Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 13,2006 00:00

Լրագրողներին էլի սպառնում են հաշվեհարդարով

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երեկ առավոտյան սպառնալիքների ու ահաբեկման թիրախ է դարձել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի թղթակից Գագիկ Շամշյանը: Վերջինս «Չորրորդ իշխանություն» թերթում մի քանի օր առաջ իր հրապարակմամբ անդրադարձել էր հուլիսի 3-ին «Արդշինինվեստբանկի» Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղում կատարված կողոպուտին՝ նշելով, որ դրան մասնակցելու համար կալանավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝ Սուրիկ Հովհաննիսյանը: Թերթի փոխանցմամբ, վերջինս Նուբարաշենի թաղապետ Մհեր Հովհաննիսյանի հորեղբոր որդին է: Նույն թերթի փոխանցմամբ, կողոպուտին մասնակցել էր նաեւ նախկինում 5 անգամ դատված Արթուր Բաբայանը՝ «Կռիս» մականունով, որի նկատմամբ այժմ հետախուզում է հայտարարված, եւ որը նույն թաղապետի քեռու տղան է:

Հենց Նուբարաշեն համայնքում բնակվող Գ. Շամշյանի պատմելով, երեկ առավոտյան ծանոթներից ոմանք իրեն տեղեկացրել էին, որ ինչ-որ անծանոթ մարդիկ հարցուփորձ էին արել իր մասին ու նկատել էին Նուբարաշենի թաղապետ Մ. Հովհաննիսյանի հոր՝ Անդրանիկ Հովհաննիսյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Գ. Շամշյանով հետաքրքրվողներին, այնուամենայնիվ, հաջողվել էր նրան գտնել: Թաղապետի հայրն իր ավտոմեքենայով կտրել էր Գ. Շամշյանին ուղեկցող տաքսի մեքենայի առաջն ու պատասխան պահանջել հիշյալ հրապարակման համար: Ռադիոկայանի փոխանցմամբ, Ա. Հովհաննիսյանը, ճիշտ է՝ չէր հարվածել թղթակցին, բայց սպառնացել ու հայհոյել էր՝ «էդ ի՞նչ ես գրել, կգնաս դո՛ւ էլ, քո «Չորրո՛րդն» էլ, քո «Առավո՛տն» էլ» (ի դեպ, կողոպուտին վերաբերող գրեթե նույնաբովանդակ մի տեղեկատվություն ավելի վաղ հրապարակվել էր նաեւ «Առավոտ» թերթում- խմբ.): Այդ ամենից հետո թաղապետի հայրը հեռացել էր: Գ. Շամշյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, թե իր նկատմամբ կատարված այդ ոտնձգությունը կապված է նաեւ համայնքի ղեկավարին ու նրա մերձավորներին վերաբերող իր նախկին հրապարակումների հետ:

Սակայն երեկ բանը միայն դրանով չէր ավարտվել: «Ազատություն» ռ/կ-ով հիշյալ դեպքի վերաբերյալ հեռարձակված ռեպորտաժից ժամեր անց, երբ Գ. Շամշյանը դարձյալ հրապարակման համար տեղեկություններ հավաքելու նպատակով դուրս էր եկել Նուբարաշենում գտնվող իր վարձակալած բնակարանից, նրա վրա հարձակվել էին, իր ասելով, մոտ 30-40 հոգի, որոնք եղել էին ջիփ, BMW եւ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներով: Այդ տասնյակից ավելի մարդիկ, որոնց թվում Գ. Շամշյանը դեմքով ճանաչել է մասնավորապես Նուբարաշենի թաղապետի եղբորը՝ Ռուբիկ Հովհաննիսյանին, թաղապետի տեղակալ ոմն Վարդանի, Նուբարաշենի էլցանցի պետին, նախ հարձակվել են թղթակցի վրա, քաշքշել (արդյունքում նրա թեւի վրա կապտուկներ կային- Ն. Մ.), թաղապետի եղբայրը նրա ձեռքից խլել էր ձայնագրիչն ու բջջային հեռախոսը, նաեւ դրամապանակը, բայցեւ թույլ չէր տվել, որ իր թիմակիցները թղթակցին ծեծեն՝ երեւի նրա վրա «ավելորդ հետքեր» չթողնելու համար: Հետո այդ մարդիկ արդեն իրենց ձեռքից դուրս պրծած Գ. Շամշյանին մեքենաներով հետապնդել էին մինչեւ Նուբարաշենի աղբանոց տանող ճանապարհը: Գ. Շամշյանն «Առավոտի» խմբագրություն եկավ վերնաշապիկը պատռված ու ցեխակոլոլ վիճակում:

Երեկ ուշ երեկոյան արդեն կատարվածի վերաբերյալ հայտարարություն տվեց ՀՀ ոստիկանության Էրեբունի բաժնում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կատարվածի մասին զեկուցվել է ՀՀ գլխավոր դատախազին, ու ամենայն հավանականությամբ, գործի վարույթը կփոխանցվի հենց դատախազություն՝ նկատի ունենալով այն, որ կատարված հանցագործությունն ուղղված է իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի դեմ:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել