Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՈՒՄ Է՝ ՕԲՅԵԿՏԻՎ ՉԷ

Օգոստոս 08,2006 00:00

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ «Freedom house» միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցն օբյեկտիվ չէ: «Ցավոք, պետք է ասեմ, որ հերթական զեկույցը աչքի է ընկնում օբյեկտիվության պակասով»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ զեկույցի հեղինակները փաստել էին, որ «Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ՝ 1998 եւ 2003 թվականներին հռչակվել է լուրջ խախտումներով անցկացված նախագահական ընտրությունների հաղթող: Քաղաքական ընդդիմախոսները հրաժարվել են ճանաչել նրա լեգիտիմությունը: Քոչարյանի վարչակազմի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային հանրության կողմից շարունակաբար թերի է որակվում: Իրավիճակն այս բնագավառում ահագնացավ 2004 թվականին, երբ իշխանությունները աննախադեպ ճնշման ենթարկեցին Հայաստանի ընդդիմությանը՝ ներառյալ ձերբակալությունները եւ նույնիսկ բռնությունը»:

«Freedom house»՟ի այս զեկույցն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե խոսքը անծանոթ ինչ՟որ այլ երկրի մասին է, բայց ո՛չ Հայաստանի»,- ասել է նախագահի խոսնակը: «Ազատություն» ռ/կ-ի այն հարցին, թե զեկույցի կոնկրետ ո՞ր դրույթներն են նման տպավորություն ստեղծում, Վ. Սողոմոնյանը պատասխանել է. «Ես, ճիշտն ասած, չէի ցանկանա հիմա մանրամասներին անդրադառնալ: Կարծում եմ, ընդհանուր տպավորությունն արդեն բավական է»: Անցած հինգշաբթի օրը հրապարակված զեկույցի հեղինակները նշել էին, որ «անկախությունից հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր համընդհանուր ընտրությունները այս կամ այն չափով ուղեկցվել են լցոնումներով, քվեարկության կեղծումներով եւ նման այլ խախտումներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել