Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՊԱՅՔԱՐ ԽԱՂԱՂՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Օգոստոս 05,2006 00:00

«Նորվեգիայի գավաթի» խաղարկության հիմնադիրները
այս մրցաշարը կազմակերպելիս մարզական արդյունքներից գուցե ավելի շատ կարեւորել են
աշխարհի վրա խաղաղություն պահպանելը, երեխաների միջոցով երկրների միջեւ բարեկամություն
հաստատելը։ Եվ հենց դրա համար է այդքան մեծ հեղինակություն վայելում ամբողջ աշխարհում,
իսկ մասնակիցների հիշողության մեջ ավելի մեծ տպավորություններ են մնում ֆուտբոլային
խաղերից դուրս կատարվող իրադարձությունները։ «Նորվեգիայի գավաթի» միջոցառումներին
ամենաակտիվ մասնակցություն են ունենում թե՛ քաղաքական, պետական ու հասարակական գործիչները,
թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների, սպորտի, հատկապես ֆուտբոլի ղեկավարները։
Եվ ամենից հետաքրքիրն այն է, որ նրանք ամեն ինչի մասնակցում են շարքային քաղաքացու
կարգավիճակով, մոռացած պաշտոն ու դիրք, հերթ կանգնում այս կամ այն մրցախաղին, ատրակցիոնին
մասնակցելու համար։ Նրանցից է ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ, Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի
պատվավոր նախագահ Պեռ Օմդալը, ով անձամբ մարզահագուստ հագած Էքեբերգում խաղադաշտերի
կողքին մանկական ֆուտբոլային ատրակցիոն է վարում։ Պարոն Օմդալը առանձնահատուկ ջերմ
վերաբերմունք ունի հայ ֆուտբոլիստների հանդեպ։ Նա հրավիրեց մասնակցելու ռմբարկուի
հատկանիշներ բացահայտող իր վարած ատրակցիոնին, անձամբ դիմավորեց ամբողջ թիմին եւ
հազարավոր ֆուտբոլասերներին հորդորեց ծափողջույններով դիմավորել հայուհիներին ու
հաջողություններ մաղթել։ Օգտվելով առիթից՝ հանպատրաստից հարցազրույց ունեցանք
նրա հետ։ – «Նորվեգիայի գավաթի» խաղարկությունը վաղուց կայացած ֆուտբոլային
ամենախոշոր մրցումն է,- ասաց նա։- Նման միջոցառումները նպաստում են պատերազմների
կանխարգելմանը։ Բայց եթե պատերազմներ չլինեին, հիմա անհամեմատ այստեղ շատ ավելի երկրներ
ու մասնակից թիմեր կլինեին»։ Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է լուծվելու ֆուտբոլի
Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում Հայաստան-Ադրբեջան հանդիպման հարցը։ «Դա,
իրոք, խնդիր է,- պատասխանեց նա։- Բայց այդ խնդիրը պետք է լուծեն երկու երկրները։
Դեռ ժամանակ կա եւ ՈՒԵՖԱ-ն առայժմ սպասում է հանգուցալուծմանը։ Հայաստանն ու Ադրբեջանը
պարտադիր պետք է խաղան։ Դա ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի պահանջն է։ Եթե նրանք ընդհանուր հայտարարի
չգան, ՈՒԵՖԱ-ն կկայացնի իր վերջնական որոշումը, որը չկատարելու դեպքում կկիրառվեն
սահմանված պատժամիջոցները»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Օսլո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել