Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔՆ ՈՒՇԱՆՈՒՄ

Հուլիս 08,2006 00:00

Ավիավառելիքի
ճգնաժամի պատճառով հնարավոր է ավիաընկերությունները սնանկանան Երեւանի «Զվարթնոց»
միջազգային օդանավակայանում ավիավառելիքը շարունակում է դեֆիցիտ մնալ, ինչի հետեւանքով
մեր երկրում գործող ավիաընկերություններին պատկանող օդանավերը թռիչքների իրականացման
համար ոչ միայն քվոտավորված են նավթը ստանում, այլեւ ստիպված են լինում լիցքավորվել
այլ երկրների օդանավակայաններում: Այս տեղեկությունը «Առավոտի» հետ զրույցում հաստատեցին
նաեւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: Վառելիքի ճգնաժամը ավիաընկերությունների
դժգոհությունն է հարուցել: Վերջիններիս ներկայացմամբ, բացի այն, որ Հայաստանում ավիավառելիքի
գներն ամենաթանկն են, քան համաշխարհային շուկայում, այժմ էլ, անգամ թանկ գներով,
չի հաջողվում վառելիք ձեռք բերել, իսկ սա, ըստ նրանց, խոչընդոտում է թռիչքների կազմակերպմանը,
այս «պիկ» սեզոնին արդեն քանի օր է՝ խախտվել է թռիչքների ժամանակացույցը, ինչի պատճառով
էլ ընկերությունները հսկայական վնասներ են կրում: Ավիավառելիքի ծառայությունը սպասարկում
է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: Օդանավակայանին ավիավառելիք մատակարարում
է «Արմավիայի» սեփականատեր Միքայել Բաղդասարովին պատկանող «Միկա Լիմիթեդ» ընկերությունը,
որին էլ, մոտ երկու ամիս է, մեր տեղեկություններով, չի հաջողվում վառելիքի անհրաժեշտ
քանակությունը ներկրել: Նկատենք, որ այս էլ որերորդ անգամ մեր երկրում գործող ավիաընկերությունները
նման իրավիճակի մեջ են հայտնվում: Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ, երբ
նորից ավիավառելիքի հետ կապված խնդիրներ առաջացան, հայաստանյան ավիաընկերությունների
օդանավերը միառժամանակ սկսեցին լիցքավորվել Վրաստանում: Փաստորեն, այն գումարները,
որ պետք է ծախսվեին մեր պետությունում, գնացին Վրաստանի գրպանը: Հայաստանում օդանավակայանի
ավիավառելիքի միակ մատակարարը «Միկա լիմիթեդն» է: «Առավոտի» հարցին ի պատասխան, երեկ
ընկերությունից վստահեցրին, որ վառելիքը «մոտ օրերը տեղ կհասնի՝ ճանապարհին է», իսկ
ճգնաժամի պատճառը, ըստ ընկերության մամուլի պատասխանատու Ժասմեն Վիլյանի, նավահանգիստներում
սեզոնային կուտակումներն են, ինչի հետեւանքով բեռներն ուշացումով են տեղ հասնում:
Ըստ մեր աղբյուրի, վառելիքի ներկրման ուշացման պատճառը ոչ այնքան նավահանգիստներում
գոյացած հերթերն են, որքան բիզնեսի խորամանկությունները. թեեւ Հայաստանի համար պահանջվող
վառելիքի խմբաքանակն արդեն գնվել է, քանի որ միջազգային շուկայում նավթի գնի նոր
թանկացումներ են սպասվում, վառելիքը դիտմամբ ձգձգում են ներկրել, որ ավելի թանկ վաճառեն:
Ներկայումս ավիակերոսինի գինը «Զվարթնոցում» մեկ տոննայի դիմաց կազմում է
մոտ 350 հազար դրամ: Վերջին մեկ տարվա ընթացքում ինչպես ավիավառելիքի, այնպես էլ
բենզինի, ցեմենտի գները «մանրից» թանկացել են, իսկ վառելիքի թանկացումն իր հերթին
ազդել է ավիատոմսերի գների բարձրացման վրա, որը տարեկան կազմել է մոտ 17 %: Վառելիքի
դեֆիցիտի հետեւանքով ավիաընկերություններն առայժմ ավիատոմսերի գները չեն թանկացրել,
սակայն ճգնաժամը շարունակվելու դեպքում, ընկերություններից վստահեցրին, որ տոմսերի
նոր թանկացումներ են սպասվում: Վառելիքի գնի բարձրացումը եւս կհանգեցնի տոմսերի գների
բարձրացման: Ի դեպ, «AEPLAC»-ի տնտեսագետ Պավել Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում
տեղեկացրեց, որ Եվրամիությունը նոր կարգ է սահմանել, ըստ որի՝ ավիավառելիքը հատուկ
նյութով գունավորում են, նոր միայն արտահանում: Դա արվում է հարկերից խուսափողներին
օրինական դաշտ բերելու համար, քանի որ ներկրողները չհարկվող ավիավառելիքի անվան տակ
շատ հաճախ բենզին են ներկրում, որն ի տարբերություն ավիավառելիքի՝ հարկման ենթակա
է: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել