Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն «քլնգում» է ՌԴ-ին, ՌԴ-ն՝ Թբիլիսիին

Օգոստոս 02,2006 00:00

ԱՄՆ-ն
«քլնգում» է ՌԴ-ին, ՌԴ-ն՝ Թբիլիսիին ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական
Մեթյու Բրայզան նախօրեին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հանդես է եկել հօգուտ
Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ հավանություն
է տվել վերջերս Վրաստանի ՆԳՆ կողմից Կոդորի կիրճում անցկացվող գործողությանը, փոխանցում
է «Արմինֆո» գործակալությունը: «Հակամարտությունները պետք է կարգավորվեն
խաղաղ ճանապարհով, եւ Հարավային Օսիային ու Աբխազիային պետք է տրամադրվի բավարար
ինքնավարություն»,- հայտարարել է Բրայզան՝ ճշգրտելով, որ «դա կլինի ինքնավարություն
Վրաստանի կազմում՝ անկախության այն աստիճանով, որը նրանք ցանկանում են իրենց համար»:
Վերջինիս խոսքերով, ԱՄՆ վարչակազմը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը
եւ կարծում, որ Վրաստանի կառավարությունը պետք է շարունակի համագործակցությունը միջազգային
կազմակերպությունների հետ՝ իր տարածքում առկա հակամարտությունները կարգավորելու եւ
այդ տարածաշրջանների բնակչությանը համոզելու համար, որ իրենց անվտանգությունը լիովին
ապահովվելու է: Միեւնույն ժամանակ, Բրայզան նշել է, որ Մոսկվայի եւ Սուխումի հայտարարությունները
չեն նպաստում իրավիճակի կարգավորմանը: Ընդսմին, նա հույս է հայտնել, թե Մոսկվան կգնա
համագործակցության՝ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում: Թե որքանով կիրականանա
ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի վերոհիշյալ հույսը, պարզ է դառնում «Նոյյան տապանի»
հաղորդած հետեւյալ տեղեկատվությունից: Ըստ այդմ, ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն,
որում, մասնավորապես, ասված է. «Կոդորի կիրճում վրաց ղեկավարության գործողությունները
կարող են հանգեցնել իրադրության վտանգավոր սցենարով զարգացմանը, ուստի Ռուսաստանը
կոչ է անում դուրս բերել կիրճից վրացական ստորաբաժանումները: Մենք համաձայն ենք աբխազական
կողմի այն կարծիքին, որ վրաց ղեկավարության գործողությունները Կոդորի կիրճում եւ
նրա պլանները հեռանկարում կարող են հանգեցնել լարվածության նոր բռնկման եւ անկանխատեսելի
առճակատման պատճառ դառնալ»: Ապա նույն հաղորդման մեջ ռուսական կողմը կոչ է անում
«դուրս բերել վրացական ստորաբաժանումները Կոդորի կիրճից եւ շարունակել բանակցային
գործընթացը առկա ձեւաչափերի շրջանակում, ինչը պայմաններ կստեղծեր վրաց-աբխազական
հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորման ուղիով առաջ գնալու համար»: Հատկանշական
է, որ վերջին օրերին «վտանգավոր սցենարներից» մտահոգված, Ռուսաստանի քաղաքացիներից՝
կաբարդիններից, ադըղներից եւ հյուսիսկովկասյան այլ ազգությունների ներկայացուցիչներից
բաղկացած կամավորական խմբեր են ժամանում Աբխազիա: Ըստ «Կավկազպրեսի», նրանց գալուստը
ողջունել է ոչ այլ ոք, քան Աբխազիայի նախագահ Բագապշը: «Ռուսաստանի Հարավի եւ Հյուսիսային
Կովկասի ժողովուրդները պատրաստ են առաջին կանչով ռազմական օգնություն ցուցաբերել
եղբայրական աբխազ ժողովրդին»,- բացեիբաց սպառնացել է նա: Տ.
Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել