Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2004 թ. սեպտեմբերի 24-ի դատավճիռը:

Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատին ուղղված այս բողոքում հիշեցվում է գործի էությունը: 2004-ի փետրվարի 29-ին, կեսգիշերին մոտ այս հորեղբոր որդիները գնացել էին հյուրընկալվելու իրենց «ընկերուհիներ» Իրինա Թոխունցին եւ Թերեզա Անտոնյանին։ Շենքի բակում մթության մեջ հանկարծակի ուս ուսի էին բախվել այդ շենքի բնակիչ Հովիկ Բադալյանը եւ Էյներ Խաչատրյանը: Եվ դա առիթ էր դարձել քաշքշոցի եւ ծեծուկռվի։ Դրան հետո միացել էր Մայիս Խաչատրյանը եւ Էյներ Խաչատրյանի հետ միասին՝ ձեռքերով, ոտքերով հարվածել, ծեծի էին ենթարկել Հովիկ Բադալյանին։ Մայիս Խաչատրյանն իր մոտ եղած դանակով հարվածել էր Հովիկ Բադալյանին: Իսկ երբ վերջինս փորձելով ազատվել՝ վազելով փախել էր դեպի իր 4-րդ հարկի բնակարանը, Մայիս Խաչատրյանը հետապնդել էր նրան եւ 3-րդ հարկի աստիճանների վրա հասնելով՝ հետեւից էր արդեն դանակով հարվածել նրան, հասցնելով եւս 8 հարված: Հաջորդ առավոտ Հովիկ Բադալյանը Գորիսի հիվանդանոցում մահացել էր արյունահոսությունից եւ տրավմատիկ շոկից:

Եվ ահա այս լկտի հանցագործությունը վերաշարադրելուց հետո պաշտպանը վճռաբեկ բողոքում նշել է, թե «նյութական իրավունքի խախտման հիմքով» Մայիս Խաչատրյանի դատավճիռը ենթակա է վերանայման, նրան մեղսագրված հանցանքը՝ վերաորակման: Որպես հիմնավորում մեջբերված են առաջին ատյանի դատարանում Մայիս Խաչատրյանի տված ցուցմունքները, թե Էյներն իրեն օգնության էր կանչել, եւ տեսել էր, «որ ինչ-որ մեկը Էյներին դրել է գետնին ու ծեծում է», փորձել էր բաժանել նրանց, բայց այդ մեկն իրեն էլ «մայր է հայհոյել, որից ինքը զայրացել, բռունցքով հարվածել է նրան», Հովիկ Բադալյանն էլ իր հերթին է խփել ու հայհոյել իրեն եւ… չի հիշում դանակը որտեղից է հայտնվել իր մոտ: «Ես նպատակ չեմ ունեցել մարդ սպանելու, երեւի լրիվ պատահական ստացվել է»,- պնդել է Մայիս Խաչատրյանը եւ տրտնջացել, որ եթե Հովիկին շուտ վիրահատեին՝ նա կփրկվեր։ Մայիս Խաչատրյանի ցուցմունքները, բնականաբար, համընկնում են Էյներ Խաչատրյանի եւ նրանց «ընկերուհիների» ցուցմունքներին:

«Մայիս Խաչատրյանը հանցավոր է ճանաչվել ծանրացնող հանգամանքով խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու համար։ Մինչդեռ գործով որեւէ ապացույց ձեռք չի բերվել, որով հաստատվեր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ կողմից նրա՝ ապօրինաբար, այն էլ խուլիգանական դրդումներով Հովհաննես Բադալյանին կյանքից զրկելու դիտավորությունը»,- նշված է վճռաբեկ բողոքում: Պաշտպանը վերոհիշյալ ցուցմունքներով հաստատված է համարում, թե վիճաբանությունը հենց տուժողի՝ Հովհաննես Բադալյանի նախաձեռնությամբ, «նրա անօրինաչափ գործողությունների հետեւանքով է վերածվել ծեծուկռվի»: Բացի այդ՝ նշվում է, թե Մայիս Խաչատրյանի «դիտավորությունն ուղղված է եղել ոչ թե տուժողին կյանքից զրկելու ու նրան սպանելու, այլ նրան մարմնական վնասվածք հասցնելու նպատակ»: Եզրակացված է. «Մայիս Խաչատրյանը հետեւանքների առումով ցուցաբերել է հանցավոր անզգուշություն», եւ նրա գործողությունները ենթակա են «դիտավորությամբ տուժողի կյանքին վտանգ սպառնացող ծանր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու» որակման: Ըստ այդմ, միայն «անզգուշությամբ» մահ պատճառելու համար պիտի ազատազրկվեր ընդամենը 5-10 տարով:

… Մեզ չհաջողվեց պարզել այս վճռաբեկ բողոքի ճակատագիրը: Տեղեկություններ կան, որ այն հետ են վերցրել: Սակայն դժվարանում ենք հավատալ, թե մարդիկ, ովքեր ամեն ինչ արել են, որ մարդասպանները հնարավորինս մեղմ պատիժ կրեն իրենց արածի համար՝ կունենային գոնե այդքան բարոյականություն՝ այդ ջանքերը դադարեցնելու համար:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930