Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԷԼԻՏԱՐ» ՇԵՆՔԸ ՊՆ-Ի՞ՆՆ է

Հունիս 21,2006 00:00

Այն կառուցվում է առանց շինարարական թույլտվության՝
քաղաքաշինական նորմերի խախտումներով «Սիլիկյանի տնաշինական կոմբինատ» ընկերությունը
Արաբկիր համայնքի Քեռու փողոցի 29բ հասցեում՝ Մերգելյան ինստիտուտի հարեւանությամբ,
«էլիտար» շենք է կառուցում: Մեր տեղեկություններով՝ այն պատկանում է պաշտպանության
նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյայի: Հենց սրանով էլ բացատրվում է այն հանգամանքը,
որ մայրաքաղաքի աչքի ընկնող հատվածում հսկայական շինարարություն է ընթանում՝ առանց
համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի եւ կառուցման թույլտվության: Որ շենքը,
այնուամենայնիվ, ՊՆ-ի հետ ինչ-որ կապ ունի, մասամբ հաստատեց նաեւ շինաշխատանքներ
իրականացնող ընկերության աշխղեկ Վալեր Ալեքսանյանը. «Շենքը պաշտպանության նախարարությանն
է, ունենք համապատասխան փաստաթղթեր եւ շինարարական նորմերն էլ պահպանված են»: Երբ
կառուցապատողին խնդրեցինք ներկայացնել շինթույլտվության մասին որեւէ փաստաթուղթ,
աշխղեկը միայն խոսքերով վստահեցրեց, որ «ապօրինի չի, մեզ ասել են, որ քաղաքապետի
հետ բոլոր հարցերը լուծել են, մենք ընդամենը կատարող ենք»: Այս շենքի հետ
կապված տարածքի բնակիչներից «Առավոտը» բազմաթիվ բողոքներ է ստացել: Քեռու 58 շենքի
բնակիչները բողոքում են, որ նոր շենքը իրենց զրկելու է բնական լույսից ու արեւի ջերմությունից:
«Էլիտարի»՝ քաղաքաշինական խախտումներով կառուցապատումը խանգարում է նաեւ Ն. Դումանի
փողոցի թիվ 51 շենքի բնակիչ Զինաիդա Գեւորգյանին, որը այլեւս հնարավորություն չունի
օգտվելու իր օրինական ավտոտնակից, քանի որ դեպի ավտոտնակ տանող միակ ճանապարհը շենքը
փակել է: Բնակիչների պատմելով՝ «էլիտարին» հատկացված տեղն ու դիրքն այնքան անհարմար
է, որ շինարարական աշխատանքներն իրականացնելիս վթարներից խուսափել չի լինում: Մի
վթար արդեն եղել է. շինարարական տարածքի սահմանափակ լինելու պատճառով վերամբարձ կռունկի
ճոպանները դիպել են հոսանքալարերին՝ հոսանքազրկելով համայնքի տասնյակ շենքեր: Մեկ
այլ դեպքում էլ պանելները տեղափոխելիս վերամբարձ կռունկի ճոպաններն են ագուցվել մոտակա
շենքի տանիքի երկաթներին: Մեր ձեռքի տակ քաղաքաշինության նախարարության տրամադրած
փաստաթուղթն է, որը հաստատում է՝ կառուցապատողը տվյալ հասցեում շինարարություն անելու
իրավունք չունի: Քաղաքապետարանն էլ բողոքող բնակիչների գլխի տակ փափուկ բարձ է դրել՝
նրանց դիմումներին պատասխանելով, որ շինարարությունը բողոքների արդյունքում դադարեցված
է: Մինչդեռ երեկ մեր այցելության պահին նշյալ հասցեում լայն թափով շինարարական աշխատանքներ
էին կատարվում, ու 10 հարկանի շենքի երեք հարկերն արդեն կառուցված էին: Մի
ուշագրավ հանգամանք եւս. «էլիտար» շենքը կառուցվում է Երեւանի մաթեմատիկական մեքենաների
գործարանի տարածքում, որը կառավարությունը «Գույք պարտքի դիմաց» գործարքով հանձնել
էր Ռուսաստանին, բայց, փաստորեն, քաղաքապետարանը գործարանի հաշվեկշռից հողամասը հանել
է ու հանձնել կառուցապատողին: Նույնիսկ լիազորել է Արաբկիր համայնքի ղեկավարին՝ կառուցման
նպատակով տրամադրված 646 քմ մակերեսով հողամասի համար Երեւանի քաղաքապետի անունից
հողօգտագործողի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր՝ 15 տարի ժամկետով:
Որոշման կատարման կազմակերպման պատասխանատվությունն ու հսկողությունն էլ քաղաքապետը
դրել է քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի եւ
փոխքաղաքապետ Կամո Արեյանի վրա: Իսկ նման ուշադրությունը խոսում է այն մասին, որ
գործին խառնված է բավականին կշիռ ունեցող մարդ: Սա հաստատում է նաեւ այն, որ երբ
քաղաքաշինության նախարարությունը փորձել է խոչընդոտել շենքի անօրինական կառուցմանը,
քաղաքապետարանը գրություն է տվել, որ ինքը ՊՆ-ին կառավարության որոշմամբ գույք հանձնելու
առնչությամբ առաջարկություններ եւ դիտողություններ չունի: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հ. Գ. Պատրաստակամ ենք տպագրել շահագրգռված մյուս
կողմերի պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել