Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը շնչահեղձ է լինում»

Օգոստոս 02,2006 00:00

Ասում
է Րաֆֆի Հովհաննիսյանն ու մատնանշում ելքը՝ համախմբված պայքար Երեկ Գրողների
միության շենքում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության 4-րդ համագումարը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մերժել էր կուսակցության համագումարի անցկացման
համար տրամադրել ՀՀ կառավարության նիստերի այն դահլիճը, որտեղ վերջերս անցավ ՀՀԿ
համագումարը: Համագումարում առանցքն, իհարկե, կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի
ելույթն էր: Նա անդրադարձավ երկրի ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքական մարտահրավերներին,
ե՛ւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ու նաեւ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին:
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ ներկա
իշխանությունների օրոք այդ խնդրի կարգավորումը փակուղի է մտել: Նա հայտարարեց, որ
«անօրեն վարչախումբն ավելի է լկտիացել», եւ «իշխանավորները փող են շինում ոչ միայն
դրամի լողացող փոխարժեքի, այլեւ արցախյան ազատամարտի նահատակների հիշատակի գնով»:
Ր. Հովհաննիսյանը խոսեց նաեւ խոսքի ազատության մասին՝ հայտարարելով, որ այսօր
ամեն ինչ արվում է ընդդիմության ու մասնավորապես «Ժառանգության» ձայնը հասարակությանն
անհասանելի դարձնելու համար: «Հատկապես հեռուստատեսությունների գերակշիռ մեծամասնությունը
այդ մասին խնամքով հոգացել է: Բայց դա հիասթափության պատճառ լինել չի կարող: Խնդիր
չէ, մեր պայքարը նաեւ նրանց անվախ, ազատ գործունեության համար է»,- ասաց կուսակցության
նախագահը: «Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվելու՝ այն դեպքում, երբ երկիրը
շնչահեղձ է լինում: Միակ ելքը համախմբված պայքարն է»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը,
ով միաժամանակ կոչ արեց հայ մտավորականներին, զինվորականներին, գործարարներին հասարակության
հետ միասին համախմբվել «Ժառանգություն» կուսակցության շուրջ՝ ընդգծելով, որ ազգային
միասնությունն այլընտրանք չունի: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, որոնք
չի բացառվում, որ նախկինների նման ուղեկցվեն ընտրակաշառքներով, կեղծիքներով, ապա՝
Ր. Հովհաննիսյանի համոզմամբ, կեղծարարն ու կաշառատուն պետք է հասկանան, որ «իր եւ
իր զավակների ապագան վաճառողը, միեւնույն է, տեղ չի ունենալու ընտրակաշառքի հայրենիք
կերտողների միջավայրում»: Կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանի
մատուցմամբ էլ, երկրում օրինականության հաստատման համար պայքարը շարունակելու հարցում
«Ժառանգություն» կուսակցությունը վճռական է տրամադրված: Խոսելով ընտրությունների
մասին՝ նա արձանագրեց. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դրեց կեղծ ընտրությունների հիմքը,
ապա Ռոբերտ Քոչարյանը 2005թ.-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի
կեղծումը հասցրեց ռեկորդային ցուցանիշի»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031